HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Խելացի» խոզաբուծարան Շիրակի մարզի Սարալանջ գյուղում

Նորակառույց քարաշեն «ծննդատան» չորքոտանի բնակիչների հանգստի ժամն է: Մայր խոզերը, որ փոքրիկ գոճիներին են կերակրում, ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում մարդկանց տեղաշարժին: Մայրերից առանձնացված 4-5 ամսական խոզուկները բնույթով առավել հետաքրքրասեր են եւ անմիջապես կուտակվում են դռնակների մոտ: 300 խոզ 900 քմ տարածքում` խոզաբուծարաններին ոչ բնորոշ մաքրությունն ու հոտի բացակայությունն ուղղակի զարմացնում են: Միջանցքում շարված են կերով լի դույլերը, որոնք կդատարկվեն միայն նշված ժամին՝ ըստ գրաֆիկի: Ջուր խմելու համար կենդանիներն իրենք են սեղմում հարկավոր կոճակը: Այստեղ մարդկային գործոնն ու աշխատանքային զբաղվածությունը հասցված է նվազագույնի:

Ամեն ինչ սկսվել էր 6 տարի առաջ՝ մեկ խոզից ու ընդամենը 100 հազար դրամ ներդրումից: Ռադիոֆիզիկ, 33-ամյա գյումրեցի Հարություն Սարգսյանի մտքով երբեւէ չէր անցնում, թե մի օր կզբաղվի խոզաբուծությամբ: «Խոզն այդ ժամանակ գնեցի ոչ թե ինձ, այլ հորեղբորս ընտանիքի համար: Մենք արմատներով Սարալանջ գյուղից ենք, Արթիկի տարածաշրջան: Գյուղում, պապիս տանն ապրում է հորեղբայրս եւ պիտի ասեմ, որ որպես գյուղացի՝ էդքան էլ հաջող չէին վարում իրենց տնտեսությունը, ապրուստի հարց կար: 2013թ.-ին որոշեցի մեկ խոզ գնեմ, նվիրեմ, մտածեցի` դե կբազմանա, կվաճառեն, կապրեն,- պատմում է Հարությունը,- խոզերը շատացան, բայց բիզնես կոչվածը ոնց որ թե չէր զարգանում: Որոշեցի ինքս զբաղվել դրանով»:

Հարությունն ասում է, որ մինչ այդ երբեք ծանոթ չի եղել խոզի տեսակներին, բուծման, պահման պայմաններին, անգամ վախեցել է ձեռք տալ կենդանուն: Երիտասարդը որոշում է չգնալ ավանդական ճանապարհով, չունենալ պարզապես մի տարածք, որ սովորաբար կոչվում է գոմ՝ բնորոշ հոտով, կից տարածքում կուտակված գոմաղբով, կեղտաջրերի բաց կամ փակ հոսքով, որն առկա է ցանկացած գյուղական տնտեսությունում, անգամ շատ մեծ խոզաբուծարաններում (օրինակ` Արդենիս գյուղի խոզաբուծարանը, որտեղ մինչ օրս լուծված չէ կեղտաջրերի համար սեպտիկ հորերի կառուցման հարցը, եւ դրանք լցվում են հարեւան լիճը- հեղ.):

«Սկսեցի կարդալ, ուսումնասիրել այլ երկրներում ընդունված փորձը եւ կանգ առա բակտերիաներով հատակի կառուցման գաղափարի վրա,- ասում է զրուցակիցս,- ես հեծանիվ չեմ հայտնագործել, ընդամենը տեղայնացրել եմ խոզաբուծարանի կառուցման մի եղանակ, որ վաղուց կիրառվում է Հայաստանից դուրս»: 2014թ.-ին փորձնական տարածքում՝ 3 քմ-ի վրա 1 մետր խորությամբ փոս է փորում, պատրաստում բակտերիաներով հատակ` գործածման սկզբունքը հասկանալու համար, որպեսզի հետագայում այն, ինչ արվելու էր ավելի մեծ տարածքի վրա, չխոտանվեր: Հայաստանում նմանօրինակ խոզաբուծարան, որքան որ տեղյակ է զրուցակիցս, չկա, մեկ օրինակի մասին, որ գործում է Արցախում, տեղեկացել է լրատվամիջոցներից:

«2015թ.-ին կառուցեցի փոքր գոմը, իսկ մեկ տարի առաջ էս մեծ տարածքը՝ ընդհանուր 900 քմ: Հատակը մեկ մետր խորություն ունի, որ լցված է ծղոտով, փայտե թեփ են օգտագործում շատ տեղերում եւ բակտերիաներ, որոնք սնվում են խոզի կեղտով,- բացատրում է Հարությունը,- ջերմությունն ապահովվում է ծղոտի ու բիոբակտերիաների միջոցով, դրա շնորհիվ էլ շինության ներսում հոտ չկա, որովհետեւ հատակին չկան կուտակված գոմաղբ եւ կեղտաջուր»:

Խոզաբուծարանի ողջ աշխատանքը հնարավոր է իրականացնել ընդամենը երկու հոգով: Կերը վաղօրոք պատրաստվում է եւ դույլերով դրվում խցերի առաջ՝ խոզերի տարիքը հաշվի առնելով: Ջուրը որեւէ տեղ չի լցվում՝ խոզն ինքն է իր մռութով սեղմում համապատասխան կոճակը: Հարցնում եմ` դժվար չէ՞ր կենդանիներին այդ մեթոդին վարժեցնելը: «Դե չէ, խոզերը շատ հետաքրքրասեր են, իրենք անընդհատ մռութով փորփրում են, ինչ-որ բան են փնտրում եւ ծարավը հագեցնելու նպատակով էլ անում են նույն գործողությունը: Այդպես, ասենք, մի 2-3 ժամվա ընթացքում կարողացան գտնել, թե որտեղից ու ինչպես պիտի ջուր խմեն: Հիմա արդեն բոլորը գիտեն»,- Հարությունը ծիծաղում է:

«Դյուրոկ», «տալենտ», «տեմպո» ցեղատեսակի խոզերը ծնված օրվանից մինչեւ մորթը ապրում են մաքուր միջավայրում: Դրա շնորհիվ կենդանու միսն առավել մաքուր ու համեղ է: Նշված ցեղատեսակները մսատու են, ունեն քիչ յուղայնություն, «դյուրոկ»-ի պարագայում ստացվում է շերտավոր միս: Հարությունը միսը շուկա չի հանձնում, ասում է՝ ինքը որակյալ արտադրանք է առաջարկում, որն ավելի թանկ է, քան շուկայում եղածը, բնականաբար, չի կարող նույն սանդղակով գնահատվել: Հիմնական գնորդները երեւանյան ռեստորաններն են եւ գերմանական տեխնոլոգիայով երշիկ պատրաստող մեկ կազմակերպություն:

«Ընդհանրապես ճիշտն այն է, որ ես ինքս ունենայի մսի սեփական ֆիրմային խանութ, ինչպես ընդունված է, ասենք, գերմանական մեծ ֆերմերային տնտեսություններում: Շղթան փակելու համար պետք է կերի արտադրությամբ էլ ինքս զբաղվեի, բայց էս պահին խնդիր ունեմ՝ Սարալանջում ազատ հողեր չկան: Ես հիմա փաստացի էդ շղթայի միջին օղակի զարգացմամբ եմ զբաղված՝ խոզաբուծությամբ, մոտ ապագայում գուցե կարողանամ նաեւ ֆիրմային խանութի հարցը լուծել, սակայն իդեալականն, իհարկե, կլիներ այն, որ կերի բազայի մեջ մտնող գարին, ցորենը, եգիպտացորենն ու արեւածաղիկն ինքս մշակեի` կախվածություն չունենայի այլ արտադրողներից»,- ասում է Հարություն Սարգսյանը:

Մեկնաբանություններ (2)

Yerevan2800
կուզենայի տեսնել մոտիկից, համաձայն եմ մաքուր կենդանի պահելու մշակույթի հետ
Մամիկոն
Հազիվ Հայաստան հասավ նորմալ մաքուր կենդանի պահելու մշակույթը։Ցանկացած կենդանի խելացի է ,մի անգամ տեսավ ջրի աղբյուրը իրա համար բնազդ կդառնա օգտվելը։Այդ նույն ձևի ջրի համակարգ օգտագործուն են ոչ միայն խոզերի , այլ շատ կենդանիների և թռչունների համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter