HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի խորհրդարանը մերժեց ընտրական համակարգը փոխելու նախագիծը. ցույցերը վերսկսվում են

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Վրաստանի խորհրդարանը մերժեց երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի՝ փոխվելու էր ընտրական համակարգը եւ անցում էր կատարվելու լիովին համամասնական ընտրական համակարգի։

Փոփոխությունների նախագիծն ընդունելու համար հարկավոր էր ընդհանուր ձայների 3/4-ը՝ 113 ձայն։ Քվեարկությանը ներկա էր 141 պատգամավոր։

Նախագծին դեմ է քվեարկել 3 պատգամավոր, իսկ 37 հոգի ձեռնպահ է մնացել։ «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանական մեծամասնությունն է, կուսակցության 104 պատգամավորներից միայն 57-ն է կողմ քվեարկել նախագծին, իսկ ընդդիմադիր կուսակցությունների բոլոր 44 պատգամավորները կողմ են քվեարկել։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիս ամսին Թբիլիսիում ցույցերի ժամանակ ընտրական համակարգի փոփոխումը ցուցարարների հիմնական պահանջներից մեկն էր։ «Վրացական երազանք»-ը համաձայնել էր կատարել այս պահանջը։ Խորհրդարանում փոփոխությունների նախագիծը պատրաստվում էր մի քանի ամիս, քվեարկությունը արդեն երկու անգամ տեղափոխվել էր։

2020-ի հոկտեմբեր ամսին Վրաստանում անցկացվելու են խորհրդարանի ընտրություններ եւ, ըստ էության, «Վրացական երազանք» կուսակցությունը հավատարիմ չմնաց իր խոստմանը։

Քվեարկությունից հետո «Վրացական երազանք»-ի խմբակցությունից 6 պատգամավորներ հայտարարեցին, որ վայր են դնում իրենց մանդատները։

«Մեզ համար այս փոփոխությունները շատ սկզբունքային էին...սահմանադրական փոփոխությունների տապալումը շատ լուրջ է, մենք սրա համար չենք կարող պատասխանատվություն վերցնել»,- ասել է պատգամավոր Թամար Չուգոշվիլին։

Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գիգա Բոկերիան նշել է, որ «ընդունված որոշումը աղետալի հետեւանքներ կունենա երկրի համար, այդ թվում նաեւ՝ Իվանիշվիլիի»։

Խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Մամուկա Մդինարաձեն, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների քննադատությանը, նշել է, որ պատգամավորները ստրուկ չեն. «նախկինում մեծամասնության պատգամավորներին կոճակ սեղմող էին անվանում, հիմա տեսեք, որ այդպես չէ»։

 «Ես հիասթափված եմ»,- այս բառերով է արձագանքել «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին։ 

Նա նշել է, որ ընտրական համակարգի փոփոխությունը կոնսենսուսային որոշում չէր կարող լիներ կուսակցության ներսում, քանի որ պատգամավորներից շատերի մոտ այս փոփոխությունները «երբեք պոպուլյար չեն եղել»։

«Ամոթ է» քաղաքացիական նախաձեռնության անդամներն արդեն հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ։ Այսօր՝ ժամը 19:00-ին, հայտարարվել է քաղաքացիական մոբիլիզացիա խորհրդարանի շենքի մոտ։


Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, կոչ անելով քաղաքացիներին գործել օրենքների սահմաններում, ենթարկվել ոստիկանության պահանջներին եւ չփակել խորհրդարանի մուտքերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter