
Վարչապետը վստահեցնում է` ներդրողներին ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերած պաշտոնյաները կպատժվեն
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց պոտենցիալ ներդրողների հարցը, որոնց ըստ պատգամավորի համոզման` կառավարությունը պատշաճ չի ընդունել:
Պատգամավորի խոսքով` վերջիններս մի շարք հարցեր են ունեցել, ինչպես` հարկային դաշտի, լիցենզավորման գործընթացների, ԵԱՏՄ-ով պայմանավորված տարբեր դրույթների և այլ հարցերի վերաբերյալ:
«Այդպիսի մարդիկ եղել են Շվեյցիարիայից, Սինգապուրից, Իսրայելից, ՌԴ-ից, Իրաքից, Չինաստանից, ի վերջո չգտնելով հարցերի պատասխանը կառավարությունում` գալիս են ԼՀԿ-ի տնտեսական հանձնաժողով, մեր գործընկերները որոշ չափով փորձում են պատասխանել, դիմում ենք նախարարներին, նախարարները կոնտակտները վերցնում են, և պատմությունն ավարտվում է այդքանով: Ներդրողի հետ որևէ մեկը չի կապվում, ինչպես անել, պարոն վարչապետ, որ էն մարդիկ, որոնք պատրաստ են ներդրում անել, ստանան պատշաճ ընդունելություն»,-ասաց Գորգիսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց` նման ահազանգեր ինքն էլ է ստացել:
«Մեկուկես ամիս առաջ հանձնարարել եմ պետական վերահսկողական ծառայությանը, որ բոլոր համապատասխան մարմիններում ստուգումներ անի և պարզի, թե ինչքանով են պատշաճ արձագանք ստացել ներդրումների հետ կապված առաջարկները, և բոլոր այն պաշտոնյաները, ովքեր պարզվի անհրաժեշտ արձագանք չեն տալիս նման դեպքերին, ուղղակիորեն կպատժվեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` կա նաև հարցի երկրորդ կողմը, երբ պարզապես հայտարարում են ներդրումների ցանկության մասին, սակայն` անհիմն: Վարչապետը պատմեց՝ վերջերս ամենուր իրեն որևէ մեկը ասում էր, որ ինչ-որ անձ ցանկանում է երկու միլիարդ դոլարի ներդրում կատարել, և երբ օպերատիվ մարմիններին հանձնարարել է տեղեկանք կազմել այդ պոտենցիալ ներդրողի մասին, պարզվել է, որ վերջինս խարդախության համար նախկինում երեք անգամ դատապարտվել է:
Վարչապետը վստահեցրեց` բացառված է, որ Հայաստանում լինի մարդ, որն իրենից ավելի շահագրգրռված լինի ներդրումների հարցում:
Մեկնաբանել