HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Փտախտով հիվանդ կալանավորը 1տարի 10 ամիս է՝ անազատության մեջ է

Գոռ Մանուկյանը 1 տարի 10 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Ծնողները և կալանավորի պաշտպանները պայքարում են, որպեսզի խափանման միջոց կալանավորումը փոխարինվի մեկ այլ միջոցով։ Գոռն ունի ծնոտի օստեոնեկրոզ (անոթազուրկ մեռուկ), հեպատիտ C հիվանդությունները։ Մայրը՝ Կարինե Սամսոնյանն ասում է, որ այս հիվանդությունները չեն կարող համատեղելի լինել կալանքի հետ։

30-ամյա Գոռ Մանուկյանն ազատվել է զինվորական ծառայությունից, ունի նաեւ նևրոտիկ խանգարումներ, մյուս հիվանդությունները ձեռք է բերել հետագայում։

Վերջինիս պաշտպան Վարդուհի Էլբակյանն ասում է, որ դատարան ուղարկված, հիվանդություններով պայմանավորված միջնորդությունը՝ կալանավորի ազատ արձակվելու վերաբերյալ, մերժվել է, քանի որ Կառավարության 825 որոշումը վերաբերում է միայն դատապարտյալներին, իսկ կալանավորի վերաբերյալ որևէ որոշում չկա։ Մերժվել է նաև գրավը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։

Գոռ Մանուկյանը երկու անգամ վիրահատվել է, վերջին վիրահատությունը եղել է 2019-ի ապրիլին՝ հեռացվել է վերին ծնոտի ձախ հատվածը։ Սակայն սրանով բուժումն ամբողջությամբ չի ավարտվել։ Փաստաբանը և մայրը պնդում են, որ Գոռի մաշկի վրա պարբերաբար առաջանում են վերքեր, բուժումը կալանքի պայմաններում անհնար է դառնում։ «Գոռին ստացիոնար բուժում է անհրաժեշտ»,-ասում է Վարդուհի Էլբակյանը ։

Գոռ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 266 ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելըև 268՝ թմրամիջոցների կամ հոգեմետնյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի հոդվածներով։

Գործը դատարանում է, քննում է դատավոր Վաչե Մարգարյանը։

Մեղադրանքի հիմքում 0,46 գրամ «սփայս» տեսակի թմրանյութն է, ըստ Էլբակյանի՝ թմրանյութի հետ եկել են նաև ցավազրկող դեղեր՝ դիմեդրոլ, անալգին, փորձագետները չեն կարողանում սինթեզել և առանձնացնել զուտ թմրանյութը, մեղադրանքի հիմքում 1 վկայի՝ Արթուր Հայրապետյանի ցուցմունքն է։ Վերջինս եւս եղել է ամբաստանյալի կարգավիճակում, սակայն համաներմամբ ազատ է արձակվել։

«Էդ տղայի (նկատի ունի վկային, հեղ.) մոտ 3,12 գրամ է հայտնաբերվել, իմ տղայի վրա՝ 0,46 գրամ, ինչ փոխվեց, որ էդ տղայի վրայից մեղադրանքը դուրս եկավ, ինքն ուղղակի սուտ մատնություն տվեց»,- ասում է Կարինե Սամսոնյանը։

Փաստաբանը պնդում է, որ Գոռի նկատմամբ թմրանյութի իրացման վերաբերյալ հոդված է առաջադրվել այն բանից հետո, երբ Գոռը ձերբակալվելուց հետո դեպքը նկարագրելիս ասել է, որ «ծառի տակից թմրանյութը վերցրել է եւ տվել Արթուրին»։

Մյուս՝ 268-րդ հոդվածը Գոռ Մանուկյանը եւ հարազատները չեն վիճարկում, ասում են, որ Գոռը սուր ցավեր է ունեցել, դրա համար է օգտագործել թմրանյութ։

Կառավարության 825 N որոշմամբ՝ փտախտը անհամատեղելի է պատժի կրման հետ։ «Մենք առաջին միջնորդության մեջ գրել ենք, որ գրավ կիրառեն, իսկ որպես հիմնավորում նաև առողջական վիճակն էինք մատնանշել, դատավորն իր որոշման մեջ նշել է, որ քանի որ 825 N որոշումը կիրառելի է դատապարտյալների դեպքում, դատարանում քննարկման առարկա չէ»,- ասում է Էլբակյանը, հավելելով, որ հարցը գլոբալ է, քանի որ որոշման անցումային դրույթները ևս հին կարգով են կարգավորվում։

«Մինչև Գոռ Մանուկյանը դառնա դատապարտյալ, շատ բան կփոխվի»,- ավելացնում է փաստաբանը։

Մանուկյանը վիրահատվել է քաղաքացիական հիվանդանոցում, ըստ այդմ՝ դատարանը գտել է, որ նա  ներկայում զրկված չէ նեղ մասնագիտական բուժում ստանալու հնարավորությունից։

Գոռի մոտ Հեպատիտ C հիվանդությունն ի հայտ է եկել 5 տարի առաջ, դիմել են բուսաբուժության, մայրն ասում է, որ բույսերով եւ նարեկաբուժությամբ Գոռի վիճակը կայուն է պահել, իսկ փտախտի ախտանիշը ի հայտ է եկել բանտում։

Որդին գանգատվել է ծնոտի ցավերից։ «Գոռի մոտ oստեոմիելիտ (ոսկրածուծաբորբ) հիվանդություն էր։ Վիրահատությունից հետո ասացին, որ պետք է մնամ «Արմենիա» ԲԿ-ում եւ խնամեմ որդուս, հետագայում տված տեղեկանքի մեջ գրված է, որ 54 օր եղել եմ հիվանդանոցում, խնամել նրան, սակայն, երբ ես եկել եմ հիվանդասենյակ, նրան արդեն տեղափոխում էին «Նուբարաշեն» ԲԿ, կատետերը միացրած տեղափոխել են, կատետերը «Նուբարաշենում» են հանել», - պատմում է Կարինե Սամսոնյանը։ Երկրորդ վիրահատությունը կատարել են «Աստղիկ» ԲԿ-ում։

Գոռ Մանուկյանը այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մեկուսարանում։ Հարազատները նրան ուղարկում են դեղամիջոցներ, քսուքներ, սակայն սրանք բավարար չեն, հիվանդությունը զարգանում է։

«Բացի ցավազրկողներից, Գոռին հատուկ սնունդ եւ հիգիենա է պետք, նաեւ բժշկի մշտական հսկողություն է պետք, մաշկը բորբոքվում է, թարախակույտ է հավաքվում։ Ինչպես են ասում, որ կարող է նեղ մասնագետների հսկողություն ներքո լինել, եթե ոչ միայն «Նուբարաշենում», այլեւ «Դատապարտյալների հիվանդանոցում» չկա դիմածնոտային վիրաբույժ»,- ասում է Վարդուհի Էլբակյանը։ 

Գոռ Մանուկյանի գործով դատական հաջորդ նիստը նշանակվել է նոյեմբերի 25-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter