
«Нежный» յոգուրտային արտադրանքը «կեղծված» է. տնօրենն ասում է՝ մակնշման անճշտություն է
Սննդամթերքի անվտանգությունը սկսվում է ապրանքի փաթեթից և մակնշումից։ Հենց դրանցից է սպառողն առաջնային տեղեկություն ստանում ապրանքի մասին։ Թեև մակնշման խախտումն անվտանգության տեսանկյունից դիտարկվում է որպես ցածր ռիսկային, սակայն «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքով մակնշման խախտմամբ սննդամթերքը համարվում է կեղծված։
«Հետք»-ը պարբերաբար ուումնասիրում է սննդամթերքի մակնշումները։ Այս անգամ խախտումներ ենք հայտնաբերել «Нежный» յոգուրտային արտադրանքում, ըստ այդմ՝ այն համարվում է կեղծված։
Մակնշման պահանջներն ամրագրված են Մաքսային միության 022/2011 տեխնիկական կանոնակարգում («Սննդամթերքը դրա մակնշման մասով») և «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում, որտեղ հստակ ահմանված է, որ Հայաստանում իրացվող ապրանքները պետք է ունենան պարտադիր հայերեն մակնշում, որը համարժեք է օրիգինալ մակնշմանը։
Այսինքն՝ այն պետք է բառացիորեն համապատասխանի օրիգինալ մակնշմանը, ընդհուպ մինչև՝ բաղադրատարրերի հերթականությունը, քանի որ մթերքում դրանք նշվում են՝ ըստ քանակի նվազման։
Նույն՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը սահմանում է այն տեղեկությունների ցանկը, որոնք պարտադիր պետք է նշված լինեն ապրանքի փաթեթի վրա։ Դրանք են, օրինակ՝
* Անվանումը, զտաքաշը և ծավալը
* Հիմնական բաղադրիչների ցանկը
* Սննդային և կենսաբանական հավելումների ցանկը (եթե այդպիսիք կան)
* Արտադրման տարեթիվը, ամիսը, օրը, պահման պայմանները, ցուցումներ պահպանման ժամկետների մասին, եթե այդպիսիք կան
* Պիտանիության ժամկետը:
Եթե մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության, ապա այդպիսի սննդամթերքը համարվում է կեղծված: Քանի որ հայերեն մակնշումը համարժեք է օրիգինալին, ապա հայերենի անհամապատասխանությունը ևս վկայում է ապրանքի կեղծված լինելու մասին։
«Нежный» յոգուրտային արտադրանքն արտադրում է «Campina» ընկերությունը։ Հայաստանում ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է «Բրենդ Լիդեր»-ը։ Վերջինս պատասխանատու է ապրանքի վրայի հայերեն մակնշման համար։
Յոգուրտը կաթնաթթվային արտադրանք է՝ կենդանի բակտերիաներով, որոնց պարունակությունը ժամկետի ավարտին պետք է լինի առնվազն 10⁷ ԳԱՄ/գ կամ 10,000,000 միկրոօրգանիզմ` 1 գ յոգուրտում: Այն օգտակար է, պարտադիր պարունակում է մերան, իսկ պահպանման ժամկետը մի քանի օր է:
Յոգուրտային արտադրանքը կենդանի բակտերիաներ և մերան չի պարունակում, այն անցնում է ջերմային մշակում, պարունակում համի կարգավորիչներ և բուրավետիչներ: Պահպանման ժամկետը՝ մինչև 6 ամիս:
«Нежный» յոգուրտային արտադրանքի (բանան և ելակ տեսակում) ապրանքի օրիգինալ մակնշման մեջ բաղադրությունը հետևյալն է․
[Oրգինիալ]Յուղազերծված կաթ, ջուր խմելու, շաքար, գլյուկոզաֆրուկտոզային օշարակ, պնդեցուցիչ դիկրախմալադիպատ ացետիլացված. չոր կաթնային շիճուկ, լցոնիչ (ջուր խմելու, բանանի հյութ կոնցենտրացված, բուրավետիչներ, ելակի հյութ կոնցենտրացված,) պնդեցուցիչ դիկրախմալադիպատ, ներկանյութեր՝ կարմիներ և կարոտիններ։
Հայերեն մակնշման մեջ այս բոլոր բաղադրատարրերից օրիգինալին համապատասխանում են միայն երեքը. կաթնային չոր շիճուկը, շաքարը և ացետիլացված դիկրախմալադիպատ (հայերենում՝ E1422 կարգավորիչ) այն էլ՝ ոչ ճիշտ հերթականությամբ:
[Հայերեն] Նորմալիզացված և վերականգնված կաթ, շաքար, E1422 կարգավորիչներ, պեկտին և կալցիումի քլորիդ, չոր կաթնային շիճուկ, մրգային հավելումներ (դեղձի, ելակի, բալի, հյութով, E1422 կարգավորիչ, բնական համանման արոմատիզատոր, նատրիումի զիտրիտ, բետ-կիտրոնի և կարբին ներկանյութեր ), թթվայնության կայունացուցիչներ՝ կաթնային թթու, մերան:
Հայերեն մակնշման մեջ, չգիտես ինչու, ավելացել է դեղձի, բալի հյութը, կաթնային թթուն, մերանը և այլն։ Իսկ կարգավորիչը նշված է միայն համարով, բացի այդ, յոգուրտային արտադրանքը չի կարող պարունակել մերան:
Ըստ օրիգինալ մակնշման՝ յոգուրտային արտադրանքն արտադրված է ТУ 10.51.56-045-18255315-2017 ստանդարտներով (технические условия, տեխնիկական պայմաններ, հեղ.), որոնք վերաբերում են պաստերիզացված յոգուրտային արտադրանքին։ Հայերեն մակնշման համաձայն՝ յոգուրտային մթերքն արտադրվել է ՏՈւ 9224-007-18255315 ստանդարտներով, որոնք վերաբերում են բոլորովին այլ տեսակի՝ ստերիլիզացված յոգուրտային ըմպելիքներին։
Օրիգինալ մակնշման մեջ արտադրողն ասում է՝ պահել մթերքը +2C-ից +25 C աստիճանում, հայերեն մակնշման մեջ նշված է՝ +4C-ից +25 C աստիճան։ Բացի այդ, օրիգինալ մակնշման մեջ 100գ-ում ապրանքի սննդային արժեքն է 75 կկալ (0.1գ ճարպ, 2,5գ սպիտակուց, 16գ ), իսկ հայերենում՝ 72 կկալ (0.1գ ճարպ, 2 գ սպիտակուց, 14,6 գ):
Ապրանքի ո՛չ հայերեն բաղադրությունը, ո՛չ արտադրման ստանդարտները, ո՛չ պահման պայմանները և ո՛չ էլ սննդային արժեքը չեն համապատասպանում օրիգինալ մակնշմանը։ Բայց քանի որ հայերեն մակնշումը օրենքի համաձայն հավասարազոր է օրիգինալ մակնշմանը, և ապրանքի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության, ապա «Нежный» յոգուրտային արտադրանքը (բանան և ելակ) կեղծված է և խախտում է «Սննդամթերք անվտանգության մասին» օրենքը, ինչպես նաև՝ ՄՄ ՏԿ 022/2011 տեխնիկական կանոնակարգը:
Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ «Campina» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Բրենդ լիդեր»-ից։ Սկզբում ընկերությունից ժամանակ խնդրեցին հարցն ուսումնասիրելու համար, ապա հայտնեցին, որ այս փաստն իրենց համար էլ է նորություն.
««Нежный»-ից մենք մի քանի տեսակ ունենք՝ ըմպելի, ունենք ուտելու, յուղայնություններ, տեքստեր, ուղարկում ենք տպագրություն, ըստ երևույթի, դրանով պայմանավորված, ինչ-որ անճշտություն է եղել,- մեզ հետ զրույցում նշեց ընկերության կոմերցիոն տնօրեն Սոֆյա Կարապետյանը:- Հիմա տվել եմ, որպեսզի խմբագրեն ամբողջը, նոր խմբաքանակների վրա արդեն դա պիտակվի»։
Մեր այն հարցին, արդյոք այն խմբաքանակը, որը սխալ մակնշմամբ արդեն վաճառքի է դուրս եկել, շարունակելու է մնալ խանութներում, Ս. Կարապետյանը պատասխանեց, որ այո, իրենք հետկանչ չեն անելու, իսկ խանութում վերապիտակում անելը դժվար կլինի.
«Միևնույն է, բաղադրությունը մնում է էն, ինչ որ կա,- ասաց Ս. Կարապետյանը,- դրանք բոլորը սերտիֆիկացված ապրանքներ են, բոլոր խմբաքանակները, բացի ռուսաստանյան սերտիֆիկատներից, նաև համապատասխանության սերտիֆիկատ են ստանում նաև Հայատանում։ Այսինքն, բովանդակությունը փոխելուց մենք ինչ-որ բան ոչ շահում ենք ու որևէ հետաքրքրություն կամ շահ դրա մեջ չունենք։ Մի խոսքով, ընդամենը պիտակների սխալ զակազ է տրվել»:
Սոֆյա Կարապետյանը հայտնեց, որ խմբաքանակը մեծ չի եղել, և որ նորերը պիտակավորելիս արդեն «նորմալ պիտակներ» կլինեն՝ հավելելով, որ առաջիկա 2 շաբաթների ընթացքում սխալ մակնշված խմբաքանակը կսպառվի: Հավելենք, որ «Нежный» յոգուրտային արտադրանքի պիտանելիության ժամկետը 4 ամիս է, և մեր ուսումնասիրության ժամանակ դրա և ոչ մի տեսակի հայերեն մակնշումը չէր համապատասխանում օրիգինալին:
Մեկնաբանել