HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը 1,3 միլիարդ դրամ հատկացրեց աղետի գոտում ապրող 227 ընտանիքի բնակարանով ապահովելու համար

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց աղետի գոտու 227 ընտանիքի բնակարանով ապահովելու նպատակով պետական բյուջեից 1 միլիարդ 291 միլիոն դրամ հատկացնել։

Քաղաքաշինության կոմիտեի հաղորդմամբ՝ ծրագրի շահառու ճանաչված 453 ընտանիքների շրջանում սեպտեմբերին անցկացվել են գրավոր հարցումներ՝ նրանց կողմից նախընտրելի բնակապահովման տարբերակի (բնակարակային շինարարություն կամ վկայագրի տրամադրում) վերաբերյալ։

Հարցմանը մասնակցած ընտանիքներից 227-ը նախընտրել է բնակարան ձեռք բերելու համար վկայագիր ստանալ։ Ըստ կոմիտեի՝ այդ տարբերակն է նախընտրել 121 ընտանիք Լոռիում, 90-ը՝ Շիրակում և 16-ը՝ Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահեցրեց, որ ընտանիքներին հատկացվող միջոցները հաստատապես ծախսվելու են բնակարան կամ բնակելի տուն գնելու նպատակով։ Իսկ նրանց տրամադրվող գումարը հաշվարկվելու է՝ հաշվի առնելով Կադաստրի պետական կոմիտեի կողմից հաշվարկած անշարժ գույքի շուկայական արժեքը։

Քաղաքաշինության կոմիտեի հաղորդմամբ՝ Սպիտակի երկրաշարժից տուժած Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում 2018 թվականի տարեվերջի դրությամբ 5396 ընտանիքից 4839-ին ապահովել են բնակարանով։ Այդ նպատակով 2008-2017 թվականներին մոտ 65 մլրդ դրամ է հատկացվել։

2018 թվականի պետական բյուջեով հատկացված 458 մլն դրամի հաշվին մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ը նախատեսվում է լուծել Լոռու մարզի գյուղական բնակավայրերի 44 ընտանիքի բնակարանային խնդիր՝ նրանց կիսակառույց բնակելի տների շինարարությունը ավարտին հասցնելով:

Իսկ այս տարվա պետական բյուջեով հատկացված 560 մլն դրամով այժմ վերջնականացվում է 61 ընտանիքի բնակարանային ապահովման ծրագիրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter