HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վախվորած ու անատամ խաղը, ըստ գլխավոր մարզչի, այս թիմի առավելագույնն է

«Եվրո-2020»-ի Հայաստան-Հունաստան (0-1) հանդիպումից առաջ ֆուտբոլով հետաքրքրվողները լավ էին հասկանում, որ մեր ընտրանուն շատ դժվար հանդիպում է սպասվում՝ հաշվի առնելով, որ տարբեր պատճառներով թիմից բացակայում էր առանցքային 7 խաղացող: Բայց, թերեւս, քչերն էին սպասում, որ թիմն առաջին իսկ րոպեներից պիտի սեղմվի սեփական տուգանայինին ու մտածի հաշիվ պահելու մասին: Չմոռանանք, որ նախորդ խաղերում մերոնք Լիխտենշտայնին (3-0, 1-1), Հունաստանին (3-2), Իտալիային (1-3), Բոսնիա եւ Հերցեգովինային (4-2) գոլեր են խփել առաջին 20 րոպեներին:

Գաղտնիք չէ, որ նորանշանակ գլխավոր մարզիչը՝ Աբրահամ Խաշմանյանը, պաշտպանական ֆուտբոլի կողմնակից է, նրա գլխավորած «Ալաշկերտը» աչքի է ընկել հենց նման ֆուտբոլով, ինչը, այո, նաեւ հաջողություններ է բերել թիմին ներքին առաջնությունում: Բայց հասկանալի է, որ «Ալաշկերտն» այլ մակարդակ է, ազգային հավաքականը՝ այլ: Ու չնայած որակազրկման պատճառով հույների հետ խաղին չմասնակցած Վարազդատ Հարոյանն առանց կասկածի մեր պաշտպանության հիմնասյունն է, ինչի մասին խոսեց նաեւ Խաշմանյանը, մեծ հաշվով տարօրինակ էր վերջինիս որոշումը՝ Հարոյանի բացակայության պայմաններում հանդես գալ 3 կենտրոնական պաշտպանով, այսինքն՝ խաղալ 5 պաշտպանով: Նախախաղային ասուլիսում Խաշմանյանը նշեց, թե եթե Հարոյանի նման երկու ֆուտբոլիստ ունենար, կխաղային 4 պաշտպանով: Նման տեսակետը, անկեղծ լինենք, վիրավորական է մյուս ֆուտբոլիստների համար ու այնքան էլ չի համապատասխանում իրականությանը:

Ինչեւէ, երեկ Խաշմանյանը դաշտ դուրս բերեց 5 պաշտպանի, ինչը վաղուց չէինք տեսել, բայց դա էլ չօգնեց նրա թիմին: Որքան էլ մարզիչն ու նրա ֆուտբոլիստները բարձր գնահատեն մրցակցի կարգը, իրականությունն այն է, որ հույներն ամենեւին էլ սարսափելի չէին, բայց ահա մերոնք, չգիտես ինչու, առաջատարների բացակայությամբ, սակայն սեփական դաշտում, հայ երկրպագուների աջակցությամբ խաղում էին վախվորած:

Տպավորություն էր, որ ֆուտբոլիստները դաշտ են դուրս եկել պարտվողական, դատապարտվածի հոգեբանությամբ, ինչը նրանց փոխանցվել էր նաեւ մարզչական շտաբի կողմից, որն ընտրել էր խիստ պաշտպանական մարտավարություն՝ 11 հոգուց 8-ն (դարպասապահը, 5 պաշտպաններն ու 2 հենակետայինները) այնպիսի խաղացողներն էին, որոնց գլխավոր գործը պաշտպանությունն էր ու մրցակցի գրոհների խափանումը: Այսքանից հետո հետխաղյա ասուլիսում Խաշմանյանը չհամաձայնեց այն տրամաբանական դիտարկմանը, որ թիմը չափից ավելի պաշտպանական ֆուտբոլ էր խաղում: Սակայն առաջին կեսում (հատկապես մինչեւ 35-րդ րոպեին գոլ բաց թողնելը) մեր հավաքականն ուղղակի սեփական տուգանայինի մատույցներից գնդակ հեռացնողի դերում էր: Մի պահ կար, երբ ամբողջ թիմը, բացի հարձակվող Կարապետյանից, սեղմվել էր սեփական կիսադաշտում, իսկ Խաշմանյանը ձեռքով կոչ էր անում առաջ գալ դեպի մրցակիցը:

Դժվար է հիշել, թե մեր թիմում երբ է կիրառվել ընդգծված պաշտպանական 5-2-2-1 մարտավարությունը: Փաստն այն է, որ դա ոչ միայն չարդարացրեց, այլեւ տապալվեց: 35-րդ րոպեին հույներն, արագ փոխանցումներով խաղարկելով գնդակը, այն հասցրին Լիմնիոսին, որը խաբս տվեց Կամո Հովհաննիսյանին ու բացեց հաշիվը՝ 0-1: Հայրապետյանը դիտորդի դերում էր: Խիտ պաշտպանությունը պարբերաբար ճեղքեր էր տալիս ամբողջ հանդիպման ընթացքում՝ մեկ անգամ մերոնց օգնության հասավ ուղղահայաց դարպասաձողը, երկու անգամ հաջող գործեց Հայրապետյանը, մեկ անգամ էլ վերջինիս ու Ոսկանյանի բացթողումից հետո մեր բախտից հույների խաղացողը մի քանի մետրից չկարողացավ գրավել անպաշտպան դարպասը՝ բարձր հարվածելով:

5 պաշտպանով (Համբարձումյան, Ոսկանյան, Չալըշըր, Իշխանյան, Հովհաննիսյան) խաղից տուժել էր կիսապաշտպանության գրոհային թեւը, որտեղ միայն Բարսեղյանն ու երիտասարդ Վարդանյանն էին: Վերջինս ոչնչով չտպավորեց, եւ նախախաղային ասուլիսում էլ Խաշմանյանը նշել էր, որ Էրիկը դեռ պետք է կայանա իբրեւ հավաքականի ֆուտբոլիստ: Այդքանով հանդերձ, նա Վարդանյանին դուրս բերեց մեկնարկային կազմում: Շատերը երեւի սպասում էին, որ մեր ընտրանին կխաղա իր համար ավանդական դարձած 4-2-3-1 դասավորությամբ, որի շնորհիվ կարելի էր չզիջել դաշտի կենտրոնն ու նույնիսկ հակագրոհների նշանաբանով խաղալու դեպքում խորը պաշտպանության չանցնել, այլ մրցակցին դիմավորել կենտրոնական գծի մոտ: 4-2-3-1 մարտավարության դեպքում կիսապաշտպանության ձախում Գեւորգ Ղազարյանին կարող էր փոխարինել Էդգար Բաբայանը, իսկ Վարդանյանը եթե նույնիսկ մեկնարկից պիտի հանդես գար, ապա ուշադրությունը կկենտրոնացներ գրոհներ կազմակերպելու կամ ենթահարձակվողի գոտում մրցակցին պրեսինգի ենթարկելու վրա: Բայց ամբողջ հարցն այն էր, որ Մխիթարյանի ու Մարկոսի բացակայությամբ Հայաստանի հավաքականում ասքան ժամանակ չի եղել որեւէ մեկը, ով կարողացել է խաղ կառուցել: Հիմա Մարկոսն այլեւս թիմում չէ, մնացել է Հենրիխը, որին դիսպետչերի գոտում ուղղակի չկա այլընտրանք (մի կողմ թողնենք Հենոյի պրոֆեսիոնալիզմն ու այլ որակները):

Որակների մասին: Խաշմանյանը հետխաղային ասուլիսում նշեց, թե սա այս թիմի առավելագույնն է, տղաները նվիրվել են ամբողջությամբ, սակայն փաստն այն է, որ որակապես զիջում են: Համաձայն չենք: Չի կարող երեկվա գորշ խաղը նույն Կամո Հովհաննիսյանի կամ Ալեքսանդր Կարապետյանի պարագայում լինել նրանց առավելագույնը: Այն, ինչ կարող են անել այս տղաները, բոլորս ենք տեսել: Կամ թեկուզ Հայաստան-Մոնտենեգրո խաղը (3-2) հիշենք, որում երբ մեր թիմն առաջին կեսից հետո պարտվում էր 0-2, Արտակ Գրիգորյանը, լինելով հենակետային, նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը, առաջ նետվեց ու, գրավելով մրցակցի դարպասը, բեկեց խաղի ընթացքը: Ինչ վերաբերում է Կամոյին, ապա երեկ վերջինս երեւի իր ամենաթույլ հանդիպումն անցկացրեց ազգային թիմում, նրա խաղում գրեթե ոչինչ չէր ստացվում թե՛ պաշտպանվելիս, թե՛ հարձակվելիս: Այո, Հովհաննիսյանը վնասվածքից ապաքինվում էր ու հիմա այն չէ, ինչ, ասենք, իտալացիների դեմ երեւանյան հանդիպմանը: Սաշան էլ չի կարող առանց կիսապաշտպանության աջակցության միայնակ որակ տալ հարձակմանը:

Բայց հարցն այն է, որ երեկ մեր թիմը բնավորություն ցույց չտվեց, նույնիսկ գոլ բաց թողնելուց նախաձեռնություն չցուցաբերեց ու միայն երկրորդ կեսի սկզբնամասում ինչ-որ փորձեր արեց: Խոսուն է այն փաստը, որ առաջին դիպուկ հարվածը Վլախոդիմոսի դարպասին Բարսեղյանը միայն երկրորդ կեսում կատարեց:

Ըստ ՈւԵՖԱ-ի պաշտոնական վիճակագրության՝ մերոնք միայն 1 անգամ են հարվածել հույների դարպասին, բայց իրականում դրանք 2-ն էին: Երկրորդ դեպքում Տիգրանի հարվածից հետո Վլախոդիմոսը դժվարությամբ հետ մղեց գնդակը, վրա հասած Սարկիսովը գրավեց դարպասը, բայց, ցավոք, նա խաղից դուրս վիճակում էր:

Եթե թիմն ատամ ցույց տար մրցակցին, կռիվ տար դաշտում ու պարտվեր, էլի ընկալելի կլիներ, կարող էինք ասել՝ դե, այսքանն են կարողանում, բայց ոչ այդ կռիվն ու պայքարը տեսանք, ոչ էլ տրամադրվածությունը: Եվ եթե նման խաղն այս թիմի առավելագույնն է, ինչպես Խաշմանյանն է ասում, ապա պետք է ամսի 18-ին Պալերմոյում իտալացիների հետ կայանալիք հանդիպմանը իսկական աղետի սպասենք, քանի որ նրանց եւ հույների մակարդակներն այս պահին անհամեմատելի են: Ավելին՝ իտալացիները կարծես որոշել են «10-ից 10 խփել», երեկ նրանք հյուրընալվելիս բոսնիացիներին հաղթել են 3-0, այսինքն՝ հաղթել են «Եվրո-2020»-ի՝ մինչ այս կայացած բոլոր 9 մրցավեճերում, իսկ 10-րդը լինելու է Իտալիա-Հայաստան խաղը:

Այդ խաղին կարող ենք կրկին տեսնել Հարոյանին, փոխարենը երեկ ստացած 3-րդ դեղինի պատճառով հենակետայինի գոտում կբացակայի Ռումյան Հովսեփյանը: Որքան էլ զգանք առաջատարների պակասը, որոնց տեղն, ըստ էության, խաղով չի ստացվում լրացնել, մեր ֆուտբոլիստներն ամեն կերպ պիտի փորձեն այդ բացը փակել իրենց նվիրվածությամբ, մարզական չարությամբ, արժանի ֆուտբոլ խաղալու ցանկությամբ: Դրա համար միայն կծափահարենք նրանց:

Վերադառնալով ընտրական 10-րդ խմբին՝ նշենք, որ որեւէ անակնկալ չեղավ. Ֆինլանդիան տանը 3-0 առավելության հասավ Լիխտենշտայնի նկատմամբ ու նվաճեց «Եվրո-2020»-ի ուղեգիրը, իսկ բոսնիացիները, ինչպես ասվեց, տանը 0-3 պարտվեցին իտալացիներին:

Հայաստանի հավաքականն առայժմ նահանջել է 4-րդ տեղ, բայց քանի որ բոսնիացիներն ամսի 18-ին հանդիպելու են Լիխտենշտայնին, կարելի է գրեթե վստահ լինել, որ ձեռքից բաց չեն թողնելու ձախողված շրջափուլը հաղթանակով ավարտելու հնարավորությունը: Իսկ դա կնշանակի, որ մեր ընտրանին, ամենայն հավանականությամբ, վերջնարդյունքում կզբաղեցնի այս խմբում իր վարկանիշին համապատասխան տեղը՝ նախավերջին (5-րդ) հորիզոնականը: Ամսի 18-ին կկայանա նաեւ Հունաստան-Ֆինլանդիա հանդիպումը:    

Լուսանկարները՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter