HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Պատգամավորները վարկերի տոկոսները սահմանափակելու մասին նախագիծ են ներկայացրել

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը և Արտակ Մանուկյանը Հայաստանում բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները սահմանափակելու մասին նախագիծ են շրջանառության մեջ դրել։ Այն հրապարակվել է ԱԺ-ի պաշտոնական կայքում։

Ըստ այդ նախագծի՝ վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքը չպետք է գերազանցի 25.6 %-ը։ Վարկերի փաստացի տոկոսադրույքը, ի տարբերություն անվանական տոկոսադրույքի, ներառում է բոլոր տեսակի միջնորդավճարներն ու սպասարկման ծախսերը։ Ինչպես ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է Վարազդատ Կարապետյանը, այս նախագիծը կազդի հատկապես վարկային կազմակերպությունների կողմից հանրությանը տրվող վարկերի տոկոսների վրա. «Գիտեք, որ այսօր վարկային կազմակերպությունները տրամադրում են վարկեր մինչև 150 տոկոսով, ինչը անառողջ սպառման, մարդկանց հարստահարման, ֆինանսական անելանելի իրավիճակի է հանգեցնում»։

Ըստ նախագծի՝ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ֆինանսական շուկայում առկա իրավիճակով եւ ֆինանսական ծառայություններից օգտվող քաղաքացիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով: Նախագծի հեղինակները նկատում են, որ գործող իրավակարգավորումները ֆինանսական կազմակերպություններին թույլ են տալիս տրամադրվող վարկերի եւ փոխառությունների օրենքով նախատեսված դրույքաչափը պահպանելով հանդերձ, օգտագործել օրենքով չարգելված այլ ֆինանսական գործիքներ, մասնավորապես՝ գործառնական ծախսեր, կիրառել փաստացի իրական տոկոսադրույք, որը որոշ դեպքերում կարող է մինչեւ 2 անգամ գերազանցել բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:

Սպասարկման վճարները որոշ դեպքերում գերազանցում են ֆինանսական կարզմակերպության առաջարկած վարկերի կամ փոխառությունների տոկոսադրույքը, ինչն, ըստ պատգամավորների, անթույլատրելի է: Նախագծում նշված է, որ նման ֆինանսական կազմակերպությունները, վարկառուներին առաջարկելով որոշ բարենպաստ պայմաններ (վարկի արագ տրամադրում, ցածր ապահովագրական վճար, գրավի նկատմամբ սահմանափակումներ չկիրառելու պայման եւ այլն), ֆինանսական շուկայում զբաղեցնում են բարձր դիրք: Վերջիններս, օգտագործելով քաղաքացիների մի մասի ֆինանսական գիտելիքների պակասը, ստանում են գերշահույթ՝ վարկառուների շրջանում առաջացնելով լրացուցիչ, չնախատեսված ֆինանսական բեռ:

Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի փետրվարի 1-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter