HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Կարեն Գասպարյանն անհարգալից է վերաբերվել Վարդավառի խորհրդով պայմանավորված վարքագծի կանոններին». գործն ուղարկվել է դատարան

Դատախազությունը հաստատել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր` Կարեն Գասպարյանի մեղադրանքը: Գործն այսօր ուղարկվել է դատարան: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան` ասաց dատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Կարեն Գասպարյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն` խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով:

Մեզ հետ զրույցում Գասպարյանի պաշտպան Արման Թամրազյանն ասաց, որ նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Հիշեցենք, որ Գասպարյանի մեղադրանքը կապված է 2018 թվականի ամռանը Վարդավառ տոնի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ:

2018-ի հուլիսի 8-ին` Վարդավառի օրը, Կարեն Գասպարյանն ընտանիքի հետ նոր գնված մեքենայով Կոտայքի մարզի Նոր գյուղ համայնքով անցնելիս «ջրոցի» խաղաղացող երեխաներից մեկը ջուր է լցրել Գասպարյանի մեքենայի վրա, ինչից հետո միջադեպ է տեղի ունեցել նրա և երեխայի հոր միջև:

Վիճաբանությունից հետո երեխայի հայրը` Ավետիք Սարգսյանը, հանցագործության մասին հաղորդում է տվել՝ հայտնելով, որ վերը նշված միջադեպից հետո Կարեն Գասպարյանի որդին իրենց կանչել է նրանց ամառանոց, որտեղ իրեն տվել են սպանության սպառնալիք, պահանջել ծնկաչոք ներողություն խնդրել` հայտարարելով, որ հակառակ դեպքում ավտոմեքենայում գտնվող զենքով կսպանեն: Վախենալով սպառնալիքներից՝ Սարգսյանն, ըստ իր հաղորդման, ծնկի է իջել և ներողություն խնդրել, որի ընթացքում ոստիկանության ծառայողը բռունցքով հարվածել է դեմքին: Մեքենայի վրա ջուր լցրած երեխան էլ պնդել է, որ Կարեն Գասպարյանը փորձել է իր գլուխը մտցնել առվի մեջ:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության սպառնալիք տալու և ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ ուժեղ ֆիզիկական ցավ պատճառելու հոդվածներով: Գործը սկզբնական շրջանում քննվում էր հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ)` նկատի ունենալով, որ Սերգեյ Գասպարյանը ոստիկանության աշխատակից է:  Հետագայում Սերգեյ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, և գործը Կարեն Գասպարյանի մասով ուղարկվել քննչական կոմիտե, որտեղ քննությունը շարունակվում էր շուրջ 1 տարի: Ի վերջո Կարեն Գասպարյանին վերագրվող սպանության սպառնալիք հասցնելու մեղադրանքը վերաորակվել է խուլիգանության:

Ըստ պաշտպանի՝ Կարեն Գասպարյանի արարքում խուլիգանության հանցակազմ չկա, վիճաբանությունն առաջացել է կենցաղային հարցի շուրջ

Գասպարյանի պաշտպան Արման Թամրազյանը մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց մեղադրանքի վերաբերյալ: Թամրազյանի խոսքով` Գասպարյանին առաջադրված մեղադրանքի որոշման մեջ գործում առկա փաստական հանգամանքներն արծարծված չեն, այն, ինչ նշված է մեղադրանքի որոշման մեջ, մեծ մասամբ խեղաթյուրված է կամ փաստաբանի ձևակերպմամբ՝ դրանք քննիչի երևակայական մտքերն են, որոնք անգամ գործի նյութերի հետ չեն համընկնում:

Թամրազյանը կարծում է, որ եթե քննիչը գործում առկա փաստական հանգամանքները նշեր, չէր կարողանա Կարեն Գասպարյանին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք առաջադրել: Պաշտպանը բացատրում է՝ խուլիագանությունը հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելն է, որը դրսևորվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով: Խուլիգանության հանցակազմի դեպքում անձն ուղղակի դիտավորությամբ, գիտակցելով իր արարքի վտանգավորությունը, ցանկանալով  հասարակական կարգը կոպիտ կերպրով խախտել և հասարակության մյուս անդամների նկատմամբ ցույց տալ իր առավելությունը, կատարում է որոշակի արարք: Մինչդեռ Կարեն Գասպարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի դեպքում ակնհայտ է, որ կենցաղային հարցի շուրջ է տեղի ունեցել վիճաբանությունը:

«Կոնկրետ այս դեպքում հաստատված է, որ Կարեն Գասպարյանն իր ընտանիքի անդամների՝ կնոջ և աղջկա հետ, գնում էր իր ամառանոց՝ Վարդավառի տոնը նշելու: Գործում առկա են տեսանյութեր, որոնց զննությանը գործի քննության ընթացքում Գասպարյանը մասնակցել և պարզաբանել է, թե ինչ է եղել միջադեպի օրը: Արման Թամրազյանի խոսքով՝ Կարեն Գասպարյանը  պարզաբանել է, որ ջրոցի խաղացող երեխաներին ասել է, որ չջրեն, նրանք համաձայնել են, ասել, որ անցնի: Դրանից հետո, սակայն, երեխաներից մեկը, որն այս գործով տուժող աղջիկն է, առվից  ջուր է վերցրել և լցրել մեքենայի վրա:

«Կարեն Գասպարյանի ընտանիքի անդամները պարզաբանում են, որ մեքենան նոր էին գնել՝ 15-ից 20 օր առաջ, Գասպարյանը չի ցանկացել, որ ավտոսալոնից նոր գնած մեքենան առվից վերցրած ջրով ջրեն, քանի որ դրա մեջ կարող էին լինել ավազահատիկներ, որոնք կարող էին վնասել մեքենեն: Մարդն իր գույքը  վնասելու գործողությունից զայրացած` մեքենայից իջնում ու դիտողություն է անում երեխային»,- ասաց Թամրազյանը` նշելով, որ այս նախապատմությունը Գասպարյանի  մեղադրանքի մեջ նկարագրված չէ: 

«Այդ դեպքում շարժառիթ կլիներ, իսկ խուլիգանությունն առանց շարժառիթի հանցագործություն է»,- ասաց Արման Թամրազյանը:

Ըստ մեղադրանքի՝ «Կարեն Գասպարյանն անհարգալից վերաբերմունք է դրսևորել Վարդավառի տոնի խորհրդով պայմանավորված վարքագծի կանոնների նկատմամբ»

Արման Թամրազյանը նշեց, որ մեղադրանքի որոշման մեջ գրված է, թե «Կարեն Գասպարյանը, համայնքի մյուս բնակիչների և երթևեկության  մասնակիցների նկատմամբ իր անձի առավելությունը ցույց տալու նպատակով ակնհայտ արհամարհական վերաբերմունք է դրսևորել մարդկային համակեցության ընդունված ու Վարդավառի տոնի խորհրդով պայմանավորված վարքագծի կանոնների նկատմամբ»:

Նկատի ունենալով, որ մեղադրանքում հստակ շարադրված է «Վարդավառի տոնի  խորհրդով պայմանավորված կանոնների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու» մասին` Արման Թամրազյանը գրավոր դիմել է վարույթն իրականացնող մարմնին` խնդրելով պարզաբանել, թե որո՞նք են Վարդավառի վարքագծի կանոնները, ու արդյոք այդ կանոններով թույլատրելի՞ է անձի մեքենան առանց իր ցանկության ջրելն առվից վերցրած ջրով, թե՞ դա կանոնների խախտում է: Պաշտպանը խնդրել է նաև նշել, թե որտե՞ղ կարելի է գտնել այդ կանոնները` ծանոթանալու համար դրանց:

«Գրավոր դիմել ենք, քննիչը մեզնից նեղացել է: Երբ ես այս միջնորդությունը ներկայացրել եմ, դրանում գրել եմ, որ իրավաբանական ֆակուլտետում սովորող ցանկացած երրորդ կուրսի ուսանող հանգիստ կարող է ասել, որ այս արարքում չկա խուլիգանություն: Ասում են` պաշտպանի միջնորդության մեջ կան հուզական արտահայտություններ և վիրավորանքներ մեր հասցեին, բայց մենք ավելի իրավական կպատասխանենք»,- ասաց Թամրազյանը՝ նշելով, որ հետո ընդամենը պատասխանել են, թե ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ Գասպարյանի արարքում առկա է խուլիգանության հատկանիշ:

«Քննիչն ասում է` այս օրը Վարդավառ է եղել, մամուլով տեսե՞լ եք. անծանոթ մարդկանց ջրում են, նրանք ուրախանում են: Գուցե մեկն ուրախացել է, մեկն էլ չի ցանկացել, որ իրեն ջրեն: Այսինքն` հենց անձի  ջրեն, ու նա դիտողություն անի, ուրեմն խուլիգանությո՞ւն է արել»,-  հարց բարձրացրեց Արման Թամրազյանը: Դիտարկմանը, որ Կարեն Գասպարյանին չեն մեղադրում դիտողություն անելու մեջ, այլ, ըստ մեղադրանքի, նա երեխայի գլուխը փորձել է մտցնել առվի մեջ, Թամրազյանը նշեց, որ Գասպարյանը նման բան չի արել, բացի այդ, պարզաբանեց՝ որպեսզի արարքը որակվի խուլիգանություն, նախ պետք է առկա լինի հասարակական կարգը խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու արարքը, որը կզուգորդի բռնությամբ, այսինքն` միայն բռնությունը խուլիգանություն չէ:

«Խտրականություն՝ պատգամավորի և Կարեն Գասպարյանի, Գասպարյանի ընտանիքի անդամների և Գասպարյանի միջև»

Կարեն Գասպարյանի աղջիկն իր ցուցմունքում նշել է, որ ինքն ու մայրը ևս բարկացել են այն ժամանակ, երբ իրենց մեքենան ջրել են, իրենք ևս դիտողություն են արել: Աղջկա խոսքով՝ եթե հոր արարքը խուլիգանություն է, իրենց արարքը ևս պետք է  որակվի խուլիգանություն: Քննիչին, ի դեպ, նման միջնորդություն է ներկայացվել, որը մերժվել է:

Թամրազյանը հիշեցրեց նաև, որ 2018-ի Վարդավառին տեսանյութ է տարածվել, որում, երևում է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իրեն ջրել փորձող անձի նկատմամբ ոստիկանների ներկայությամբ բռնություն է կիրառումմ, մինչդեռ Զոհրաբյանի նկատմամբ, Վարդավառի տոնի խորհրդով պայմանավորված վարքագծի կանոնների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու առթիվ վարույթ չի իրականացվել: Ըստ Արման Թամրազյանի` սա խտրականության ակնհայտ դրևորում է. օրենքը Կարեն Գասպարյանի դեպքում մի, իսկ Նաիրա Զոհրաբյանի դեպքում` մեկ այլ կերպ է կիրառվել:

Գործում առկա տեսագրություններն ու մի շարք ցուցմունքներ հերքում են մեղադրանքի բովանդակությունում շարադրված հանգամանքները

Պաշտպանը նշեց, որ Գասպարյանի մեղադրանքում շարադրված է, թե նա ներքին բավականություն չստանալով սեփական գործողություններից` բռնություն է գործադրել երեխայի նկատմամբ, բռնել է նրա պարանոցից ու սեղմել դեպի գետնին, և այս ամենին պատշգամբից ականատես է եղել երեխայի հայրը` Ավետիք Սարգսյանը, որը պատշգամբից ցատկել է ցած ու պահանջել անհապաղ  թողնել իր զավակին: Չհանդուրժելով իրեն կարգի հրավիրելու, հակաբարոյական և հակաօրինական վարքագիծ դրսևորելու հորդորը` Գասպարյանը հայհոյանքներ է հնչեցրել Ավետիք Սարգսյանի հասցեին, ապա փորձել բռնություն գործադրել երեխային օգնության հասած հոր նկատմամբ:

«Հինգերորդ դասարանի կրթությամբ ցանկացած անձ այդ տեսագրությունը նայելիս հասկանում է, որ տեսանյութում բռնություն չկա, բայց քննիչը դա չի տեսնում: Քննիչը ոչ թե կույր է կամ անգրագետ, այլ իրեն ասել են` դու դա չտեսնես: Կարեն Գասպարյանը Վլադիմիր Գասպարյանի եղբայրն է, և դրանով է պայմանավորված այս խտրական վերաբերմունքը նրա նկատմամբ: Այլ մեկնաբանություն չկա դրան»,- ասաց Արման Թամրազյանը: 

Վերջինս նշեց, որ տեսագրություններից ակնհայտ է, որ երբ Ավետիք Սարգսյանը եկել է, երեխան արդեն առվից ջուր վերցելիս է եղել, իսկ Կարեն Գասպարյանը`պարզապես կանգնած: Տեսագրությունում, ըստ Արման Թամրազյանի երևում է, որ ոչ թե Կարեն Գասպարյանն, այլ Ավետիք Սարգսյանն է փորձում հարձակում գործել Գասպարյանի վրա, իսկ վերջինս որևէ քայլ չի անում, մինչդեռ բռնություն գործադրելու արարք մեղսագրվել է Կարեն Գասպարյանին: Թամրազյանը նշեց նաև, որ սպանության սպառնալիքի վերաբերյալ մեղադրանքում գրված է եղել, որ Կարեն Գասպարյանն ու Ավետիք Սարգսյանը միմյանց հասցեին փոխադարձ հայհոյանքներ են հնչեցրել, փոխադարձ հայհոյանքների հանգամանքն ընդունել է նաև Ավետիք Սարգսյանը, սակայն այժմ Կարեն Գասպարյանի մեղադրանքում փոխադարձ հայհոյանքը ձևափոխվել է. ըստ մեղադրանքի` Կարեն Գասպարյանն է հայհոյել Ավետիք Սարգսյանին:

Արման Թամրազյանի խոսքով՝ Կարեն Գասպարյանը ճանաչել է Ավետիք Սարգսյանի եղբորը՝ Արսեն Սարգսյանին: Վերջինս ռազմական ոստիկանության աշխատակից է եղել այն ժամանակ, երբ Վլադիմիր Գասպարյանն աշխատել է Ռազմական ոստիկանությունում: Հետագայում, երբ վերջինս դարձել է ոստիկանապետ, Ավետիք Սագսյանի եղբայրը տեղափոխվել է ոստիկանական համակարգ ու նշանակվել պաշտոնի: Միջադեպից հետո, ըստ Կարեն Գասպարանի ցուցմունքի, ինքը զանգել է Արսեն Սարգսյանին, պատմել իրողությունը, ասել, որ եղբայրը հայհոյել է իրեն, վերջինս էլ ասել է, թե Ավետիք Սարգսյանը կգա, ներողություն խնդրելու: Ըստ Արման Թամրազյանի` Կարեն Գասպարյանն ասել է, թե պետք չէ, որ Ավետիքը գնա, թող Արսեն Սարգսյանը գնա, սակայն վերջինս պնդել է, թե եղբայրը կգնա և ներողություն կխնդրի:

Պաշտպանը նշեց, որ այս խոսակցությունից հետո Ավետիք Սարգսյանն, ինչպես նաև Արսեն Սարգսյանի որդին՝ Ալեն Սարգսյանը, գնացել են Գասպարյանների առաձնատան բակ: Այնտեղ է եղել նաև Կարեն Գասպարյանի որդին` Սերգեյ Գասպարյանն, որը Արսեն Սարգսյանի հետ հեռախոսային խոսակցություն է ունեցել, Արսեն Սարգսյանն ասել է, թե եղբայրը մեղավոր չէ: Սերգեյ Գասպարյանը բարկացած մոտեցել է Ավետիք Սարգսյանին, ասել` դու իմ հորը հայհոյե՞լ ես, վերջինս դրական պատասխան է տվել, ասել, թե ինչ բառերով է հայհոյել, որից հետո Սերգեյ Գասպարյանը մեկ անգամ ապտակել է Ավետիք Սարգսյանին: Դրանից հետո Կարեն Գասպարյանը թույլ չի տվել, որ որդին մոտենա Ավետիք Սարգսյանին: Ըստ Արման Թամրազյանի՝ տեսագրությունում երևում է, որ այն բանից հետո, երբ Սերգեյ Գասպարյանն ապտակել է Ավետիք Սարգսյանին, աղմուկ է բարձրացրել Արսեն Սարգսյանի որդին՝ հորդորելով ձեռք չտալ հորեղբորը, և Սերգեյ Գասպարյանը նրան մի կողմ քաշելով` ասել է, որ Ավետիք Սարգսյանին խփել է, քանի որ վերջինս կրկնել է այն բառերը, որոնցով հայհոյել է Կարեն Գասպարյանին: Այս ընթացքում Ավետիք Գասպարյանը ծնկի է եկել և ներողություն խնդրել Կարեն Գասպարյանից: Ըստ Արման Թամրազյանի՝ այս տեսագրության առկայության պայմաններում, երբ Կարեն Գասպարյանն անգամ որդուն թույլ չի տվել երկրորդ անգամ մոտենալ ու հարվածել Սարգսյանին, նրան վերագրած են եղել սպառնության սպառնալիք տալու արարք:

Արսեն Սարգսյանն ու վերջինիս որդին առերեսվել են Կարեն Գասպարյանի հետ

Արման Թամրազյանը նշեց, Արսեն Սարգսյանն առերեսվել է Կարեն Գասպարյանի հետ ու հերքել, թե ասել է, որ եղբարը կգնա և ներողություն  կխնդրի նրանից: Արսեն Սարգսյանի որդի Ալեն Սարգսյանն էլ, ըստ պաշտպանի՝ հայտնել է թե իրենց Գասպարյանների տան բակում փակել են, իրենք հնարավորություն չեն ունեցել դուրս գալու: Արսեն Սարգսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ երբ տղան իրեն զանգել է, ասել է, որ իրենց սպանում են, ինքն էլ հորդորել է` եթե կարող եք, փախեք: Սա այն դեպքում, երբ ըստ Արման Թամրազյանի` գործում առկա տեսանյութում երևում է, որ Ալեն Սարգսյանը դուրս է գալիս դարպասից, խոսում հեռախոսով, ապա վերադառնում, այսինքն ՝ նրա տեղաշարժը որևէ կերպ սահմանափակված չի եղել:

Արսեն Սարգսյանի որդին ևս առերեսվել է Կարեն Գասպարյանի հետ, սակայն չի պատասխանել Թամրազյանի հարցերին՝ որպես վկա պատասխանելու պարտավորություն ունենալով:

«Չկար որևէ փաստական տվյալ, որ նրա ցուցունքը կարող էր օգտագործվել իր դեմ, իսկ ինքը միայն այդ դեպքում կարող էր վկայի կարգավիճակով ցուցմունք չտալ: Ես Սարգսյանին հարց էի տալիս, նրա փաստաբանն ասում էր՝ մի՛ պատասխանիր»,- ասաց Թամրազյանը՝ նշելով, որ երբ այս երևույթը կրկնվել է, ինքը քննիչից պահանջել է քրեական գործ հարուցելու վերաբերյալ նյութեր նախապատրաստել, քանի որ, փաստորեն, վկան հրաժարվում է ցուցմունք տալ, իսկ փաստաբանը նրան հորդորում է այդպես վարվել: Հետագայում, ըստ Արման Թամրազյանի, Ալեն Սարգսյանը հարցաքննվել է այս հանգամանքի շուրջ ու հայտնել, թե հարցաքննության ժամանակ ճնշված է եղել, փաստաբանն էլ իրեն դրա համար է ասել, որ կարող է հարցերին չպատասխանել, և քննիչն արձանագրել է այս ամենը:

«Քննիչն արձանագրել է մի ցուցմունք, որին ինքը ներկա է եղել և գիտի, որ ճիշտ չէ, ապա քրեական գործ հարուցելու իմ պահանջը որպես միջնորդություն քննել ու որոշում է կայացրել այն մերժելու մասին»,- ասաց Թամրազյանը՝ նշելով, որ պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում տալ նաև քննիչի գործողությունների վերաբերյալ:

Փորձագետն անձանագրել է, որ Ավետիք Սարգսյանի վնասվածքներն առնվազն երկու հարվածի հետևանք են, մինչդեռ նրան հարվածել են մեկ անգամ

Միջադեպից հետո Ավետիք Սարգսյանը գնացել է ոստիկանություն, ապա նրան դատաբժշկի ուղեգիր են տվել: Սարգսյանը նախ գնացել է Աբովյանի բժշկական կենտրոն, ընդունվել վերակենդանացման բաժանմունք, հետո դուրս  գրվել ու եկել «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ դարձյալ վերակենդանացման բաժանմունք: Արման Թամրազյանի խոսքով՝ այդ բաժանմունք ընդունվելիս Ավետիք Սարգսյանի պուլսը 120-80 է եղել, սրտի զարկերի քանակն` 86: Բժիշկը նրա մոտ արձանագրել է ստորին կոպի արնազեղում և քունքի շրջանում մեկ այլ վնասվածք: Պաշտպանը նշեց, որ Ավետիք Սարգսյանը բացատրության և հանցագործության մասին հաղորդման մեջ գրել է, որ իրեն երկու անգամ են հարվածել: Սարգսյանը փորձագետին ևս հայտնել է, որ իրեն երկու անգամ են հարվածել և փորձագետը եզրակացության մեջ երկու վնասվածք է նկարագրել, նշել, որ դրանք առաջացել են մեկական հարվածի հետևանքով, այսինքն` առնվազն երկու հարված է ստացել, պարզաբանել` քանի որ վնասվածքները տարբեր հարթությունների վրա են գտնվում, չէին կարող մեկ հարվածից առաջանալ:

Հետագայում Ավետիք Սարգսյանը փոխել է ցուցմունքն ու նշել, որ մեկ անգամ են իրեն հարվածել: Ըստ Արման Թամրազյանի` Սարգսյանը նման բան է արել, քանի որ Կարեն Գասպարյանը քննություն իրականացնող մարմնին ներկայացրել է առանձնատան բակում տեղի ունեցած իրադարձությունների տեսագրությունը, և դրանում երևացել է, որ Սարգսյանին մեկ անգամ են հարվածել:

Դրանից հետո ՀՔԾ քննիչը հարցաքննել է փորձագետին ու նշել, որ թեև վերջինս եզրակացություն է տվել այն մասին, որ Կարեն Գասպարյանի վնասվածքներն առնվազն մեկական հարվածի հետևանք են` Ավետիք Սարգսյանն ասում է, թե իրեն մեկ անգամ են հարվածել: Փորձագետը նշել է, թե ինքն ինչ տեսել է, այն էլ արձանագրել է:

«Այս հանգամանքը մինչև այժմ որևէ մեկը չի պարզաբանել մեզ: Մենք երկու վարկած ունենք. կա՛մ Ավետիք Սարգսյանն է իրեն վնասել ու կեղծ ապացույց ստացել, կա՛մ փորձագետն է կեղծ եզրակացություն տվել»,- մեզ հետ զրույցում ասաց Արման Թամրազյանն ու նշեց, որ մեկ հարվածը ծեծ չէ, և դրա համար է, որ շահագրգռվածությություն է եղել ասելու, որ Սարգսյանը ոչ թե մեկ, այլ առնվազն երկու հարված է ստացել:

Ի դեպ, Կարեն Գասպարյանի՝ նախաքննական մարմնին տրամադրված տեսանյութերը փորձաքննության չեն ենթարկվել պարզելու համար՝ դրանք մոնտաժված են, թե ոչ:

Կարեն Գասպարյանին չեն հարցրել՝ համաներմանը համաձա՞յն է, թե՞ ոչ

Արման Թամրազյանը նշեց, որ Կարեն Գասպարյանին նախկինում վերագրվող քրեական օրենսգրքի 137-րդ, ինչպես նաև այժմ վերագրվող 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքները համաներման ակտով կարճման ենթակա են: Համաներում կիրառելու համար անհրաժեշտ է անձի համաձայնությունը, գործն արդեն ուղարկվել է դատարան, սակայն մինչ օրս Կարեն Գասպարյանից չեն ճշտել նրա դիրքորոշումւը համաներում կիրառելու վերաբերյալ:

Ավետիք Սարգսյանի եղբայրը մինչև հեղափոխությունը եղել է Վովա Գասպարյանի «մարդը»

Ավետիք Սարգսյանի եղբարը՝ Արսեն Սարգսյանն, ինչպես արդեն նշեցինք, ռազմական ոստիկանության աշխատակից է եղել այն ժամանակ Վլադիմիր Գասպարյանն աշխատել է Ռազմական ոստիկանությունում: Հետագայում, երբ վերջինս դարձել է ոստիկանապետ, Արսեն Սագսյանի եղբայրը տեղափոխվել է ոստիկանական համակարգ ու նշանակվել պաշտոնի: Պաշտոնավարման ընթացքում Ավետիք Սարգայանի եղբայրն, ըստ Արման Թամրազյանի, «որպես սրբի է վերաբերել» Վլադիմիր Գասպարյանին: Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երբ Վլադիմիր Գասպարյանն այլևս ոստիկանապետ չէր, անհրաժեշտ էր ցույց տալ, որ Սարգսյանի եղբայրն, այսպես ասած, «Վովա Գասպարյանի մարդը չէ» և այս միջադեպն, ըստ Թամրազյանի, եղել է դա ապացուցելու լավագույն առիթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter