HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՄՊՊՀ-ում շուրջ երեք անգամ կրճատվել է բենզինի ծախսը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ՏՄՊՊՀ-ին տրամադրված ծառայողական ավտոմեքենայի թեման վերջերս հաճախ է շրջանառվում զանգվածային լրատվամիջոցներում: ՏՄՊՊՀ-ի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը պարզաբանեց, որ եթե մինչև 2019 թվականի մայիսը հանձնաժողովն ուներ 5 ծառայողական
ավտոմեքենա, ապա այժմ հանձնաժողովի հաշվեկշռում առկա է 2 ավտոմեքենա, ևս
մեկի փաստաթղթային ձևակերպումը դեռևս ընթացքի մեջ է:

«Նշեմ, որ այդ ավտոմեքենան, որը ՏՄՊՊՀ-ին հատկացվել է կառավարության սեպտեմբերի 26-ի որոշմամբ և սահմանված կարգով գտնվում է գրանցման փուլում, նախատեսված է Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի, հանձնաժողովի 6 անդամների և ամբողջ աշխատակազմի սպասարկման համար: ՏՄՊՊՀ-ն պարբերաբար ստուգումներ և դիտանցումներ է իրականացնում ամբողջ հանրապետության տարածքում, հետևապես անհրաժեշտություն էր առաջացել նման բարձր անցողունակության ավտոմեքենայի:

Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ Գեղամ Գևորգյանի նշանակումից հետո կրճատվել է հանձնաժողովում առկա ծառայողական ավտոմեքենաների քանակը, ինչպես նաև էականորեն նվազել են բենզինի և սպասարկման ծախսերը:

Եթե մինչև 2019 թվականի մայիսը հանձնաժողովն ուներ 5 ծառայողական ավտոմեքենա, ապա այժմ հանձնաժողովի հաշվեկշռում առկա է 2 ավտոմեքենա, ևս մեկի փաստաթղթային ձևակերպումը դեռևս ընթացքի մեջ է և ունենք վարորդի 1 հաստիք, որը նախատեսված է նախագահի, հանձնաժողովի անդամների և աշխատակազմի սպասարկման համար: Բացի այդ, 2018 թվականի ամբողջ տարում ծախսվել է 10 159 լիտր բենզին, որի դիմաց վճարվել է 4 388 660 դրամ, իսկ 2019 թվականի ամբողջ տարվա համար բենզինի ծախսը կկազմի 3555 լիտր՝ 1 478 880 դրամային
արտահայտությամբ, այսինքն՝ շուրջ երեք անգամ խնայողություն է եղել:

Խնայողություններ ունեցել ենք նաև ավտոմեքենաների սպասարկման ծախսերում՝ եթե 2018 թվականին ծախսել է 1 195 910 դրամ, ապա 2019 թվականին 387 000 դրամ կկազմի ամբողջ տարվա փաստացի ծախսը:

Կցանկանայի նաև անդրադառնալ լրատվամիջոցներից մեկում տեղ գտած տեղեկատվությանը, թե ՏՄՊՊՀ-ին «գերբարձր աշխատավարձի ֆոնդ» և պարգևատրումների արտաբյուջե է տրամադրվել: ՏՄՊՊՀ աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես բոլոր պետական մարմիններում, կարգավորվում են Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքով, հետևապես նման պնդումն առավել քան անհիմն է, հանձնաժողովը չունի արտաբյուջե. ինչպես բոլոր մնացած մարմիններին հանձնաժողովին ևս հատկացված է պարգևատրումների ֆոնդ, որը ոչ ավելին է, քան մյուսներինը:

Վերջում ևս մեկ անգամ ցանկանում եմ հերքել բազմիցս հերքված ապատեղեկատվությունը՝ նախկին պաշտոնյաներից որևէ մեկի հետ Գեղամ Գևորգյանը «քավոր-սանիկական» կապեր չունի»,- նշել է Անի Սմբատյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter