HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրգործեր` Շիրակի մարզի հանրակրթական դպրոցներում հայտնաբերված՝ աշխատանքի չհաճախող աշխատակիցներ պահելու դեպքերով

Շիրակի մարզի դատախազությունում, ինչպես ավելի վաղ հայտնել էր գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը, ձեռք էին բերվել տվյալներ մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում` հատկապես ուսումնաօժանդակ մասի հաստիքներին նշանակված անձանց կողմից ընդհանրապես կամ մասնակիորեն աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու պայմաններում նրանց անվամբ, փաստաթղթերի կեղծմամբ, աշխատավարձերի կամ այլ վճարների գումարներ հատկացնելու, դրանք հափշտակելու վերաբերյալ, որոնց առթիվ դատախազության հանձնարարությամբ նախապատրաստվել են նյութեր:

Այսօր` նոյեմբերի 15-ին, տարածված հաղորդագրությամբ, դատախազությունը տեղեկացնում է, որ երեք դպրոցներում պարզված հանգամանքների առթիվ արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր:

Մասնավորապես, ոստիկանության Կումայրի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Գյումրու թիվ 24 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2014-2018թթ. տարբեր ժամանակահատվածներում որպես գործավար, հավաքարար, գրադարանավար և տնտեսվար գրանցվել են անձինք, որոնք փաստացի չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Մեկ դեպքում է պարզվել , որ անձին բակապահի հաստիքին 0.5 դրույքով նշանակելուց մոտ մեկ ամիս անց, այդ ընթացքում աշխատանք չկատարելու պայմաններում, տրամադրվել է նախածննդյան և հետծննդյան արձակուրդ: Աշխատաժամանակի տեղեկագրերի կեղծմամբ այդ անձանց անվամբ որպես աշխատավարձ կամ այլ վճարումներ, հատկացվել է ընդհանուր շուրջ 3մլն դրամ, որը  վատնման կամ յուրացման եղանակով հափշտակվել է:

Նշված փաստերի կապակցությամբ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնում նախապատրաստված նյութերով էլ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Մեծ Սարիարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անձը 2017թ. օգոստոսից մինչև 2019թ. փետրվար գրացված է եղել որպես համակարգչային օպերատոր, չի հաճախել աշխատանքի, սակայն նրան է փոխանցվել կազմակերպության դրամական միջոցներից վճարված խոշոր չափերի ընդհանուր մոտ 1.4մլն ՀՀ դրամ գումարը, ինչպես նաև տրամադրվել է նախ նախածննդյան և հետծննդյան, ապա երեխայի խնամքի նպատակային արձակուրդ:

Նույն բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է նաև, որ 2019թ. օգոստոսի 27-ին «Լեռնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո անձը փաստացի աշխատանքի չի հաճախել, սակայն պաշտոնեական կեղծիք կատարելով հաստատել է մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ իր անվամբ բոլոր աշխատանքային օրերին աշխատանքային պարտականությունները կատարած լինելու հանգամանքը հավաստող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը: Ապա շրջանառության մեջ դնելով բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերը՝ ստացել և յուրացման եղանակով հափշտակել է իր անվամբ հաշվարկված և կազմակերպության դրամական միջոցներից վճարված զգալի չափերի գումարները:

Նկատի ունենալով, որ նշված վերջին երկու դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ Ոստիկանության Ախուրյանի բաժնում հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի տարբեր մասերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Այս ոլորտում ուսումնասիրությունները կրելու են պարբերական բնույթ, որոնց արդյունքների մասին նաև կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter