Հուշագիր՝ սփյուռքահայ երիտասարդների ներգրավման վերաբերյալ
Նպատակ ունենալով աշխարհասփյուռ հայ երիտասարդության ներուժը ներգրավել Հայաստանի իրականության և զարգացման գործընթացում` այսօր` սույն թվականի փետրվարի 22-ին, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը և «Դեպի Հայք» հիմնադրամի գործադիր տնօրեն Սևան Կաբակյանը ստորագրեցին հուշագիր ՀԱՄՀ ծրագրերում սփյուռքահայ երիտասարդների ներգրավման վերաբերյալ:
Համաձայն հուշագրի, ՀԱՄՀ-ը կապահովի անհրաժեշտ բոլոր պայմանները Հայաստանում նրանց արդյունավետ գործունեության համար, իսկ «Դեպի Հայքը» կհոգա երիտասարդների ճամփորդության, կեցության և ընթացիկ ծրագրերի կազմակերպումն ու ծախսերը:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավար Արման Խաչատուրյանի հավաստմամբ, «սույն համաձայնագրի կարևորությունը պայմանավորված է հայոց պետականության ամրապնդման, հայապահպանության և զարգացման գործում Հայաստան-սփյուռք գործակցության դերով ու նշանակությամբ: Մյուս կողմից, համահայկական գիտելիքահեն ցանցի ձևավորման, կայացման ու զարգացման համատեքստում, հայկական սփյուռքի գաղափարական և գիտելիքային ներուժի համախմբումը կարող է ծառայել որպես գիտելիքահեն և մրցունակ ազգային պետության կառուցման և կառուցակարգման երաշխիք»:
«Յուրաքանչյուր լուրջ համագործակցություն կնպաստի Հայաստանի զարգացմանը: «Դեպի Հայքը» իր ութամյա գործունեության ընթացքում ստորագրել է բազմաթիվ նման համաձայնագրեր, և այսօրվա այս կարևոր համաձայնությունը ևս մի նշանակալի օղակ է այդ շղթայի մեջ: Լիահույս ենք ապագա տարիների նկատմամբ»,- իր խոսքում նշեց Սևան Կաբակյանը:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել