HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնֆետի թուղթ ու չոր սպիրտ գտնելուց հետո…

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Ովքեր կարդացել են գրքերս, կհիշեն տարբեր պատմություններ 90-ականների մահապատժի դատապարտվածների 5 խցերում գայատևողների մասին: Կհիշեն, թե տղաներից մեկը ինչպես էր մեծ գումարներով խուց ներթափանցած կարագը կերել, իսկ թուղթը չէր գցում՝ քսում էր մերկ մարմնին, որ ոչ մի գրամ սննդանյութ աղբարկղը չգնա, ինչպես էինք արագ-արագ ընտանիքիս ուղարկած մեղրը ուտում, իսկ ամանը պահում, որ հանկարծ չգտնեն, ինչպես էր սիբիրյան գաղութներով անցածը ձեռքով սարքած քանոնով հավասարաչափ կտրում 1996 թվականին 5 հազար դրամով բանտից առած երշիկը:

Զարմանալի է, բայց հենց փորփրում եմ հուշադարանս, պատմությունները, կարծես, անվերջանալի են: Ու քանի որ նախորդ նամակում նշել էի, որ մահապատժի տարիներին ծնողներս գտնում էին հնարը ոտավորի միջոցով ինձ սնունդ հասցնելու, հիշեցի, թե ինչպես էինք դատապարտված մի քանի ժամում ուտել ու սննդի բոլոր հետքերը՝ անգամ կոնֆետի թղթերը թաքցնել:

Տեսե՞լ եք «Խորանարդ» (Куб) ֆիլմը, որտեղ հերոսները մի օր հայտնվում են քառակուսի փակ սենյակի մեջ, հետո այդ սենյակի մի քառակուսի անցքի միջոցով ամեն անգամ տեղափոխվում են մեկ այլ, բայց ճիշտ ու ճիշտ նախորդի կրկնօրինակ խցիկ: Այդ դաժան էքսպերիմենտի վերջում պարզվում է, որ այդ անծայրածիր թվացող խցերը ոչ թե անվերջ են, այլ դրանք պտտվում են:

Երբ 2002 թվականից հետո թույլատրեցին մեզ՝ մահապատժի դատապարտվածներիս, հեռուստացույց ունենալ, լավ հիշում եմ, որ դատապարտյալներից մեկը՝ նախկին զինվոր, որը 18 տարեկանից՝ 1992 թվականից էր այս դժոխքում, կողքի խցից ձայն տվեց՝ Մհե՛ր, տելեվիզըրը միացրա, մեր մասին կինոյա… հենց «Խորանարդ» գիտաֆանտաստիկ ֆիլմն էր: Բայց այն, ինչ մենք ենք տեսել ֆանտաստիկա չէր, դա մեր իրականությունն էր. ուրեմն, 90-ականների «Նուբարաշեն» բանտի մահապատժի դատապարտվածների հատվածը նացիստական ճամբարներին հարիր էքսպերիմենտ էր անցնում, թե որքան կարող է մարդ արարածը գոյատևել սառնամանիքին, սովին, ծեծին, ամառվա շոգին, ասֆալտե հատակով խցում փակված՝ առանց օդափոխության, առանց զբոսանքի, առանց լողանալու, առանց ընտանիքի ու արտաքին աշխարհի հետ կապի, մռայլ, առանց բնական լույսի ու մաքուր օդի խցում:

1990-ականներին մեր հինգ խցերի հատվածը 5-րդ հարկում երկու կողմից առանձնացված էր պատերով և զարհուրելի հատվածի սև դռան մոտ նստած էր մի հսկիչ, որ ոչ ոք և ոչինչ ներս ու դուրս չներթափանցի… բայց ինչպես ասում են, փողը նույնիսկ մթության մեջ է լույս տալիս… հազվադեպ գիշերվա կեսին շատ կամաց բացվում էր սև դուռը և ոտնաթաթերի վրա աշխատակիցներից մեկը մոտենում էր մահվան 5 դռներից մեկին, շատ կամաց բացում էր դռան վրայի վալչոկը ու անաղմուկ փոխանցում էր փոքրիկ փաթեթ՝ սնունդ ու անպայման զգուշացնում՝ մինչև առավոտ հանկարծ բան չմնա… ինչպես ռեժիմնիկներից մեկն էր ասում. «Եթե ձեզ մի ոչխար էլ տանք, տասը րոպեից ոսկորներն էլ չեն մնա»: Տարիներով սոված, կաշի ու ոսկոր դարձած մարդիկ անմիջապես ուտում էին փաթեթի ողջ պարունակությունը: Այնպես, որ խնդիրը սննդի կտոր թողնելու մեջ չէր, այլ, օրինակ կոնֆետի թուղթ, մեղրի բանկա, չոր սպրիտ և այլն: Դրանք խցից գտնելը ծեծն ու ջարդն անխուսափելի էին դարձնում:

Ուրեմն, երբ թվում էր, թե ոտնաթաթերի վրա մահվան բաժին սողոսկած և խցերից մեկի որևէ բնակչին սնունդ փոխանցած աշխատակիցը աննկատ է մնացել, ապա բոլորովին այդպես չէր: Կար մեկն, ով հսկում էր 5-րդ հարկի անցուդարձը և այդ մեկը բանտի աշխատակից չէր: Մահապատժի բաժնի հնաբնակներից մեկը հայթայթել էր արգելված համարվող հայելու փոքրիկ կտոր, այն մի լարի էր ամրացրել, դռան վրայի ծակից դուրս էր հանում ու ողջ գիշեր հետևում, թե մահվան բաժնի միջանցքում կարող է հանկարծ սնունդ հայտնվել…իսկ սննդի փաթեթները բերում էին հենց գիշերով, որ որևէ մեկը չնկատի:

Այն խցում, որտեղ ամեն մեկի սոված փորում մի կտոր բան պետք է հայտնվեր, բոլորն ուրախացած սեղան էին նստում, ու հենց այդ պահին… անասելի ոռնոց էր լսվում, ու այնպիսի ոռնոց, որ թվում էր, թե գայլերի ոհմակ է մոտենում… հնաբնակն էր, որն իր հայելիով հետևում էր բոլորին. այդպես նա հասկացնում էր, որ ինքն ամեն բան գիտի… եթե հանկարծ իրեն ինչ-որ կերպ գոնե ինչ-որ սնունդ չփոխանցեին, տագնապ կբարձրացներ ու կհայտներ՝ որ աշխատակիցը որ խցին է գաղտնի մոտեցել ու սնունդ փոխանցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter