
Նիկոլ Փաշինյան. «Որևէ մեկը չմտածի, որ հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, կարող է թպրտալ»
Քրեական ենթամշակույթի հերոսացումը Հայաստանում պետք է արմատախիլ արվի: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի հարցադրմանը: Վերջինս հետաքրքրվում էր, թե արդյոք քրեական ենթամշակույթ կրողների համար քրեական պատասխանատվություն սահմանելն ամբողջությամբ արմատախիլ կանի այդ երևույթը:
«Ուզում եմ շատ հստակ արձանագրել, որ մեր քաղաքական թիմը ձևակերպել է քաղաքական խնդիր, որ Հայաստանում քրեական ենթամշակույթի հերոսացումը պետք է արմատախիլ արվի, որովհետև դա կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն է:
Սկսենք ամենապրիմիտիվ բանից. օրինակ՝ դպրոցից գողություն է արվում, չարաշահում է արվում, բացահայտելու պարզ ձևը որն է, երեխաները, որ տեսնում են, դրա մասին հայտնեն, սակայն ինչ է տալիս քրեական ենթամշակույթը, տալիս է հետևյալը` հո դուք գործ տվող չեք: էդ ամեն ինչն արվում է տարբեր տեղերում: Քրեական ենթամշակույթը պետք է արմատախիլ արվի»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը զգուշացրեց` այս հարցում որևէ կոմպրոմիս չի լինելու, քրեական ենթամշակույթը, ինչպես և կոռուպցիան պետք է վերանա հայաստանյան իրականությունից:
«Եթե կան մարդիկ, այդ թվում պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, և որոնք մտածում են, թե էս օրենքի հետ կապված միջնորդավորված ձևով կարող են պատգամավորի սպառնալ, օրինակ` նախագծի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում եմ` կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատերով բառի բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի, որ ասենք հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, մտածի, որ կարող է թպրտալ, կտանք պատերով: Թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, այդ տեսարանները կտեսնեք իրականության մեջ»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանն անդրադարձավ նաև քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) սննդի փոփոխման ծրագրին` ասելով, որ այդ կերպ փորձում են ցույց տալ, որ տարբեր հանցագործություններ գործած և ՔԿՀ-ներում հայտնված քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը ևս իրենց քաղաքական պատասխանատվությունն է:
«Քրեական ենթամշակույթը հարյուրավոր ընտանիքների դժբախտացնում է: Վերջին ունեցվածքը ծախել են տալիս և ուղարկում ՔԿՀ-ներ: Այդ ՔԿՀ-ներում աստիճանաբար պատիժը կրելու արժանապատիվ պայմաններ ենք ստեղծելու ՀՀ քաղաքացիների համար, դատապարտված քաղաքացիների արժանապատվությունը պաշտպանելու ենք»,- ասաց գործադիրի ղեկավարը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել