HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Չնայած ցածր գնաճին՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը չի փոփոխվել

Կենտրոնական բանկն օրեր առաջ քննարկել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու կամ իջեցնելու տարբերակները։ Որոշվել է այն անփոփոխ թողնել՝ 5.5 %: Որոշումը կայացվել է հոկտեմբերի 29-ին, որի մասին պարզաբանումները Կենտրոնական բանկը ներկայացրել է այսօր։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ նվազեցվել է այս տարվա սեպտեմբերին՝ 0.25 տոկոսային կետով։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով ԿԲ-ն վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին: Դրա նվազումը որոշ ժամանակ անց (սովորաբար դա ամիսներ է տևում) կարող է հանգեցնել բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների նվազմանը, ինչն իր հերթին կարող է որոշակիորեն նպաստել տնտեսության աշխուժացմանը։

Նախորդ անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման համար հիմք էին հանդիսացել ինչպես ցածր գնաճը, այնպես էլ՝ ներքին ու արտաքին տնտեսական այլ միտումներ։ Երբ գնաճի տեմպը բարձր է լինում, և կանխատեսվում է այդ տեմպի պահպանում կամ նորից աճ, ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ փորձելով զսպել գնաճը։ Իսկ ցածր գնաճը թույլ է տալիս իջեցնել տոկոսադրույքը։

Այս անգամ ևս դիտարկվել է ցածր գնաճ, սակայն ԿԲ-ն նախընտրել է պահպանել տոկոսադրույքի մակարդակը։ Հաշվի են առնվել գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները: ԿԲ-ի հաղորդագրության մեջ նշված է. «2019թ. սեպտեմբերին գրանցվել է 0.2 % գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3 %-ի դիմաց, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով 0.5 %: Ինչպես և նախորդ ամիսներին, սեպտեմբերին ևս ցածր գնաճին շարունակել են մեծապես նպաստել սեզոնային գյուղմթերքների գների ձևավորված ցածր մակարդակները: Մասնավորապես, «Բանջարեղեն» և «Միրգ» ապրանքախմբերի գները նվազել են՝ համապատասխանաբար 4.0 % և 1.9 %-ով (ընդհանուր նպաստումը գնաճին՝ -0.3 տոկոսային կետ), ինչն ուղեկցվել է նաև «Յուղեր և ճարպեր», «Կաթնամթերք», «Շաքար» և «Միս» ապրանքախմբերի գների նվազմամբ՝ համապատասխանաբար 5.8 %, 1.8 %, 1.7 % և 1.2 %-ով (ընդհանուր նպաստումը գնաճին՝ -0.37 տոկոսային կետ), ինչը հիմնականում կրել է պարենային ապրանքների միջազգային շուկայում այդ ապրանքների գների նվազման ազդեցությունը: Ամսվա ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճը փոքր-ինչ նվազել է, այդուհանդերձ, այն պահպանվել է ընդհանուր գնաճի համեմատ բարձր՝ 1.1 % մակարդակում»:

Նաև արձանագրվել է, որ հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 7.1 % մակարդակ, որին նպաստել են ծառայությունների և արդյունաբերության ճյուղի աճերը:

Հաջորդ գործոնը, որը հաշվի է առնվել վերաֆինանսավորման տոկոսադրույքի մակարդակը որոշելիս, արտաքին հատվածի զարգացումներն են։ Ըստ ԿԲ-ի՝ այդ հատվածում առկա անորոշությունները, համաշխարհային տնտեսության աճի դանդաղման միտումները պահպանվում են, ինչն արտահայտվում է նաև ապրանքահումքային միջազգային շուկաներում շարունակաբար թուլացող գնաճային միջավայրով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter