HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը մերժեց ԲՀԿ պատգամավորներ Գագիկ Ծառուկյանին, Իվետա Տոնոյանին, Էդուարդ Բաբայանին հարցաքննության հրավիրելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, այսօր սկսվեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի վերաբերյալ գործով սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող Վյաչեսլավ Հարությունովի գործի քննությունը: Հարությունովը տուժող է եղել Բաբայանի վերաբերյալ քրեական գործով: Ըստ Բաբայանի վերաբերյալ քրեական գործի՝ «Օլիմպավան» մարզական համալիրում Էդուարդ Բաբայանը նրան բազմաթիվ հարվածներ է հասցրել՝ նրա առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելով:

«Օլիմպավան»-ում տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ տուժողի, այսինքն՝ Վյաչեսլավ Հարությունովի հաղորդման համաձայն՝ նրան նախ «հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է»:

Հետագայում Վյաչեսլավ Հարությունովը փոխել է ցուցմունքն ու հայտնել, թե սայթաքել ու վայր է ընկել, իրեն Բաբայանը չի հարվածել, իսկ Գագիկ Ծառուկանն իր «եղբայրն է»:

Միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվել դրա ընթացքում Գագիկ Ծառուկյանի գործողությունները պարզելու և դրանց իրավական գնահատական տալու ուղղությամբ: Քննությամբ, թեև չի հերքվել Ծառուկյանի կողմից Վյաչեսլավ Հարությունովին մեկ անգամ հարվածելու հանգամանքը, Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշման լույսի ներքո «ծեծ» որակվել չի կարող, ուստի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, և գործը դատարան էր ուղարկվել միայն Էդուարդ Բաբայանի մասով:

Թեև Վյաչեսլավ Հարությունովը դատարանում ևս պնդել է, թե Բաբայանն իրեն չի հարվածել, որ ինքն իրեն տուժող չի համարում, Էդուարդ Բաբայանը մեղավոր է ճանաչվել: Պատգամավորի վերաբերյալ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, որից հետո արդեն Հարությունովի նկատմամբ քրեական  հետապնդում է սկսվել սուտ ցուցմունք տալու հոդվածով: Ըստ մեղադրանքի՝ Հարությունովը սուտ ցուցմունքներ է տվել գործի թե՛ նախաքննության, և թե՛ դատաքննության ընթացքում:

Այսօրվա դատական նիստի ընթացքում Հարությունովի պաշտպան Ռոման Սարգսյանը միջնորդեց դատարան հրավիրել և հարցաքննել ԱԺ ԲՀԿ խմակցության պատգամավորներ Գագիկ Ծառուկյանին, Իվետա Տոնոյանին, Էդուարդ Բաբայանին, Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանին և այլ անձանց: Սարգսյանի խոսքով՝ նրանց՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքներում էական հակասություններ են եղել, որոնք չեն պարզաբանվել, նախաքննության ընթացքում նրանց մասնակցությամբ առերեսումներ չեն իրականացվել, նրանք չեն ներառվել նաև Էդուարդ Բաբայանի գործով դատակոչի ցուցակում:

Բացի այդ՝ պաշտպանը միջնորդեց նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից պահանջել Էդուարդ Բաբայանի վերաբերյալ գործի նյութերը:

Միջնորդությունների դեմ մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանն առարկեց. ըստ դատախազի՝ Էդուարդ Բաբայանի վերաբերյալ դատական ակտն արդեն օրինական ուժի է մեջ է մտել, և դրանով անցնող անձանց ցուցունքները չեն կարող քննարկման առարկա դառնալ:

Դատախազը նկատեց՝ տուժողի կարգավիճակ ունեցող Վյաչեսլավ Հարությունովը դատաքննության ամբողջ ընթացքում հանդես է եկել որպես «պաշտպանական կողմ»՝ ամեն ինչ անելով, որպեսզի ապացուցի, որ Էդուարդ Բաբայանը բռնություն չի գործադրել իր նկատմամբ, որ Գագիկ Ծառուկյանն իր ավագ եղբայրն է, ում հետ որևէ կոնֆլիկտ չունի:

Վյաչեսլավ Հարությունովի պաշտպանը դատարանում հայտնեց նաև, որ Հարությունովը բավարար իրավական գիտելիք չունենալու պատճառով չի բողոքարկել Էդուարդ Բաբայանի գործով դատավճիռը, որի արդյունքում այն օրինական ուժի մեջ է մտել և հիմք դարձել իր նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար: Մեղադրող Սարգսյանն, այս հանգամանքին անդրադառնալով, հիշեցրեց, որ Վյաչեսլավ Հարությունովը ներկայացուցիչ է ունեցել դատարանում, ով բավարար իրավական գիտելիքներ է ունեցել:

Դատավորը մերժեց Հարությունովի պաշտպանի միջնորդությունը՝ պատգամավորներին և այլ անձանց դատակոչի ցուցակում ներառելու և հարցաքննելու մասին, ինչ վերաբերում է Էդուարդ Բաբայանի գործը պահանջելուն, դատավոր Գրիգորյանը նշեց, որ այդ գործն արդեն իսկ առկա է Վյաչեսլավ Հարությունովի վերաբերյալ քրեական գործում, և պահանջելու անհրաժեշտություն չկա:

Հարությունովի պաշտպան Ռոման Սարգսյանը հայտնեց, որ դատախազ Վարդգես Սարգսյանին բացարկի միջնորդություն ունի, դատավորը պահանջեց միջնորդությունը գրավոր ներկայացնել, որից հետո նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 11-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter