HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ֆերիկ համայնքի արոտավայրերն ամբողջությամբ վաճառվել են նախկին պաշտոնյաներին. իրավապահները քննություն են սկսել

Ազգային ավանդույթից ելնելով՝ եզդիները խոզ չեն պահում, սակայն տարիներ անց պարզվել է, որ ամբողջությամբ եզդիաբնակ Ֆերիկ համայնքում նախկին համայնքապետ Նորիկ Հայրապետյանը «պայքարել է» խոզերի «աֆրիկյան ժանտախտ» հիվանդության դեմ, հանձնաժողով է կազմել և դուրս գրված գումարները, ըստ համայնքի բնակիչների, յուրացրել: Հարուցվել են քրեական գործեր:

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքը մարզի միակ ամբողջությամբ եզդիաբնակ գյուղն է։ Ազգությամբ հայ Նորիկ Հայրապետյանը, որը հարևան Հայթաղ գյուղի բնակիչ է, 2000-2016թթ. եղել է Ֆերիկ համայնքի ղեկավարը: Երբ 2016 թ. ՏԻՄ ընտրությունների ժամանակ Հայրապետյանը չի վերընտրվել, ի հայտ են եկել մի շարք չարաշահումներ, որոնց մասին համայնքի ներկայիս ղեկավարն ու գյուղի բնակիչները հայտնել են իրավապահ մարմիններին:

49 բնակչի ստորագրությամբ դիմում-բողոք է ուղարկվել վարչապետին, Մարդու իրավունքների պաշտպանին, ուժային կառույցների ղեկավարներին, որտեղ բնակիչները մեկ առ մեկ թվարկել են համայնքի նախկին ղեկավարի չարաշահումները:

Ըստ գյուղացիների՝ չարաշահումներից մեկն այն է, որ նախկին ղեկավարը որպես համայնքապետարանի աշխատողներ է գրացել որդուն, հարսին, համայնքապետարանի նախկին հաշվապահի կնոջը, համայնքի բնակիչ չհանդիսացող բնակչի, որոնք, աշխատանքի չհաճախելով, որպես աշխատավարձ՝ ստացել են ընդհանուր 9 մլն 700 հազար դրամ գումար:

Ֆերիկի բնակիչ Զոհրաբ Շառոևը «Հետք»-ին պատմեց, որ Նորիկ Հայրապետյանի գործունեության ընթացքում գրեթե ամբողջությամբ ունեզրկվել է գյուղը։ Վաճառվել են արտովայրերը, այլ հողատարածքներ, համայնքին պատկանող գազի խողովակների մի մասը, էլեկտրահաղորդման սյուներն՝ իրենց լարերով:

Զոհրաբը պատմեց, որ մի քանի տարիների ընթացքում համայնքի բնակչությունից գաղտնի Ն. Հայրապետյանը Մանվել Գրիգորյանի եղբորորդիներին՝ Աժ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին և Արշալույս համայնքի ներկայիս ղեկավար Զարզանդ Գրիգորյանին, վաճառել է մոտ 197 հա արոտավայր՝ հիմնականում անասնապահությամբ զբաղվող համայնքի բնակիչներին ամբողջությամբ զրկելով արոտավայրի հնարավորությունից:

«Հեղափոխությունից անմիջապես հետո մեր գյուղ է եկել Արա Տագեսյան անունով սիրիահայ: Ասաց, որ ինքը Հրանտ և Զարզանդ Գրիգորյաններից ձեռք է բերել 197 հեկտար արոտավայրերը։ Ամբողջ գյուղը հավաքվեց, Տագեսյանին դժգոհեցինք, որ արոտավայրերը չէր կարող վաճառվել, ամբողջ գյուղը զրկվում է անասնապահության հնարավորությունից: Սկզբում ասաց, որ կգնա Գրիգորյաններից իր վճարած 10 % կանխավճարը հետ կվերցնի և գործարքը չի կայանա, այնուհետև հայտնեց, թե արդեն գնել է, տարածքում պիտի այգի հիմնի»,- ասում է Զոհրաբը և հավելում, որ այս պահին գյուղացիներն այդ տարածքներում արածեցնում են իրենց անասուններին, սակայն, երբ տարածքը ցանկապատվի, կամ ծառեր տնկվեն, անասունները կմնան առանց արոտի:

«Հողատարածքների հետ վաճառվել են նաև ճանապարհները: Գյուղի վերջում անասնագոմ կա, որ գոմի դուռը բացվում է, արդեն հայտնվում են գնված հողատարածքի մեջ: Եթե ցանկապատեց տարածքը, այդ մարդը չի կարողանա նույնիսկ իր գոմի դուռը բացել»,-ավելացնում է Զ. Շառոևը:

Գյուղացիները պատմում էին նաև, որ 197 հա արոտավայրի հետ միասին օտարվել է նաև այդ տարածքում գտնվող հին դամբարանատեղին, որը կարող էր ներհամայնքային կյանքի զարգացման համար դառնալ զբոսաշրջային գրավչության կենտրոն, որից եկամուտներ կարող էին ստանալ թե՛ համայնքի բնակիչները, թե՛ մուտքեր կլինեին համայնքային բյուջե։

Բացի վաճառված հողակտորները, Ֆերիկ համայնքի հաշվեկշռում գտնվող, գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող մոտ 20 հա մակերեսով հողակտորը նախկին համայնքապետի պաշտոնավարման տարիներին 25 տարի ժամկետով վարձակալության է հանձնվել Զարզանդ Գրիգորյանին։ Դրանք համայնքի ամենաբերրի հողերն են։ Գյուղացիների պնդմամբ՝ Զ. Գրիգորյանն էլ իր հերթին հողամասերը ենթավարձակալության է հանձնել այլ անձանց՝ ստանալով խոշոր եկամուտ։ Մինչդեռ վարձակալության պայմանագրով արգելված է եղել ենթավարձակալության իրավունքով հողամասն այլ անձանց հանձնելը։

Գյուղացիներն այս ամենի մասին գրավոր տեղեկացրել են երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին, իրավապահ մարմինների ղեկավարներին:

Ֆերիկի բնակիչները զայրացած էին հատկապես այն փաստից, որ օգտվելով Հայաստանում 2004թ.-ից 2015թ.-ն ընկած ժամանակահատվածում խոզաբուծության ոլորտում գրանցված «աֆրիկյան ժանտախտ» համաճարակի փաստից և քաջատեղյակ լինելով, որ Ֆերիկում խոզաբուծությամբ չեն զբաղվում, և երբևէ չեն զբաղվել՝ նախկին համայնքապետը փաստաթուղթ է կազմել Ֆերիկ համայնքում նշված ժանտախտի դեմ պայքարի հանձնաժողով ստեղծելու մասին, և գումարները փոշիացվել են:

Ֆերիկ համայնքի գործող ղեկավար Ռուստամ Հասանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղի վարչական տարածքը 405 հա է, որի կեսը արոտավայր է: Ըստ նրա՝ համայնքի հողերից 205 հեկտարը օտարել է նախկին համայնքապետը, և իրենք այդ մասին տեղյակ չեն եղել:

«Իմացել ենք 2016թ.-ից, երբ ես ընտրվեցի համայնքի ղեկավար: Պատահմամբ բացել եմ աճուրդի թղթերը և նկատել եմ: Բնակիչներին տեղեկացրել եմ, որ նմանատիպ բան կա: 2016թ. չէինք կարող բարձրաձայնել, քանի որ անօրենք էինք: Հեղափոխությունից հետո սկսել ենք պայքարը: Հողերը վաճառվել են Հրանտ Գրիգորյանին, նրա մայրիկին և եղբոր՝ Զարզանդ Գրիգորյանի կնոջը՝ Թամարա Գրիգորյանին: Ու վերջում հայտնվեց Արա Տագեսյանը և ասաց, որ նոր սեփականատերն ինքն է»,- ասում է Ռուստամ Հասանյանը:

Ֆերիկ համայնքի ղեկավարը նշեց, որ Գրիգորյանները հողակտորները Տագեսյանին վաճառել են իշխանափոխությունից հետո՝ 2018թ. նոյեմբերին: 

«Ավագանու անդամները բացատրում են, որ համայնքի նախկին ղեկավարը չի ասել, որ արոտավայրերն է վաճառում: Ասել է՝ ղռերում գտնվող 5-րդ կարգի հողերն է վաճառում, որ գյուղում աշխատանք տարվի: Դեմ է տվել փաստաթուղթը, ավագանու անդամներն էլ ստորագրել են»,- ասում է Ռուստամ Հասանյանը:

Ֆերիկ համայնքի ղեկավարը իրավապահներին փաստաթուղթ է ներկայացրել, համաձայն որի՝ Շամալ Հսոյանը 20.06.2006թ.-ին հայտ է ներկայացրել Ֆերիկ համայնքի 11 հողաբաժին հողամասերի աճուրդ վաճառքին մասնակցելու և դրանք գնելու համար։ Մինչդեռ Շամալ Հսոյանը ոստիկանության Վաղարշապատի բաժնում բացատրություն է տվել այն մասին, որ նման հայտ չի ներկայացրել, և փաստաթղթում առկա ստորագրությունը իրենը չէ, այլ կեղծված է։ Նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն:

Համայնքի ղեկավարի խոսքերով՝ բացակայում են հողերը վաճառելու համայնքի ավագանու նիստերի արձանագրությունները, որոշումների մի մասը ևս չկա: Չգիտեն էլ, թե ինչ գնով են հողերը վաճառվել, գումարները մուտք արվե՞լ են համայնքային բյուջե, թե՞ ոչ:

Ռ. Հասանյանը ևս հաստատեց, որ գյուղում երբևէ խոզապահությամբ չեն զբաղվել, հետևաբար աբսուրդ է խոզերի հիվանդության դեմ պայքարելու հանձնաժողով ստեղծելն ու գումարներն օգտագործելը:

Ֆերիկ համայնքի ղեկավարը նաև պատմեց, որ Նորիկ Հայրապետյանը 2012թ. գազի խողովակներ է բերել գյուղ՝ մոտ 5000 գծամետր, և ասել է, թե ցանկանում է համայնքում գազի ներքին ցանց անցկացնել: Գյուղն այդ տարիներին գազիֆիկացված չի եղել:

«Մի 1000 մետրի չափով խողովակներն անցկացրին, մնացած խողովակները եկան, տարան: Մեկ ամիս էլ չանցած՝ ուժեղ քամուց խողովակները շուռ եկան գետնին: Այդ ժամանակ, երբ «Հայռուսգազարդը» սկսեց գյուղը գազիֆիկացնել, Նորիկ Հայրապետյանը մնացած խողովակներն էլ բարձեց, տարավ իրենց տուն»,- ասում է Ռուստամ Հասանյանը:

Ֆերիկում պատմեցին, որ տարիներ առաջ համայնքին պատկանող Էլեկտրաէներգիայի տրանսֆորմատորը Նորիկ Հայրապետյանի թույլտվությամբ պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի եղբայրը՝ Աշոտ Գրիգորյանը (հայտնի է Ճանճ մականվամբ), հարակից էլեկտրասյուներով և լարերով ապամոնտաժել և տեղափոխել է այլ վայր՝ իր կարիքների համար օգտագործելու նպատակով:

Գլխավոր դատախազությունից «Հետք»-ին փոխանցեցին, որ Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը փոխանցելով Ֆերիկ համայնքի գործող ղեկավարի հայտնած տվյալները՝ դիմել է գլխավոր դատախազին՝ հողերի վաճառքի վերաբերյալ։ Դեպքի առթիվ 2019թ.-ի մարտի 27-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) հարուցվել է քրեական գործ։ 

Իսկ Ֆերիկ համայնքի մի խումբ բնակիչների դիմումի հիման վրա, որ նույն համայնքի նախկին ղեկավար Ն. Հայրապետյանը պաշտոնավարման ընթացքում վաճառել է գյուղի արոտավայրերը, յուրացրել գազի խողովակները, իր թույլտվությամբ Ջհանգիր Աղա և Րաֆֆու փողոցներում գտնվող ցերեկային լույսերի էլեկտրասյուները հոսանքի լարերի հետ ապամոնտաժվել են, համայնքապետարանի աշխատողներ է գրացել ազգականներին, որոնք աշխատանքի չհաճախելով՝ որպես աշխատավարձ ստացել են ընդհանուր 9 մլն 700 հազար դրամ գումար, ևս հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով աշտոնեական դիրքն օգտագործելով յուրացնելը):

«Նկատի ունենալով, որ երկու քրեական գործերը վերաբերում են մեկ անձի, երկու քրեական գործերը միացվել են՝ նախաքննությունը մեկ վարույթում իրականացնելու նպատակով»,- տեղեկացնում են գլխավոր դատախազությունից: Նշենք, որ այս պահի դրությամբ Ֆերիկի նախկին համայնքապետ Նորիկ Հայրապետյանին մեղադրանք չի առաջադրվել:

Պարզաբանում ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել Նորիկ Հայրապետյանի հետ, սակայն չհաջողվեց: Գրիգորյան եղբայրներն էլ զանգերին չէին պատասխանում: «Հետք»-ը պատրաստ է լսել նաև նրանց դիրքորոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter