HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մանկապարտեզը չի կարողանում ցանկապատել տարածքը. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը դեմ է

Երևանի թիվ 93 մանկապարտեզի տնօրինությունն արդեն մի քանի օր է` չի կարողանում ցանկապատել մանկապարտեզի տարածքը, քանի որ հարևանությամբ գործող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները արգելում են շինարարական աշխատանքները: Սաներն ասում են, որ դրանով կխոչընդոտվի իրենց տեղաշարժը։

Ցանկապատի կառուցման համար մանկապարտեզը հոկտեմբերի 9-ին Երևանի քաղաքապետարանից շինթույլտվություն է ստացել։

Թիվ 93 մանկապարտեզի տնօրեն Մանուշակ Ստամբոլցյանն ու ծնողներն ասում են, որ շինարարության արգելքը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի կամայական որոշումն է, քանի որ նա ցանկանում է իրագործել իր «Կանաչ դպրոց» ծրագիրը՝ կանաչ տարածք ունեցող համալիրում մեկտեղելով կրթական և նախակրթական հաստատությունները։

Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները պնդում են, որ մանկապարտեզի շենքը պետք է ցանկապատվի և հարակից ուսումնական հաստատություններից առանձնացվի, քանի որ տարածք մուտք են գործում տեղի բնակիչներն ու անծանոթ մարդիկ, ովքեր աղմկում և խանգարում են երեխաների հանգիստը։ Ծնողներին մտահոգում են նաև տարածքում շրջող շները:

«Երբ աշխատակազմը առավոտյան շուտ գալիս է մանկապարտեզ, փայտերով են ներս մտնում, որպեսզի կարողանան շների ոհմակից անցնեն։ Այդ ցանկապատը պետք է պահպանի երեխաների անվտանգությունը»,- մեզ հետ զրույցում նշեց թիվ 93 մանկապարտեզի տնօրեն Մանուշակ Ստամբոլցյան։

Մանկապարտեզի տարածքի ցանկապատման աշխատանքները սկսվել են նոյեմբերի 8-ին և դադարեցվել՝ կրթահամալիրի աշակերտների և ուսուցիչների բողոքի ակցիայի պատճառով։ Նրանք կենդանի պատ են կազմել՝ արգելելով շինարարներին ցանկապատները տեղադրել։ «Իրենց մանկավարժները բանվորների ձեռքից խլեցին գործքիները, անչափահաս երեխաներով կենդանի պատ կառուցեցին և չթողեցին շինարարությունն ընթանա»,- նշեց Մանուշակ Ստամբոլցյանը։

kendani_pat.jpg (45 KB)
Աշակերտների կազմած կենդանի պատը

Ըստ մանկապարտեզի տնօրենի՝ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը դեմ է մանկապարտեզի տարածքի ցանկապատմանը՝ պնդելով, որ իր աշակերտները մի մասնաշենքից այլ մասնաշենք տեղափոխվելու ճանապարհ չեն ունենա։ Սակայն Ստամբոլցյանը հակադարձում է, որ մանկապարտեզի գործարկումից ի վեր այն ցանկապատված է եղել, և դրանք հեռացվել են Աշոտ Բլեյանի որոշմամբ 2017 թվականին։ Մանուշակ Ստամբոլցյանն ասում է՝ այդ ժամանակ Բլեյանը խոստացել էր տարածքի բարեկարգումից հետո ցանկապատը նորից տեղադրել։

«Այսպես ասեմ՝ այն ժամանակ էլ ուզեց, քանդեց։ Բարեկարգումն արդեն մեկ տարի է՝ ավարտվել է, սակայն ցանկապատ չի տեղադրում։ Ասում է՝ պետք չի ցանկապատ, հանրային տարածք է, իմ սաների ճանապարհը փակում եք դուք։ Բայց երեսուն տարի տվյալ դպրոցի սաները այլ ճանապարհ ունեցել են»,- ասաց մանկապարտեզի տնօրեն Մանուշակ Ստամբոլցյանը։

Առողջապահության նախարարի 2002 թվականի հրամանով սահմանվում է, որ մանկական նախադպրոցական կազմակերպության հողամասը պետք է ունենա 1,6 մետրից ոչ ավելի բարձրությամբ ցանկապատ:

Ինչու են ծնողները պահանջում ցանկապատել մանկապարտեզի տարածքը

Մանկապարտեզի ծնողները մեզ հետ հանդիպմանը բողոքում էին, որ անծանոթ մարդիկ մանկապարտեզի տաղավարներում գարեջուր են խմում, ծխում, հայհոյում։

Մանկապարտեզի ծնողկոմիտեի նախագահ Նարինե Սարգսյանը անհանգստացած է բոլոր երեխաների անվտանգությամբ, այդ իսկ պատճառով մի շարք ծնողների հետ դիմել էր մանկապարտեզի տնօրենին՝ խնդրելով ցանկապատել մանկապարտեզի շենքը, արգելելով այլ անձանց մուտք գործել տարածք․

«Մենք տեսնում ենք շների ոհմակ, անծանոթ մարդկանց անընդհատ ելումուտ, ովքեր վատ օրինակ են ծառայում մեր երեխաներին․ լինում են գինովցած, շշերով, ծխախոտով»,- ասում է Նարինե Սարգսյանը։

Մանկապարտեզի 37 տարվա դաստիարակ Սիրվարդ Հակոբյանն էլ պատմեց, որ շների հարձակման դեպք մի քանի անգամ է եղել, վերջինը՝ գարնանը, երբ շները հարձակվել և վնասել էին երեխային տուն տանելու եկած տատիկին, ով ուշագնաց էր եղել։

Ինչու է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը դեմ մանկապարտեզի տարածքի ցանկապատմանը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հերքեց, որ ինքն է երեխաներին դրդել կենդանի պատ կազմել՝ արգելելով տարածքի ցանկապատումը։ Ասաց՝ դա եղել է երեխաների իրենց չցանկապատելու պահանջը։

Աշոտ Բլեյանը չթաքցրեց, որ եթե մանկապարտեզի ցանկապատման աշխատանքը վերսկսվի, ինքը՝ որպես կենդանի պատ, կկանգնի ցանկապատերի տեղադրման վայրում։ «Ասելու եմ՝ հարգելի իշխանություն, եկեք, ցույց տվեք այն ճանապարհը, որով ամեն օր ես պետք է անցնեմ»,- ընդգծեց Աշոտ Բլեյանը։

Կրթահամալիրի տնօրենն ասում է՝ մինչ իրենց մասնաշենքերի համար տեղաշարժի ճանապարհ չհատկացվի, մանկապարտեզի տարածքը չպետք է ցանկապատվի, քանի որ այդ տարածքով աշակերտները գնում են մի մասնաշենքից մյուսը։

Բլեյանը հերքեց նաև, որ 2017 թվականին տարածքի բարեկարգման ժամանակ ծնողներին խոստացել է հեռացվող ցանկապատը կրկին տեղադրել։

«Ցանկապատը փակում է մեր տարածքը, մեզ ճաղերի մեջ է առնում, որովհետև մենք զրկվում ենք ամենօրյա անվտանգ ճանապարհից։ Մենք ասում ենք՝ եթե անգամ կա ներքին ցանկապատի կարիք, պետք է քննարկվի, որ բոլորի շահերից բխի՝ նույնիսկ բնակիչների»,-ասաց նա։

Կրթահամալիրի տնօրենը օրեր առաջ տարածք է հրավիրել վարչապետի օգնականին և վարչական շրջանի ղեկավարին, նրանց հետ քննարկել կրթահամալիրի մասնաշենքերն իրար միացնելու այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցը։ Ասում է՝ սպասում է նրանց պատասխանին։


Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter