HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Արցախցի դասախոսը պնդում է, որ իրեն ու կնոջն ազատել են աշխատանքից իր լրագրողական գործունեության պատճառով

Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանի (ՄՄՀ) տնտեսագիտության դասախոս Մարատ Եգանյանը պնդում է, որ նրան ու կնոջը` նույն համալսարանի Տնտեսագիտության, կառավարման և ԻՏ ֆակուլտետի դեկան Վիկտորիա Առուստամյանին, աշխատանքից հեռացրել են իր լրագրողական գործունեության պատճառով: Մասնավորապես՝ Arcakh24.info կայքում տեղադրած մի տեսանյութի պատճառով: Վիկտորիա Առուստամյանը հայցադիմում է ներկայացրել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի` խնդրելով անվավեր, անհիմն և անօրինական  ճանաչել աշխատանքային պայմանագրի լուծարման հրամանը և վերականգնել խախտված իրավունքները: Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ նախնական դատական նիստը: Այս հարցի շուրջ խոսել ենք 2018 թվականի օգոստոսին ստեղծված Arcakh24.info կայքի խմբագիր Մարատ Եգանյանի հետ:   

Ինչպե՞ս է սկսվել այս պատմությունը, որը հասել է դատարան։  

Ամեն ինչ սկսվում է «Սասնա ծռերի» մամուլի խոսնակ Վահագն Ավագյանի ստատուսից, որը մեր կայքում տեղադրված տեսանյութից Դոնարա Գաբրիելյանի խոսքերն է մեջբերում:

( *25 վայրկյանանոց տեսանյութում «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի և «Ռեգնում» լրատվական գործակալության արևելյան բաժնի գլխավոր խմբագիր Ստանիսլավ Տարասովի ՄՄՀ ուսանողության հետ հանդիպման ժամանակ Դոնարա Գաբրիելյանն ասում է. «Ղարաբաղն ավելի ժողովրդավար է, քան նույն Հայաստանը և նույն Ադրբեջանը, այդ իսկ պատճառով Ղարաբաղը Հայաստանին ու Ադրբեջանին միացնել չի կարելի: Ես համարում եմ, որ դա ճիշտ է, դե Ադրբեջանի մասին խոսքեր չկան: Այսօր Ղարաբաղը Հայաստանին միացնել չի կարելի, պիտի Հայաստանը կայանա….»:

«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը տեղադրել է Դոնարա Գաբրիելյանի լուսանկարը ու մեջբերել խոսքերը տեսանյութից. «Միացումը սխալ է, քանի որ Արցախը և՛ Ադրբեջանից, և՛ Հայաստանից ավելի ժողովրդավար երկիր է»: Այդ գրառման տակ 340 մեկնաբանություն են արել ու տարածել 154 անգամ: Որոշ մեկնաբանություններ վիրավորական բովանդակություն ունեին: - Հ. Ղ.) 

-Մոնտաժե՞լ  եք տեսանյութը:

-Մոնտաժել եմ ոչ թե խոսքերն աղավաղելու, այլ տեխնիկական խնդրի` տեսախցիկը շարժվելու պատճառով մեր երկու պետությունների դրոշներն եմ տեղադրել: 

-Ձեզ ու Ձեր կնոջը աշխատանքից ազատելը Դուք կապում եք այդ տեսանյութի հրապարակման հե՞տ, թե՞ տեսանյութը պարզապես առիթ էր:

-Տեսանյութը պարզապես հետադարձ մեխանիզմ էր: Իհարկե, մինչ այդ էլ դուր չէր գալիս իմ գործունեությունը, բայց ես հավասարակշռությունը պահպանում էի: Դժվարությամբ էր մարսում համալսարանի ղեկավարությունը, բայց մարսում էր, քանի որ կադրային խնդիրներ ուներ: Բացի այդ, Մեսրոպ Մաշտոց համալսարանի աշխատավարձերն այդքան էլ բարձր չեն, ցանկացողներն այդքան էլ շատ չեն:

Վահագն Ավագյանի գրառման տակ 200-300 մեկնաբանություն կար, Դոնարա Գաբրիելյանն այդ մեկնաբանություններում սպառնալիքներ հնչեցրեց: 

-Դոնարա Գաբրիելյանը մասնավոր համալսարանի ռեկտոր է և նման դեպքում չի՞ կարող ազատել աշխատանքից: 

-Ես որպես տնտեսագետ եմ ասում՝ ստրկատիրական համակարգը ամենաանարդյունավետն էր: Ինձ թվում է` էն ստրկատիրական ժամանակներից որոշակի առաջընթաց գրանցել ենք իրավունքների առումով:

-Բայց ինչո՞ւ խոսքի հնարավորություն չեք տվել ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանին, նա դժգոհություն էր հայտնում, որ իր տեքստն ամբողջությամբ չեք հրապարակել: Այդ դեպքում կարող էիք նրա հետ հարցազրույց անել: Ինչո՞ւ չարեցիք:

-Այդ հարցն ուրիշ ձևով եմ լուծելու, որոշ ժամանակ անց բոլորդ համոզվելու եք, որ նա նույն բանն է ասել, և ինքը դրա համար էլ է պատասխան տալու:

-Անհրաժեշտություն չկա՞ր խոսափող տրամադրել նրան:

-Ինչո՞ւ, եթե ամեն ինչ հանգելու է նրան, ինչին որ հանգեց: Ծանուցումներ, տարբեր տեսակ հաղորդումներ էինք ստանում, որ աշխատանքից ազատվելու ենք: Տվյալ անօրինություններին հակազդելու համար, ոնց ասում եք, լայնածավալ պատերազմին դիմադրելու ծրագիր մշակվեց:

-Ձեր հոդվածներից մեկը հենց այսպես է սկսվում՝ Arcakh24.info լրատվական կայքի դեմ ծավալվում է լայնածավալ պատերազմ: Դուք, իրոք, համարում եք, որ Ձեր դեմ լայնածավալ պատերա՞զմ են հայտարարել: Երբ ասում եք լայնածավալ պատերազմ, կոնկրետ ՄՄՀ-ն նկատի ունե՞ք, թե՞ պետական կառույցները: 

-Միանշանակ: Փաստորեն, մի ամբողջ ընտանիք փորձում են թողնել առանց եկամտի ու գոյատևման միջոցների: Ոչնչացման գաղափար կա էստեղ: Ոչ մի իրավապահ մարմին, ոչ մի անկախ լրատվամիջոց չի արձագանքում: Դա ո՞նց կգնահատեք: Հասարակության հակազդման ոչ մի միջոց չի աշխատում: Ստացվում է՝ լայնածավալ պատերազմ է:

«Մաշտոցը» միայն «Մաշտոցը» չէ: «Մաշտոցը» նաև նրան շրջապատող քաղաքական օղակներն ու ուժերն են:

-Օրինակ…

-Ես դեռ օրինակներ չեմ բերելու: Մաշտոցը ինտեգրված է տարբեր քաղաքական գործընթացներում, օրինակ` Դոնարա Գաբրիելյանը քաղաքական կուսակցության անդամ է, ընդ որում՝ ղեկավար կազմի:

-Արցախի ժողովրդավարական կուսակցությո՞ւնը (ԱԺԿ) նկատի ունեք:

-Այո: Մյուս կողմից էլ` լուրջ բարեկամական կապեր ունի մեկ այլ կուսակցության հետ: Կա նաև երրորդ քաղաքական ուժը, որը նույնպես ինտեգրված է այդ գործընթացներին, որոնք տեղի են ունենում համալսարանում:

Տարբեր մարդիկ, կառույցներ ու ուժեր չեն ցանկանում նկատել այս ամենը, աչքերը փակում են... Նրանք կամ համապատասխան ուղերձ են ստացել այդ ուժերից, կամ էլ ուղղակի չեն ուզում այդ ուժերի հետ ընդհանրապես կապ ունենալ: 

-Ձեզ թվում է, որ «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի հետևում այդ ուժե՞րն են կանգնած:

-«Մեսրոպ Մաշտոցն» այդ ուժերի հետ կապ ունի, միանշանակ: Եվ հետագայում «Մաշտոցը» փորձելու են օգտագործել իրենց քաղաքական տարբեր քարոզչությունների նպատակով: Համալսարանը, գիտե՛ք, ոնց են օգտագործում: Բավականին արժեքավոր գործիք է նրանց համար:

-Ձեր ու ձեր կնոջ աշխատանքից ազատման ու քաղաքական ուժերի միջև կապ տեսնո՞ւմ եք:

-Քաղաքական ուժերը տվյալ դրությամբ հանդիսանում են պատանդներ: Այսինքն` Դոնարա Գաբրիելյանն ինքնուրույն է որոշել անել այդ քայլը:

Մենք տեսնում ենք, թե ինչպես են ոչ պոպուլյար հայտարարություն անող քաղաքական գործիչներին քննադատում համացանցում, բայց ոչ մեկի գլխով չի անցնում մեղադրել լրատվամիջոցներին: Ընդ որում, այդ հանդիպմանը լրատվամիջոցներից այլ ներկայացուցիչներ էլ կային:

-Դուք Arcakh24.info-ն լրատվամիջոց համարո՞ւմ եք:

-Լրատվամիջոց է, միանշանակ:

-Հոկտեմբերի 28-ին նախնական դատական նիստն էր, ի՞նչ եղավ այդ նիստին։ 

-Ես ու կինս աշխատում էինք Մեսրոպ Մաշտոց համալսարանում, որը մեզ հետ երեք աշխատանքային պայմանագիր ուներ կնքած, որոնցից երկուսը վերաբերում էին մեզ՝ որպես դասախոսների, երրորդը վարչական աշխատանքի վերաբերյալ էր, քանի որ կինս՝ Վիկտորիա Առուստամյանը, դեկան էր:

Առաջին դեպքում պայմանագիրը կնքված էր մեկ տարով: Ժամկետը լրացել է, չեն երկարաձգել: Երկրորդ դեպքում խոսքը դեկանի պաշտոնի մասին է, երկու ֆակուլտետ միավորեցին ռեկտորատի որոշումով, նշանակեցին դեկան մեկ այլ անձի, կնոջս էլ տեղեկացրին, որ էլ չի աշխատում համալսարանում: Սրանք երկու տարբեր հարցեր են, բայց մենք դրանք դիտում ենք որպես մեկ խնդիր, քանի որ այդ երկու, միանշանակ, անօրեն որոշումները որակում եմ որպես հետապնդում:

Ֆակուլտետների միացման գործընթացը շատ լուրջ խախտումներով է տեղի ունեցել, քանի որ, «Աշխատանքային օրենսգրքի» համաձայն, պետք է նշվեր երկու հանգամանքներից մեկը: Կա՛մ պետք է նշեին, որ համապատասխան հաստիք չունեն, կա՛մ առաջարկեին երկրորդը՝ այդ հաստիքը: Չեն տեղեկացրել, դա օրենքի պահանջ է:

-2020 թվականի Արցախի նախագահական ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է, հնարավո՞ր է ցանկանաք քաղաքական գործընթացի մաս դառնալ։

-Ես որևէ մեկի քաղաքական կամպանիայի մաս չեմ, էս պահի դրությամբ ոչ մեկին չեմ սատարում, բոլոր թեկնածուներին էլ ունեմ հարցեր: Պարզաբանելու դեպքում կկողմնորոշվեմ աջակցելու հարցում, հնարավոր է: Մեր թիմը ոչ միայն լրագրությամբ զբաղվող թիմ է: Վերջերս մենք սատարում էինք Շուշիի քաղաքապետի թեկնածուներից մեկին: Ես ինտեգրված եմ երկու գործընթացներում, բայց Arcakh24.info-ից ոչ բոլորն են մասնակցում քաղաքական գործընթացներին:

-Հաջորդ դատական նիստը ե՞րբ է նշանակված: 

-Մենք հիմա բացարկ ենք հայտարարել դատավորին, քանի որ դատավորն արգելել է ձայնագրություն անել, ինչն ապօրինի է: Ամեն ինչ չէ, որ մեզ դուր չի եկել, որոշ բաներ դատավորը շատ ճիշտ էր անում ու արձագանքում:

Այսօր մենք բոլորին հայտնի դարձրինք, որ չի կարելի բաց դատական նիստի կողմ հանդիսացող մարդուն զրկել ձայնագրության իրավունքից: Դա շատ լուրջ խնդիր է, որովհետև դատական համակարգի աշխատակիցների մեծ մասը պնդում էր, որ դատարանի թույլտվությամբ են ձայնագրում: Բանը հասավ նրան, որ օրենսգիրքը բացեցինք ու ցույց տվեցինք համապատասխան հոդվածը:

Ստացվում է, որ նման խախտումները եղել են պարբերաբար, համակարգային բնույթ էին կրում: Մեր կայքը շարունակելու է մարդկանց ուղեղների հետ աշխատել, փորձելու է 21-րդ դար բերել նրանց ու հանել ստրկատիրական համակարգի մտածելակերպից:

ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը «Հետքին» խոստացավ հարցազրույց տալ դատարանի վճռից հետո: «Ես նրանց ոչ մի վատ բան չեմ ցանկանում»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter