HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի արտաքին քաղաքականությունն ուշադրության կենտրոնում է հայտնվել

Թբիլիսին ամրապնդել է բարեկամական հարաբերությունները Թեհրանի եւ Վաշինգտոնի հետ եւ առճակատման մեջ ներքաշվելու ոչ մի ցանկություն չունի:

Մինչ վրացական ոստիկանությունը քննում է իսրայելյան դիվանագետի մեքենայում տեղադրված պայթուցիկի հետ կապված միջադեպը, վերլուծաբանները նշում են, որ իշխանությունները խիստ անհանգստացած են եւ փորձում են անել ամեն հնարավորը, որպեսզի միջադեպը չվնասի Վրաստանի արտաքին քաղաքականությանը:

ԱՄՆ-ի դաշնակիցը լինելով`Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ է հաստատել նաեւ հարեւան Իրանի հետ`փորձելով այսպիսով նվազեցնել սեփական կախվածությունը Ռուսաստանից:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն հայտարարել է, որ Իսրայելի դեսպանատան աշխատակցի մեքենայում ռումբի հայտնաբերման եւ վնասազերծման հետ կապված գործի նախաքննությունը «առաջնահերթ խնդիր» է հանդիսանում ոստիկանության համար:

Նախագահի աշխատակազմի կողմից տարածված առանձին հայտարարության մեջ նաեւ նշվում էր, որ Սահակաշվիլին այս «միջադեպը խիստ նշանակալի մարտահրավեր է համարում մեր պետության համար»:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Թեհրանում տեղի ունեցած միջուկային ֆիզիկայի մասնագետների մի շարք սպանությունները սպասվող հնարավոր վրեժխնդրության վերաբերյալ մտավախություններ են առաջացնում:

Իսրայելն իր հերթին մեղադրում է իրանցի գաղտնի գործակալներին Թբիլիսիում իսրայելյան դիվանագետի մեքենայում ռումբ տեղադրելու եւ Հնդկաստանում պատահած նմանատիպ միջադեպը կազմակերպելու մեջ, որի պատճառով երկու մարդ է վիրավորվել: Եվս 3 իրանցիներ ձերբակալվել են Թայլանդում`նրանց մոտ հայտնաբերված պայթուցիկ նյութերի հետեւանքով տեղի ունեցած պատահարի պատճառով:

Վրաստանի կառավարությունը պատրաստ չէր մեկնաբանելու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այն հայտարարությունը, որ ռումբերը Թեհրանի եւ նրա պատվիրատուի`«Հեզբոլլահ»-ի ձեռքի գործն են:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն, ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, փորձեց խույս տալ Իրանի ներգրավվածության խնդրի հետ կապված մեկնաբանություններից:

«Հույս ունենք, որ ոչ ոք չի կասկածում մեր իրավապահ մարմինների աշխատանքի արդյունավետությունը: Նրանց կատարած նախաքննության ավարտին մենք հրապարակայնորեն կներկայացնենք մեր մեկնաբանությունները», - հայտարարել էր նա:

Վրաստանը եւ Իրանը համեմատաբար լավ հարաբերություններ ունեն, իսկ 2010-ից երկու երկրների քաղաքացիների համար մինչեւ 45 օր տեւողությամբ այցերի դեպքում մուտքի արտոնագրեր այլեւս չեն պահանջվում:

Հակամարտությունների եւ բանակցությունների ռազմավարության միջազգային կենտրոնի տնօրեն Գեորգի Խուցիշվիլին ասում է, որ կառավարությունը ձգտում է կարգավորել բարդ արտաքին հարաբերությունները`փորձելով ամրապնդել իր դիրքերը այս տարվա հոկտեմբերին կայանալիք ընտրությունների նախաշեմին:

«Իշխանությունները փորձում են պատշաճ մակարդակի վրա պահպանել հարաբերությունները Իրանի հետ. նրանք ընդունել են առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը եւ մի շարք այլ համաձայնագրեր են ստորագրել`միեւնույն ժամանակ իրենց ծառայություններն առաջարկելով ԱՄՆ-ին, եթե իրադրությունը վատթարանա: Շատ դժվար է պահպանել հավասարակշռությունը նման հանգամանքներում»,  - ասում է Խուցիշվիլին:

Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր եւ քաղաքական վերլուծաբան Ռամազ Սակվարելիձեն ասում է, որ Վրաստանը կարող է օգտագործել այս միջադեպը իր արեւմտյան դաշնակիցներից հետագայում աջակցություն ստանալու նպատակով:

«Քաղաքականության էությունը երբեք չի փոխվում: Եթե հնարավոր է իրադրությունն օգտագործել սեփական շահերի համար, ապա այդպես էլ արվում է: Այս իրադրությունը նման հեռանկարներ ունի», - կարծիք է հայտնել նա:

Սակվարելիձեն նշում է, որ Վրաստանը ներկայում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բարդ իրադրության մեջ է հայտնվել, սակայն դժվար թե տարածաշրջանային հակամարտությունն ուղղակի ազդեցություն ունենա երկրի վրա:

«Երբ բարիդրացիական հարաբերություններ ունեք մի կողմի հետ եւ հանդիսանում եք մյուս կողմի ռազմավարական դաշնակիցը, բայց այս երկու երկրները թշնամական հարաբերությունների մեջ են, ապա մեծ խնդիրներ կարող են առաջանալ: Եթե իրադրությունն ավելի բարդանա, Վրաստանի իշխանություններին դժվար կլինի պահպանել հավասարակշռությունը», - ասում է նա:

«Բայց մենք կարող ենք մխիթարվել այն փաստով, որ երկու կողմերը խուսափել են նմանատիպ կոնֆլիկտային իրադրություններում հարեւաններին ներգրավելուց: Պետք է հիշել, թե ինչպես ԱՄՆ-ը հաշվի առավ Թուրքիայի շահերը Իրաքյան հակամարտության ժամանակ», - հավելել է Սակվարելիձեն:

Թեո Բիչիկաշվիլի, Կովկաս  

Կովկասյան լրատու # 629, 17-ը փետրվարի, 2012թ.

Թեո Բիչիկաշվիլին «GHN» լրատվական գործակալության թղթակիցն է:

www.iwpr.net 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter