HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջում են Արտակ Նազարյանի մահվան գործով նիստերը շարունակել Երեւանում

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը ցավով արձանագրում է, որ շարունակվում է զինվորական հանցագործությունները կոծկելու պետական քաղաքականությունը, որի վառ ապացույցն են այն ապօրինությունները, որ կատարվում են լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության ընթացքում:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործով Երեւանում դատական արտագնա նիստեր անելու որոշում ընդունելիս դատավոր Սամվել Մարդանյանը հաշվի էր առել արդարադատության արդյունավետությունն ու հանրային ուշադրությունը քննվող գործի նկատմամբ, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ դատավարության մասնակիցների մեծ մասի համար Երեւանը առավել մատչելի է: Սակայն ս.թ. հունվարի 18-ին դատավոր Մարդանյանը փոխեց իր որոշումը եւ հաջորդ նիստերը նշանակեց Տավուշի մարզում: Դատավարության կողմերը՝ տուժողի իրավահաջորդն ու ներկայացուցիչները եւ ամբաստանյալների պաշտպանները համատեղ հայտարարությամբ դատապարտեցին այդ որոշումը եւ հրաժարվեցին մասնակցել նշանակված նիստին:

«Բանակն իրականում» նախաձեռնությունը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ՝ այդ որոշման համար Սամվել Մարդանյանի բերած հիմնավորումները գնահատելով մտացածին եւ իրավական հիմքերից զուրկ: Մենք կանխատեսել էինք, որ  «դատավոր Սամվել Մարդանյանը իր որոշմամբ փորձում է խորացնել վկաների վրա կիրառվող ճնշումները եւ հաստատել ինքնասպանության վարկածը հասարակության, ԶԼՄ-երի կողմից դատավարությանը հետևելուն, հասարակական վերահսկողություն իրականացնելուն խոչընդոտելու միջոցով»:

Նիստը Իջեւան տեղափոխվեց՝ կիսատ թողնելով գործով առանցքային վկա Արման Մնացականյանի հարցաքննությունը: Երեւանից հետո նա այլեւս չներկայացավ դատական նիստերին, իսկ դատավոր Սամվել Մարդանյանը ոչ միայն միջոցներ չձեռնարկեց ամբաստանյալների կողմից նրա հարցաքննությունը շարունակելու համար, այլեւ որոշում ընդունեց հրապարակելու վկայի նախաքննական ցուցմունքները: Ավելին, դատավորը վկա Ա. Մնացականյանի բացակայությունը արդարացրեց մի բժշկական տեղեկանքով, որը նրան էր ուղարկել Արմավիրի մարզի ոստիկանապետը:

Ստեղծված իրավիճակում ինչպես տուժող կողմը, այնպես էլ ամբաստանյալները զրկված են արդար դատաքննության հնարավորությունից: Արդյունքում տուժող կողմը հրաժարվում է մասնակցել իջեւանյան նիստերին՝ դրանք գնահատելով որպես ֆարս:
 
Այսօր մենք ստիպված ենք վերահաստատել մեր գնահատականները առ այն, որ դատավոր Մարդանյանը չի ապահովում արդար դատաքննության իրականացում, եւ որ նրա գործողությունները փորձ են նոտարական վավերացման հասցնելու պաշտպանության նախարարության քննչական ծառայության (ՊՆ ՔԾ) կազմած եւ զինվորական դատախազության հաստատումը ստացած շինծու քրեական գործը: Ակնհայտ է, որ դատավոր Սամվել Մարդանյանը հանդես չի գալիս որպես անկախ եւ անաչառ դատարան, ուստի պահանջում ենք նրանից ներկայացնել ինքնաբացարկ:
 
Պահանջում ենք ՀՀ նախագահից, ՀՀ արդարադատության խորհրդից, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահից, ՀՀ գլխավոր դատախազությունից եւ ՀՀ զինվորական դատախազությունից՝  միջոցներ ձեռնարկել դատական նիստերը Երևանում շարունակելու ուղղությամբ: Այլապես ստիպված ենք արձանագրել, որ զինվորական գործերով, մասնավորապես՝ Արտակ Նազարյանի գործով, դատավարությունների ապօրինի ընթացքը հովանավորվում է երկրի բարձր ղեկավարության կողմից:
 
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնություն 

Մեկնաբանություններ (1)

Վեհարի Առաքելյան
Եթե միայն մեկ կամ մի քանի զինվորական գործերում ապօրինություններ նկատվեին կարելի էր և չկասկածել թե դատավարությունների ապօրինի ընթացքը հովանավորվում է երկրի բարձր ղեկավարության կողմից, սակայն ապօրինաբար կեղծվում և կոծկվում են հնարավոր բոլոր քրեական գործերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter