HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանում մեկնարկեց Եվրանեսթ ԽՎ-ի հանձնաժողովի նիստը

Ազգային ժողովի նիստերի դահլիճում փետրվարի 22-ին, առաջին անգամ Եվրամիության տարածքից դուրս, մեկնարկեց Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի,  կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Նիստը վարող` հանձնաժողովի համանախագահ, ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը ողջունեց ներկաներին եւ շնորհակալություն հայտեց արտագնա նիստը կազմակերպելու համար ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբին, Եվրանեսթի քարտուղարությանը, խորհրդարանի աշխատակազմին: Նիստին հրավիրված էին նաեւ քաղաքացիական հասարակության ֆորումի հայկական պլատֆորմի ներկայացուցիչները:

Բանախոսն ընդգծեց Եվրանեսթի կարեւոր  դերակատարությունը  թե Եվրամիությանն ինտեգրվելու, եւ թե միմյանց հետ երկխոսելու առումով` նշելով, որ հասարակության մեջ մեծանում է հետաքրքրությունը Արեւելյան գործընկերություն եւ մասնավորապես դրա խորհրդարանական ձեւաչափի նկատմամբ: Հայաստանը կարճ ժամկետում հաջողությամբ  ինտեգրվել է վեհաժողովի բոլոր չորս հանձնաժողովներին եւ ակտիվորեն աշխատում  է նաեւ ոցիալական հարցերի,  կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի շրջանակներում, որի գործունեության ոլորտում են կարեւոր ուղղություններ: Արտակ Զաքարյանի համոզմամբ` ներգրավվածությունն ու համագործակցությունը պետք է լինեն Եվրանեսթի ոգին` տեղ չթողնելով հակասություններին: Նա  կոչ արեց Արեւելյան գործընկեր երկրներին միասին աշխատել Եվրանեսթի շրջանակներում` փոխըմբռնման ու փոխշահավետության պայմաններում:

Նիստի մասնակիցներին ողջունեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:

«Հարգարժան խորհրդարանականներ, նախարարներ,

Հարգելի հյուրեր,

Նախ` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ` Եվրանեսթի արտագնա նիստին մասնակցելու համար, որն իր հիմնադրումից` 2011 թ. մայիսից ի վեր առաջին անգամ է անցկացվում Եվրոպական միության կառույցներից դուրս` Հայաստանի Հանրապետությունում: Ուրախ եմ, որ այս նիստին իր մասնակցությունն է բերում նաեւ Ադրբեջանի պատվիրակությունը:

Ավելի քան 5 տարի առաջ Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովն առաջարկեց Եվրանեսթի գաղափարը Պրահայում` Արեւելյան գործընկերության հռչակումից 3 տարի առաջ, եւ ես ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ ձեր կատարած աշխատանքի եւ հետեւողական լինելու համար, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ իրականություն դարձնել այս եզակի նախաձեռնությունը: Ինձ հայտնի է, թե ինչ դժվարությամբ է կայացել այս  նախագիծը եւ ես հպարտ եմ Հայաստանի պատվիրակության ցուցաբերած իրական աջակցության համար` դեռևս 2010թ. հունիսին անցկացված առաջին նախապատրաստական հանդիպման ժամանակ: Ուրախ եմ նշել, որ դժվարությունները ետեւում են եւ, առաջնորդվելով միության, համերաշխության, արդարության, ազատության գաղափարներով, համախմբվել ենք միասնության ամրապնդմանն ուղղված ընդհանուր նպատակի շուրջ` դիմագրավելու առկա մարտահրավերները եւ նոր բաժանարար գծեր ստեղծելու գայթակղությունը: Վստահ եմ, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը լավագույն հարթակն է Արեւելյան գործընկերության խորհրդարանական գնահատման, ինչպես նաեւ միջազգային իրավունքի սկզբունքների եւ Պրաhայի հռչակագրի հիմքում ընկած հիմնարար արժեքների, այդ թվում` ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հանձնառության համար:

Հայտնի փաստ է, որ անհնար է բարեփոխումներ իրականացնել առանց համոզմունքի, վստահության և քաղաքական կամքի առկայության: Այս միջխորհրդարանական վեհաժողովն Արեւելյան գործընկերության քաղաքականության իրականացման խորհրդարանական կառույցն է, որը նպաստում է քաղաքական ասոցացման գործընթացի արագացման, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ մյուս արեւելյան գործընկերների հետագա տնտեսական ինտեգրման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: Համոզված եմ, որ վեհաժողովը, որպես խորհրդարանական խորհրդատվության, վերահսկողության և գործընկերության մոնիտորինգի պատասխանատու հաստատություն, մեծապես կնպաստի գործընկերության հզորացմանը, զարգացմանը և թափանցիկության ապահովմանը: Եվրանեսթը էական կշիռ է հաղորդում մեր միջազգային կապերին եւ խորհրդարանական դիվանագիտությանը` լրացուցիչ խթան հանդիսանալով խորհրդարանականների եւ մեր հասարակությունների   միջեւ շփումների ակտիվացման համար:  Միաժամանակ, մեր ներգրավվումը Եվրանեսթում տեսնում եմ երկու փոխլրացնող սկզբունքների հիման վրա` մի կողմից, դա հոգեւոր միասնության սկզբունքն է, որն իր մեջ ներառում է բազմակողմանի մոտեցումը եւ համընդհանուր շահի ընկալումը, մյուս կողմից` դա տարբերակման սկզբունքն է: ԵՄ հետ համագործակցության խորացումը և ինտեգրման գործընթացը պետք է պայմանավորված լինեն յուրաքանչյուր առանձին անդամ պետության արձանագրած առաջընթացով:

Արդյոք Եվրանեսթը կդառնա համագործակցության շրջանակ թե ոչ, կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպես ենք oգտագործում այս առանձնաշնորհները: Ես կառաջարկեի պահպանել այս ոգին եւ կենտրոնանալ ԵՄ-ի եւ մեզ համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացումը, Եվրոպական Միության հետ խորը և համապարփակ ազատ առեւտրի տարածքի ստեղծումը, ասոցացման համաձայնագիրը: Կարծում եմ` դրանք պետք է լինեն մեր ընդհանուր քաղաքական օրակարգում, եւ ոչ թե այն հարցերը, որոնք միտված են նոր բաժանարար գծերի ստեղծմանը:

Խնդրահարույց հարցերով` փոխադարձ համաձայնությամբ եւ միջազգային միջնորդությամբ, զբաղվում են հատուկ կառույցները: Նույնիսկ բարի ցանկությամբ թելադրված  ցանկացած միջամտություն նման զգայուն հարցերին կարող է հաղորդել հավելյալ լարվածություն և հանգեցնել անկանխատեսելի ծանր հետեւանքների տարածաշրջանում: Ուստի եկեք պատասխանատվություն ցուցաբերենք և առավելագույն օգուտ քաղենք Եվրանեսթի խորհրդարանական վեհահաժողովի ձեւաչափից: Հայաստանի Հանրապետության պարագայում` Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների արդյունքում   ամփոփվել է 22 գլուխ: Մյուս անդամ պետությունները գուցե ավելին են արձանագրել: Ուրեմն եկեք օգտագործենք այս եզակի հնարավորությունը գործընթացն առաջ մղելու եւ զերծ մնալու Եվրանեսթն անիմաստ վիճաբանության ամբիոնի վերածելու գայթակղությունից:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վերջերս հաջողությամբ իրականացրեց բարեփոխումներ` ընդունելով եվրոպական չափանիշներին համապատասխան նոր Ընտրական օրենսգիրք, որն արժանացել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դրական եզրակացությանը: Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք կօգտագործենք այս կարեւոր գործիքը ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար:

Եվրոպան այսօր մարդու հիմնարար իրավունքների և ազատության պաշտպանության, հանդուրժողական հասարակության ձեւավորման  և ներդաշնակ համակեցության լավագույն օրինակն է: Այս մղումով է բացատրվում Եվրոպական Միության շահագրգռվածությունը Եվրանեսթի շրջանակներում համագործակցելու Հարավային Կովկասի երեք պետությունների հետ:

Եզրափակելով խոսքս` թույլ տվեք հայտնել, որ Հայաստանի համար Եվրանեսթն ինքնանպատակ չէ, այլ անհրաժեշտ քայլ` Եվրոպական Միությանը հետագա ինտեգրման ճանապարհին:

Եկեք բաց չթողնենք այս հնարավորությունը:

Կրկին անգամ ողջունում եմ ձեզ Հայաստանում եւ հաջողություն մաղթում հանձնաժողովի աշխատանքներին: Վստահ եմ, որ այն իր կարեւոր դերն ունի Արեւելյան գործընկերության նպատակների իրականացման եւ Եվրանեսթի գաղափարի կենսագործման հարցում:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, ով Հայաստանի կողմից հանդես է գալիս ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցողի դերում, նույնպես ողջունեց խորհրդարանական այս նախաձեռնությունը եւ բնորոշեց այն որպես լավ հարթակ համաեվրոպական արժեքները տարածելու համար: Նա արեւելյան գործընկերությունը համարեց համապարփակ նախաձեռնություն, որը ներառում է համագործակցություն երեք հիմնական` կառավարությունների, խորհրդարանների, քաղաքացիական հասարակությունների մակարդակներում:  Մեր երկիրը  բոլոր երեք հարթություններում ներգրավված է ակտիվորեն, ասաց փոխնախարարը` հավելելով, որ Հայաստանը վճռական է  եվրոպական  ընտանիքին ինտեգրվելու հարցում, եւ դա համահունչ է մեր կատարած բարեփոխումներին:  ԱԳ փոխնախարարը նիստում տեղեկություններ հաղորդեց Խոր և համապարփակ ազատ առևտրի տարածքի հիմնման ու վիզայի դյուրացման և ռեադմիսիոն համաձայնագրերի  շուրջ ընթացող բանակցությունների ու դրանց արդյունքների վերաբերյալ:

Հանձնաժողովի համանախագահ  Լայմա Լյուչիա Անդրիկիենեն նույնպես հանդես եկավ ողջույնի խոսքով: Նրա համոզմամբ` ԵՄ տարածքից դուրս նիստ անցկացնելու հաջողված գաղափարը նոր ուղի կհարթի Եվրանեսթի համար: Տկն. Անդրիկիենեն, խոսելով Արեւելյան գործընկերության ծրագրի մասին, նկատեց, որ ԵՄ-ն արեւելյան երկրներին համարում է կարեւոր գործընկերներ եւ կենսական շահ ունի իր հարեւանների քաղաքական ու տնտեսական զարգացման, անվտանգության ապահովման ու կայունության մեջ` համաձայն ընդլայնված եվրոպական հարեւանություն քաղաքականության: Համանախագահը պետության անկյունաքար համարեց քաղաքացիական հասարկության համագործակցությունը կառավարության հետ` խորհրդարանական վեհաժողովն այդ գործընթացում որպես կամուրջ դիտարկելով: Քաղհասարակության խնդիրներն իրենց հանձնաժողովի ոլորտում են, եւ պետք է նրանց պատշաճ աջակցություն ցուցաբերել, քանի որ առանց վերջիններիս հնարավոր չէ կառուցել ոչ ժողովրդավարություն, եւ ոչ էլ կայուն պետություն: Տկն. Անդրիկիենեն նշեց, որ լուրջ առաջընթաց են տեսնում արեւելյան երկրներում, սակայն անելիքներ եւ բարեփոխումների անհրաժեշտություն դեռ կան` արդարադատության համակարգում, կոռուպցիան նվազեցնելու, խոսքի եւ մտքի ազատությունն ապահովելու, տեղեկատվության իրավունքը պաշտպանելու  եւ այլ հարցերում:

Հանձնաժողովի նիստի օրակարգը հաստատելուց եւ նախորդ` սեպտեմբերին Ստրասբուրգում տեղի ունեցած նիստի արձանագրությունն ընդունելուց հետո, «Եվրանեսթի» պատգամավորներն անցան օրակարգային զեկույցի քննարկմանը: Արտակ Զաքարյանի եւ Իլիանա Մալինովա Յոտովայի հեղինակած զեկույցի նախագիծը`  «Արեւելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության հզորացումը, այդ թվում` կառավարության եւ քաղաքացիական հասարակության միջեւ համագործակցությունը եւ քաղաքացիական հասարակության հնարավորությունների ընդլայնմանը միտված բարեփոխումները»  վերնագրով, առաջարկում է ընդունել բանաձեւ: Այն աջակցություն է հայտնում քաղաքացիական հասարակությունների ու ազգային պլատֆորմների գործունեությանը, միաժամանակ անընդունելի համարում այդ կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտող` ավելորդ իրավական կամ վարչական պարտավորությունները: Նաեւ կոչ է արվում քաղաքական երկխոսության մեջ որպես մասնակցային ժողովրդավարական տարր ներգրավել քաղաքացիական հասարակություններին, խրախուսել նրանց մասնակցությունն ընտրական գործընթացում` դիտորդի կարգավիճակով: Զեկույցը ներկայացնելով` Արտակ Զաքարյանը եւ Քրիստիան Սիլվիու Բուշոյը նշեցին, որ պատմական, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակը Արեւելյան գործընկերության վեց երկրներից յուրաքանչյուրում տարբեր է, սակայն քաղաքացիական հասարակություններն ընդհանուր շատ բան ունեն: Նաեւ ընդգծեցին քաղաքացիական հասարակությունների կարեւոր դերը տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն ապահովելու, բնապահպանական, էներգետիկ անվտանգության եւ այլ ոլորտներում համագործակցելու, նաեւ`  ազգային պլատֆորմների եւ  իշխանությունների միջեւ երկխոսություն ծավալելու հարցում:

Ադրբեջանական պատվիրակության անդամ Ազայ Գուլիեւը զեկույցի նախագծի վերաբերյալ իր հարցադրումներում եւ առաջարկություններում անդրադարձավ տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության խնդրին: Մասնավորապես նա  առաջարկեց մտածել տարածաշրջանային խոչընդոտների մասին` ասելով, որ դրանք հակասում են տարածաշրջանային համագործակցության սկզբունքին, ինչպես նաեւ խաղաղությանն եւ ԵՄ չափանիշներին: Նրա խոսքերով` Եվրանեսթը կարող է դառնալ խնդիրների լուծման լավ հարթակ, քաղաքացիական հասարակություններն էլ իրենց հերթին կարող են նպաստել դիրքորոշումների մոտեցմանը:

Եվրախորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ և ռեֆորմիստներ խմբից Միլան Ցաբրնոխն առաջարկեց փոփոխություն կատարել զեկույցի 9-րդ կետում` ՙեվրոպական սոցիալական մոդել՚ արտահայտությունը փոխելով ավելի ընկալելի ու պարզ ձևակերպումով, հստակություն մտցնել արհմիությունների և գործատուների իրավունքների ձևակերպման մեջ:

Եվրախորհրդարանի կանաչների խմբից Տատյանա Ժդանոկան առաջարկեց քաղաքացիական հասարակության միավորումները սահմանազատել` մասնավորապես կոնկրետացնելով ՀԿ-ների, կրոնական միավորումների և ազգային փոքրամասնությունների գործառույթները:

ԱԺ պատգամավոր, Եվրանեսթի ԽՎ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի առաջին առաջարկը տեխնիկական բնույթ ուներ, որը վերաբերում էր 16-րդ կետում տերմինի ոչ համարժեք թարգմանությանը, իսկ երկրորդ առաջարկը վերաբերում էր համագործակցության խնդրին: Ողջունելով ադրբեջանցի պատգամավորի` առանձին ոլորտային ծրագրերի իրականացման վերաբերյալ առաջարկը` նա կարևորեց համազեկուցողների ներկայացրած փոխըմբռնման ոգին պահպանելու խնդիրը:

ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ընդունելի համարեց, որ ադրբեջանցի պատգամավորը կարևորում է փոխվստահությունն ու տարածաշրջանային համագործակցությունը, ինչը մինչ այդ բացակայում էր ցանկացած ձևաչափով հանդիպումների ժամանակ:

Ի պատասխան հայ գործընկերների` պարոն Գուլիևն ասաց, որ իրենք կողմ են տարածաշրջանային համագործակցությանը, բայց երկկողմ համագործակցության առումով դժվարություններ շատ կան` կապված ԼՂ հիմնախնդրի հետ, ուստի պետք է քայլ անել այդ հիմնախնդիրը  լուծելու համար:

Նաիրա Զոհրաբյանը և Արտակ Զաքարյանը ադրբեջանցի գործընկերոջը բացատրեցին, որ այդ խնդիրը Եվրանեսթի իրավասության սահմաններում չէ. դրանով զբաղվում է Մինսկի խումբը: Նրանք հույս հայտնեցին, որ այդ ֆորմատով խաղաղ բանակցությունների միջոցով կկարգավորվի ԼՂ հիմնախնդիրը:

ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը հորդորեց ադրբեջանցի գործընկերներին ձեռնպահ մնալ այն խնդիրների հրապարակումից, որոնք այս ձևաչափով լուծելի չեն: Անդրադառնալով զեկույցին` նա առաջարկեց արևելյան գործընկերության 6 երկրներում քաղաքացիական հասարակությունների վիճակի մասին ուսումնասիրություններ կատարել, մոնիտորինգ անցկացնել առանձին-առանձին, բայց նույն ձևաչափով, որպեսզի հասկանալի լինեն ընդհանուր պատկերն ու հետագա անելիքները:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը արձանագրեց, որ 1992-ից մինչև 2002 թվականը հարավկովկասյան երեք հանրապետություններում քաղաքացիական հասարակության ակտիվ համագործակցություն է եղել: ՙՈչ թե պարզապես փորձի փոխանակություն պետք է անել, ինչպես առաջարկվում է, այլ եղած փորձը հաշվի առնելով` պետք է  վերսկսել համագործակցությունը՚, - ասաց բանախոսը: Նա հավաստիացրեց, որ քաղաքացիական հասարակության հայ ներկայացուցիչները միշտ պատրաստ են մասնակցելու նման ծրագրերի իրականացմանը:

Ադրբեջանցի Ռովշան Ռզաևի գնահատմամբ` երկու երկրների զարգացման համար էլ կարևոր է առողջ քաղաքացիական հասարակություն ունենալը, ուստի պետք է փոխըմբռնման  եզրեր գտնել բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցություն ծավալելու համար:

Մոլդովայի խորհրդարանի ներկայացուցիչ Բորիս Վիերուն ողջունեց կառուցողական երկխոսությունը և առաջարկեց հստակեցնել, թե ինչ քաղաքացիական հասարակություն ենք ուզում ունենալ: Այս առումով նա կարևորեց անդամ երկրներում քաղաքացիական հասարակությունների վիճակի ուսումնասիրությունը, որ հետագա քայլերը լինեն նպատակային ու արդյունավետ:

Հանձնաժողովի նիստը քննարկեց և որոշեց առաջարկությունների հաշվառումով նոր զեկույցի ներկայացման վերջնաժամկետ ընդունել մարտի 9-ը: Նիստում նախագահող Արտակ Զաքարյանը խնդրեց մասնակիցներին մինչ այդ ժամկետը ներկայացնել առաջարկներ:

Նիստի օրակարգի 4-րդ կետը վերաբերում էր Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչների հետ  ՀՀ քաղաքացիական հասարակության  վիճակին առնչվող քննարկումներին:

Զեկուցումով հանդես եկավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան  Կարեն Անդրեասյանը: Նա ներկայացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործառույթներն ու խնդիրները, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը, կատարած համատեղ քննարկումները, ակցիաները, միջոցառումները: Նրա գնահատմաբ` քաղաքացիական հասարակության մեջ ամեն ինչ հարթ ու միանշանակ չէ, բայց մի բան պարզ է. հասարակությունը ավելի ու ավելի է զգում իր կարևորությունը ու դառնում նպատակասլաց, իսկ հասարակական նախաձեռնություններն ու շարժումները որոշ հարցեր լուծելիս երբեմն ավելի արդյունավետ քայլեր են իրականացնում, քան պետական մարմինները: Նրանց խոսքը ավելի ու ավելի լսելի է դառնում:

Պարոն Անդրեասյանը ներկայացրեց ՀՀ-ում մարդու իրավունքների խախտման  դեպքերն ու դրանք բացառելու նպատակով կատարվող միջոցառումները:

«Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ոչ միայն կայացած է, այլև իրական ուժ է: Մնում է, որ նրանք ոչ միայն լսելի, այլև ընդունելի լինեն»,-ասաց պարոն Անդրեասյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանեց նաև պատգամավորների հարցերին:

Հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ խոսեցին դատաիրավական համակարգում, հեռուստատեսության, ոստիկանության, ավտոճանապարհային  երթևեկության, բնապահպանության և մի շարք այլ ոլորտներում մարդու իրավունքների խախտման դեպքերի ու դրանք բացառելու ուղիների մասին: 

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կշարունակվի փետրվարի 23-ին: 

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter