HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյան. «Դատարանն առաջին հերթին այն դատավորն է, որի հետ քաղաքացին շփվում է»

Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավորներ Դանիել Մխեյանի և Արմինե Մելիքսեթյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մարիաննա Ստեփանյանի և Գառնիկ Ստեփանյանի երդման արարողությունը։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: «Դուք շատ բարձր պարտականություն եք ստանձնում: Պատասխանատվությունն այսօր շատ ավելի բարձր է, քանի որ մեր հանրության մեջ դատական համակարգի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ: Երբ խոսում ենք պետական կառույցի, պետության, ազգային պետության ամրության և նրա կայունության մասին, ապա դրա հիմնասյուներից մեկը դատական համակարգն է: Այն երկրները, որտեղ դատական համակարգը, որպես ամբողջություն, կայուն է, վստահելի է, անկախ է, այդ երկրներն իսկապես կայուն են»,-ընդգծել է նախագահը՝ ավելացնելով, որ ամուր և առողջ դատական համակարգի շնորհիվ շատ երկրներ կարողացել են իրենց դժվարություններին ու խնդիրներին սահուն կերպով լուծում գտնել:

«Ձեր և մեր բոլորիս խնդիրն է, որ մեր երկիրը դառնա իսկապես ոչ միայն ժողովրդավար, ոչ միայն ժամանակակից, այլև, նախ և առաջ, կայուն երկիր: Եվ այդ կայունության զգացողությունը քաղաքացին ստանում է դատարանի հետ շփվելիս: Որքան դատարանն անկանխատեսելի է, որքան թափանցիկ չէ, որքան ժամանակի իմաստով իրեն տրված գործառույթը չի ապահովում, այնքան անկայունություն ու անվստահություն է առաջացնում,-նշել է նախագահ Սարգսյանը:- Խնդիրները բազմաթիվ են, կան կառուցվածքային խնդիրներ: Կան նույնիսկ խնդիրներ, որոնք գուցե սահմանադրական են կամ օրենքների հետ են կապված: Բայց երբ խոսում են դատարանի մասին, այն վերացական մարմին չէ: Դատարանն առաջին հերթին այն դատավորն է, որի հետ տվյալ քաղաքացին կամ կազմակերպությունը շփվում են: Դու՛ք եք արդարադատության դեմքը, և, հետևաբար, տարբերվում եք ձեր առջև դրված պահանջներով, այն է՝ ապահովել անկախ, արդար և օրենքի տառին համապատասխան արդարադատություն: Յուրաքանչյուրիդ հաջողություն եմ մաղթում, բոլորդ երիտասարդ եք, ձեզ երկար տարիների անբասիր գործունեություն եմ մաղթում՝ ի փառս մեր հայրենիքի և երկրի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter