HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանում հնդկաձավարը կտրուկ թանկացել է. պատճառները տանում են դեպի Ռուսաստան

Հայաստանում վաճառվող հնդկաձավարի գինն այս տարվա սեպտեմբերի վերջերից աստիճանաբար բարձրացել է։ Հատկապես վերջին երկու շաբաթում այն կտրուկ թանկացել է։ Եթե մեկ տարի առաջ  խանութներում հնդկաձավար կարելի էր գնել միջինը 200-300 դրամով, ապա այսօր այն 550-650 դրամի սահմաններում է։ Իսկ փաթեթավորված հնդկաձավարի որոշ տեսակների գինը 1000 դրամից բարձր է։ Այլ խոսքով՝ հնդկաձավարը կրկնակի թանկացել է։

Թանկացումն արձանագրել է նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՀՀ ՏՄՊՊՀ): Ինչպես «Հետք»-ին տեղեկացրեց հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը, մրցակցության հանձնաժողովը թեև չի ուսումնասիրում հնդկաձավարի շուկան, սակայն մի շարք ապրանքատեսակների իրացման գների դիտանցումներ է իրականացնում «Երևան սիթի», «Սաս» և «Նոր Զովք» սուպերմարկետներում։ Այդ ապրանքների շարքում է նաև հնդկաձավարը։

«2018 թվականի նոյեմբերին վերոնշյալ սուպերմարկետներում հնդկաձավարն իրացվել է 210-255 դրամով: 2019 թվականի նույն ժամանակահատվածում «Երևան սիթի» սուպերմարկետում հնդկաձավարի իրացման գինը կազմել է 550 դրամ: Միաժամանակ նշենք, որ գնային փոփոխություն արձանագրվել է սեպտեմբերի 20-ից, այն կազմել է 450 դրամ, մինչ այդ հնդկաձավարի գինը կազմում էր 290 դրամ, իսկ հոկտեմբերի 11-ից մինչ այսօր «Երևան սիթի» սուպերմարկետում իրացվում է 550 դրամով»,- տեղեկացրեց Անի Սմբատյանը։

Ըստ նրա՝ քանի որ ՏՄՊՊՀ-ն այս պահին ուսումնասիրություններ չի իրականացնում հնդկաձավարի շուկայում, չեն կարող նշել թանկացման պատճառները։

Փոխարենը թանկացման պատճառները մատնանշում են ինչպես շուկային առնչվող փորձագետներն, այնպես էլ՝ հնդկաձավարի մատակարարները։ Պատճառների ուսումնասիրությունը տանում է դեպի Ռուսաստան, որտեղից էլ ներմուծվում է Հայաստանում սպառվող հնդկաձավարի գերակշիռ մասը։

Քիչ բերք, բարձր գներ՝ Ռուսաստանում

Ինչպես տեղեկանում ենք ռուսաստանյան մամուլի հրապարակումներից և պաշտոնական հաղորդագրություններից, վերջին ամիսներին ռուսական արտադրության հնդկաձավարի գինը զգալի բարձրացել է։ Ռուսաստանի պետական վիճակագրական ծառայության՝ Ռոսստատի տվյալներով, այս տարվա հոկտեմբերի ընթացքում հնդկաձավարի գինը Ռուսաստանում աճել է 7.3 %-ով։ Իսկ հոկտեմբերի վերջից մինչև նոյեմբերի 5-ն այն թանկացել է ևս 2.8 %-ով։ Մինչ այս թանկացումները՝ 2017 թվականից ի վեր, հնդկաձավարի գները Ռուսաստանում նվազել են։

Ռուսական «Վեդոմոստի» պարբերականի հարցումների ժամանակ հինգ խոշոր առևտրի կենտրոններից հայտնել են, որ ներկայում, սեպտեմբերի սկզբի համեմատ, հնդկաձավարի վաճառքի գները բարձրացել են 20-25 %-ով։ Աճում են ինչպես կիլոգրամով, այնպես էլ՝ փաթեթավորված հնդկաձավարի մեծածախ գները, որն էլ իր հերթին հանգեցնում է մանրածախ գների աճին։ Այս տարվա հոկտեմբերին մեկ կիլոգրամ հնդկաձավարի մեծածախ գինը Ռուսաստանում հատել է 40 ռուբլիի շեմը այն պարագայում, երբ նախորդ տարվա նույն ամսին կազմել է 24–24.1 ռուբլի։

Կրկին ռուսաստանյան մամուլի հրապարակումներից տեղեկանում ենք, որ ֆերմերները հնդկաձավարի էական թանկացումը պայմանավորում են այս տարվա ցածր բերքատվությամբ։ Ռուսաստանի հակամենաշնորհային դաշնային ծառայությունը, թեև արդեն իսկ նշել է, որ հնդկաձավարի շուկայում հակամենաշնորհային օրենքի խախտումներ ի հայտ չեն եկել, սակայն խոստացել է լրացուցիչ ուսումնասիրել շուկայում մասնակիցների վարքագիծը։ Ծառայությունը նաև վստահեցրել է՝  Ռուսաստանում հնդկաձավարի դեֆիցիտ չկա։ Ընդ որում՝ նրանց հաշվարկներով, Ռուսաստանում առաջիկա երկու տարում հնդկաձավարի դեֆիցիտ չի սպառնում նույնիսկ այն պարագայում, եթե հնդկաձավարի արտադրությունն ամբողջությամբ դադարեցվի. նախորդ տարիներին կուտակված պաշարները թույլ են տալիս երկու տարի ապահովել ներքին պահանջարկը։ Այդուհանդերձ, կանխատեսվում է, որ գները բարձր մակարդակում կմնան առնվազն մինչև այս տարեվերջ։

Ռուսաստանում փորձագետները նաև կանխատեսում են հնդկաձավարի բերքի ու ցանքատարածությունների ավելացում եկող տարվանից, ինչը արդեն տարվա վերջում կարող է հանգեցնել գների որոշակի անկման։ Փորձը ցույց է տվել, որ ֆերմերներն արագ են արձագանքում շուկայում տեղի ունեցող գնաճին և ձգտում են ավելացնել ցանքատարածությունները, երբ հնդկաձավարի գները բարձր են լինում։ Սակայն մի քանի տարի անց հնդկաձավարի գները կրկին նվազում են բարձր առաջարկի պատճառով, և ֆերմերների մի մասը հրաժարվում է դրա արտադրությունից։ Այստեղ կրկին սկսվում է նույն ցիկլը՝ գները բարձրանում են, ցանքատարածություններն՝ ավելանում։

Հայկական շուկայում անմիջապես զգացվեց «ռուսական» թանկացումը

Ռուսաստանում հնդկաձավարի գնաճը շատ արագ հասավ նաև Հայաստան, քանի որ այստեղ սպառվող հնդկաձավարի հիմնական մասը ներկրվում է հենց Ռուսաստանից։ Հայաստանի մաքսային ծառայության հրապարակած վերջին տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանը ներմուծել է 827.5 տոննա հնդկաձավար (հնդկացորեն), որից 822.4 տոննան՝ Ռուսաստանից։ Այսինքն՝ ներմուծվող հնդկաձավարի գրեթե ամբողջ քանակը (99.4 %-ը) Ռուսաստանից է։

Ինչ վերաբերում է տեղական արտադրությանն, ապա այն, համեմատ ներմուծվողի, փոքր մասնաբաժին ունի սպառման մեջ։ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած տարեկան տվյալներից տեղեկանում ենք, որ 2018 թվականին Հայաստանում հնդկաձավարի ցանքատարածություններից ստացվել է ընդամենը 65 տոննա բերք։ 2017-ին, օրինակ, ստացված բերքն անհամեմատ ավելի շատ է եղել՝ մոտ 480 տոննա։ Թե 2018 թվականին որքանն է մշակվել, չի հրապարակվում։ Նույնիսկ, եթե համարենք, որ այն ամբողջությամբ վերամշակվել է, ապա կստացվի, որ Հայաստանում տարեկան սպառվող հնդկաձավարի միայն 8 %-ն է ապահովել տեղականը։ Սակայն, իրականում, տեղական արտադրությունը 8 %-ից շատ ավելի փոքր բաժին ունի սպառման մեջ, քանի որ հնդկաձավարի վերամշակման երկու գործարանները՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, թերի սարքավորումների պատճառով չեն կարողանում ամբողջությամբ վերամշակել և անհրաժեշտ բարձր որակի հնդկաձավար ստանալ. սա է պատճառը, որ 2018-ին, 2017-ի համեմատ, գյուղացիների մեծ մասը հրաժարվել է հնդկաձավար աճեցնել։ Ի դեպ, պաշտոնական տվյալների հիման վրա հնդկաձավարի շուկայի իրական թվային պատկերը հասկանալը բավականին բարդ է, քանի որ մի կողմից ներմուծման ծավալներն են  փոքր թվում, մյուս կողմից՝ տեղական արտադրության՝ մշակված հնդկաձավարի տվյալները չկան։ Ամեն դեպքում, փաստ է, որ Հայաստանում սպառվող հնդկաձավարը մեծ մասամբ ռուսական արտադրության է։

Հետևաբար, ռուսական շուկայում հնդկաձավարի գների բարձրացման հետևանքով թանկանում է նաև հայկական շուկայում սպառվող ռուսական հնդկաձավարը։ Ու քանի որ Ռուսաստանում սպասվում է, որ գների այդ բարձր մակարդակը կպահպանվի առնվազն մինչև այս տարեվերջ, ենթադրվում է, որ նույն իրավիճակը կլինի նաև հայկական շուկայում։

Սովորաբար, հայկական շուկայում սպառման ապրանքների գնային էական տատանումների դեպքում դիտարկվում է նաև հակամրցակցային երևույթների հավանականությունը, առավելապես՝ դեմպինգի, երբ մի քանի տնտեսվարողներ պայմանավորվածություն են ձեռք բերում միասնական գներ սահմանել այլ տնտեսվարողների շուկայից դուրս մղելու համար։ Սակայն դա արվում է գներն իջեցնելու միջոցով, իսկ այս պարագայում հնդկաձավարի գները էականորեն բարձրացել են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter