HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Կանաչ տարածքը միայն սիզախոտն ու ծաղիկնե՞րն են, իսկ ծառե՞րը...

Ծանոթանալով Մաշտոցի պողոտայի պուրակի առնչությամբ համաքաղաքացիներին հղած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի փետրվարի 21-ի նամակին` չեմ կարող չարտահայտել տարակուսանքս: Լավ է, իհարկե, որ քաղաքապետը ոչ թե լռում է, այլ նախընտրում է խոսել, բայց քաղաքապետի շրջապատում մի՞թե չկա մեկը, որ համարձակություն ունենա և ասի` հարգելի՛ քաղաքապետ, այս մի հարցում սխալվել եք կամ սխալվել ենք, եկեք այս քարը մեր փեշից թափենք, մանավանդ որ անուղղելի ոչինչ չի կատարվել:

Թերևս ավելորդ է ասել, որ դրանից մեծապես կշահի նաև քաղաքապետի հեղինակությունը, ինչն անհրաժեշտ է ոչ միայն նրան, այլև բոլոր երևանցիներիս:

«Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ տարածքում ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքները ձեռք են բերել հասարակական հնչեղություն...»,- գրել է քաղաքապետն իր նամակի սկզբում: Ընդ որում` քաղաքապետարանի տարբեր ներկայացուցիչների կողմից վերջին օրերին «ոչ կանաչապատ տարածք» բնորոշումը հաճախ է շեշտվում: Հետաքրքիր է` քաղաքապետն ու նրա շրջապատն ի՞նչ են հասկանում «կանաչապատ տարածք» ասելով, նրանց համար կանաչ տարածքը միայն սիզախոտն ու ծաղիկնե՞րն են, ծառերը կանաչ տարածք չե՞ն: Մայրաքաղաքի ղեկավարը պետք է իմանար, որ կառուցվող շինությունները ոչ միայն ծառերի անմիջական հարևանությամբ են, այլև ներառել են մի քանի ծառ:

Վերը նշված իրողությամբ էլ հերքվում է մեջբերված հատվածում առկա մյուս ապատեղեկատվությունը, թե տվյալ տարածքը «զբոսայգուն հարակից» է: Իրականում տարածքը, որտեղ շինարարություն է իրականացվում, ոչ թե այդ զբոսայգուն, ավելի ճիշտ` պուրակին հարակից է, այլ դրա մեջ է գտնվում: Եթե դա անգամ ինչ-որ նախագծերում, փաստաթղթերում այդպես չէ, ապա, փաստացի և ըստ էության, խնդրո առարկա տարածքը նշված պուրակում է գտնվում, իսկ հանրության համար կարևորը կամ առաջնայինը փաստացին է: Ավելին. քաղաքապետն իր բաց նամակում ընդամենը մեկ պարբերություն հետո հենց ինքն է հերքել նախորդ պարբերությունում իր իսկ ասածը. «...ներկայում «Կենտրոն-Կանաչապատում» ընկերության կողմից այգում տեղադրվում են տաղավարներ` Աբովյան փողոցի ապամոնտաժված հիմնական շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում տրամադրելու համար» (ընդգծումը մերն է.- Ա. Հ.):

Տ. Մարգարյանի բերած մյուս «փաստարկն» էլ այն է, թե «ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքներ» են իրականացվում: «Հայացք»-ի 18.02.2012 թ. համարում հրապարակված «Կարիք կա՞ վաստակել մարդկանց ատելությունը. մայրաքաղաքի մի տեղից խոցը հանել, տանում են մեկ այլ տեղ» հոդվածում արդեն հանգամանորեն փաստել ենք, որ այդ շինությունները, ունենալով պեմզաբլոկե պատ (եթե շինարարությունը չարգելվի, այդ պատը վաղը-մյուս օրը, ամենայն հավանականությամբ, սալիկապատվելու կամ բետոնե սվաղով է ծածկվելու), չեն կարող ոչ հիմնական համարվել, համենայն դեպս, դրանք կիսով չափ հիմնական են: Տ. Մարգարյանն իր նամակում Աբովյան փողոցից ապամոնտաժված շինությունները համարել է հիմնական, մինչդեռ այժմ կառուցվող շինությունները դրանցից, ըստ էության, չեն տարբերվում, հետևաբար դրանք ինչպե՞ս կարելի է ժամանակավոր, ոչ հիմնական համարել:

Ինչ վերաբերում է «ժամանակավոր»-ին, ապա քաղաքապետարանը հանրությանը մինչ օրս չի տեղեկացրել, թե ժամանակավոր տեղադրումը քանի տարով է` մեկ-երկո՞ւ, թե՞ 19-20: Քաղաքապետն իր նամակում այս կապակցությամբ տեղեկացրել է միայն, որ այժմ այգում տեղադրվող տաղավարները որպես փոխհատուցում տրամադրվելու են մինչև «Հին Երևան» ծրագրի իրականացման ավարտը, իսկ թե այդ ծրագիրը երբ է ավարտվելու` հանրությանը հայտնի չէ:

Ըստ քաղաքապետի բաց նամակի` «Սեփականության հետ կապված կարևոր և բարդ հիմնախնդիրները չի կարելի լուծել առանձին քաղաքացիների` արդարության վերաբերյալ սուբյեկտիվ պատկերացումների հիման վրա»: Իսկ ո՞վ է ասում, թե այդ պատկերացումները սուբյեկտիվ են (համենայն դեպս, դատարանը դեռ չի ասել: «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության, «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնության, Մերի Խաչատրյանի, Վահրամ Սողոմոնյանի, Գրիգոր Ղազարյանի կողմից Երևանի քաղաքապետին ս. թ. փետրվարի 20-ին փոխանցված նամակում մեկառմեկ թվարկված են ՀՀ օրենսդրության այն խախտումները, որ կատարվել են պուրակում հիշյալ տաղավարների կառուցումը թույլատրելով ու կառուցմամբ:

Փաստն այն է, որ Երևանի քաղաքապետարանն առ այսօր չի հակադարձել վերոնշյալ իրավական փաստարկներին: Բացի չհիմնավորված հայտարարությունից, թե ամեն ինչ օրինական է, չկա իրավական հակափաստարկներով հերքումն այն հրապարակային մեղադրանքի, որ խախտվել են ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 02.05.2003 թ. թիվ 625-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգերը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-րդ, 14-րդ, 22.1 հոդվածների, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 12-րդ և այլ հոդվածների, ՀՀ կառավարության 30.03.1999 թ. թիվ 193-Ն, 24.09.2001 թ. թիվ 896-Ն, 28.20.1998 թ. թիվ 660-Ն որոշումներով սահմանված կարգերի պահանջները, ՀՀ քաղաքաշինության նախարարի թիվ 23.05.2003թ. թիվ 32-Ն և 14.01.2008թ. թիվ 11-Ն հրամաններով հաստատված նորմերը:

Երևանի քաղաքապետն իր նամակում իբրև փաստարկ նշել է նաև հետևյալը. «Սեփականությունը հանրային կարևորագույն գործառույթ է իրականացնում` ձևավորելով ցանկացած գործունեության նյութական հիմքը: Այն համայնքը, որը ժխտում է այս ճշմարտությունը, ապագա չունի»: Նախ անհասկանալի է, թե այդ ի՞նչ սեփականության, նամակում նշված «սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության» մասին է խոսքը, եթե այժմ տեղադրվող տաղավարները Աբովյան փողոցի ապամոնտաժված հիմնական շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում ժամանակավորապես են տրամադրվում: Երկրորդ. Աբովյան փողոցի հիշյալ շինությունների սեփականատերերը պետությանը և համայնքին այդ ի՞նչ գումարներ են վճարել, որ քաղաքապետը խոսում է ցանկացած գործունեության նյութական հիմքն ապահովելու անհրաժեշտության մասին: Ո՞ւմ հայտնի չէ, որ անգամ մայրաքաղաքում գտնվող փոքր ու միջին խանութները, թերևս չնչին բացառությամբ, իրենց գործունեությունը ներկայացնում են առանց շահույթի: Եթե նույնիսկ ընդունենք, որ այժմ կառուցվող տաղավարները կամ խանութները շահագործողները վաղը ոչ մեծ գումարներ են վճարելու պետությանը, համայնքին, ապա դա մի՞թե հիմք է, որ խախտվեն ՀՀ օրենսդրության վերոնշյալ պահանջները:

Ի վերջո, արդյոք ապագա ունի՞ այն համայնքը (Երևանը), որի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ից փոխանակ իր սրբազան պարտականության լիարժեք կատարում` մայրաքաղաքի կանաչապատում պահանջելու, նրա անվամբ ավելի քան 10000 քմ տարածք (այդ թվում նաև` խնդրահարույց ծառապատ տարածքը) գրանցվել է կառուցապատման իրավունքով:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter