
Կավից, ծղոտից, փայտից էկո տուն զբոսաշրջիկների և «նստավայր»՝ Կաղանդ պապի համար
Շիրակի մարզի հյուսիս-արեւմուտքում՝ Գյումրիից մոտ 50 կմ հեռավորության վրա է գտնվում Գառնառիճ գյուղը: Այստեղից երկու ճանապարհ է ճյուղավորվում, որոնցից մեկը տանում է Շաղիկ, մյուսը՝ Եղնաջուր սակավաբնակ բնակավայրեր՝ երեքով կազմելով մի յուրօրինակ Բերմուդյան եռանկյունի: Հեռվում նշմարվում է Ցուրտավ լեռը՝ 2950 մ բարձրությամբ, իսկ գյուղի փեշերին՝ քամուց տատանվող ալիքներն է փշրում Արփի լիճը: Մի կողմում հայ-թուրքական սահմանն է, մյուս կողմում՝ հայ-վրացական: Այս վայրերի վերջին մի քանի տարիների հեքիաթը հայկական Լապլանդիան է՝ Կաղանդ պապի նստավայրը: Ահա թե ինչպիսի հավակնություններ ունի Շիրակ աշխարհի հյուսիս-արևմտյան դարպասը:
Մայրամուտ թեքվող աշնան արևի ջերմացնող ճառագայթների ներքո բնակավայրի մյուս տներից առանձնացած կառույցն ավելի խորհրդավոր է թվում: «Հայկական ձմեռ պապի ապագա նստավայրն է: Սպասում ենք, որ ձյունը գա, ինքը Ցուրտավ սարից իջնի ցած»,- ծիծաղելով ասում է Արմեն Իգիթյանը:
Մեկ տարի առաջ, երբ Գառնառիճ գյուղում տուն էր գնում, գյումրեցի Արմենի բիզնես-ծրագրում միայն իրատեսական կետեր էին նշված՝ հեքիաթին տեղ չկար:
«Մտածում էի ընդամենը ֆերմերությամբ զբաղվել՝ կովեր գնել, կաթը հանձնել, միսն իրացնել, էն, ինչ անում է այստեղ ապրող յուրաքանչյուրը, և ոչ մի այլ ավելորդ ֆանտազիա կամ մտքի թռիչք»,-անկեղծանում է զրուցակիցս:
Էկո տան կառուցման գաղափարը եկել է ավելի ուշ:
Արմենը մասնագիտությամբ բնապահպան-անտառագետ է, 2015թ․-ից աշխատում է «Արփի լիճ» ազգային պարկում որպես գիտության, զբոսաշրջության և մոնիթորինգի բաժնի պետ: Լճի հարեւանությամբ գտնվող Գառնառիճ և Շաղիկ գյուղերից որեւէ մեկում տուն ձեռք բերելու նպատակը էկոլոգիապես մաքուր սննդամթերքով ընտանիքի անդամներին ապահովելն էր: Գյուղական տուրիզմի զարգացման շուրջ վերջին տարիներին ակտիվացած խոսակցությունները ստիպել են Արմենին ֆերմերության վերաբերյալ մտքերը փոխարինել մարզի ծայր հյուսիսում զբոսաշրջիկներին հյուրընկալելու ծրագրով:
«Սկզբում մտածում էի՝ գնածս տան մի սենյակը վերանորոգեի, կոմունալ հարմարություններ ստեղծեի ու հյուրեր ընդունեի: Մեծ ակնկալիքներ չունեի, որովհետեւ ինքս էլ էի հասկանում, որ մարզի ծայրամասային գյուղեր պիտի հասնեն կամ օտարերկրացիները, որոնց գրավում է գյուղական պարզ կյանքը, կամ պիտի գային մնային ձկնորսները, ուրիշ ի՞նչ էր կարելի առաջարկել կամ հրապուրիչ բան մտածել տանդ մեկ սենյակը տրամադրելով: Ամեն ինչ փոխվեց, երբ անցած տարի տեղեկացա «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի մասին: Հայտարարվել էր մրցույթ՝ գյուղական բնակավայրերում հետաքրքիր գաղափարների իրականացման, դե ես էլ որոշեցի մասնակցել: Հիմա կշահեի՝ լավ, չէի շահի՝ կփորձեի գնալ այլ ճանապարհով»,- ասում է Արմենը:
Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրին մասնակցությունն Արմենին բերեց 16 հազար 500 դոլար լրացուցիչ գումար: Սկզբում որոշել էր հյուրատուն կառուցել՝ 64 քմ տարածքով, հետո սեփական ներդրումներն ավելացնելով՝ կառուցեց կրկնակին: Կառույցն իր տեսակի մեջ միակն է ոչ միայն Գառնառիճում, այլեւ՝ ողջ մարզում։
Շինարարության համար օգտագործվել է կավ, ծղոտ և փայտ: Նման տեխնոլոգիայով կառուցում են նաև ջերմոցներ: Վեց ամիս ձյան շերտի տակ գտնվող տարածաշրջանի համար Արմենի առաջարկած էկո տան գաղափարը կարելի է ասել լավագույն լուծումն է՝ այստեղ արևային օրերն իրենց քանակով գերազանցում են հարթավայրային տարածքներին, տունը ստացվում է տաք եւ «շնչող»:
«Գյուղը գազիֆիկացված չէ, տաքացնելու համար պետք է սկզբնական շրջանում էլեկտրականություն օգտագործեմ, բայց որպեսզի վրաս թանկ չնստի՝ օգնության են հասնում կավածղոտե պատերը: Տանիքում արևային համակարգ եմ տեղադրելու՝ տաք ջրի հարցը լուծելու համար: Էս ընթացքում հարկ եղավ գնել նաև 2 հա տարածք,- պատմում է Արմենը,- որովհետեւ արդեն պարզ էր, որ միայն հյուրատնով չէի սահմանափակվելու, պետք էր նաև հավելյալ տարբերակներ մտածել հանգստի գոտի ստեղծելու ուղղությամբ՝ ունենալ տարածք վրանային հանգստի սիրահարների համար, թոնրատուն, մեքենաների կայանատեղի և այլն: Ես էս գարուն 150 հատ ծառ եմ տնկել: Ինձ տեղացիներն ասում են՝ իզուր ես չարչարվում, չեն աճելու, բայց եթե 100-ն էլ աճի՝ գոհ կլինեմ»:
Հյուրատան ներկայությունը Գառնառիճում տեղացիների մոտ նաև մտածողություն փոխելուն է միտված: Արմենն ասում է՝ սկսել եմ ծառերից: Այս տարածաշրջանում մրգատու ծառեր չեն տնկում՝ պատճառաբանությամբ, թե չեն աճում, միրգը չի հասցնում հասունանալ: «Ես հիմա աշխատում եմ հակառակն ապացուցել, խնձորենին, բալենին ու էլի ծառատեսակներ կան, որ դիմացկուն են ու կարող են աճել՝ խնամող է պետք: Հեչ պարտադիր չէ, որ ծիրանենի ու դեղձենի տնկես»,- նկատում է զրուցակիս ու հավելում, թե հաջորդ տարվանից հարկ կլինի որոշ ընտանիքների համոզել, որ պանիր, յուղ ու մածուն սարքեն վաճառքի համար:
Գառնառիճում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և շատ քիչ՝ հողագործությամբ: Կաթը հանձնում են մշակող ձեռնարկություններին՝ յուղ, պանիր պատրաստում են միայն սեփական օգտագործման համար: Հացահատիկային կուլտուրաներից ցանում են գարի և հաճար, ցորեն մշակող չկա: Արմենը հույս ունի, որ զբոսաշրջիկների հոսքը քիչ-քիչ կփոխի նաև տեղաբնակների մտածողությունը, գուցե մարդիկ կլինեն, որ իրենց տան մի անկյունը կհատկացնեն հյուրընկալման նպատակով, խանութ կբացեն, տնից գյուղական մթերքներ կվաճառեն և այլն: Կսկսեն առավել գլոբալ մտածել, կփորձեն տեղում աշխատելով եկամուտ ստանալ և զարգացման այլ տարբերակներ փնտրել:
Քանի դեռ ձյունը չի եկել, Արմենը շտապում է ամբողջացնել հյուրատան ներքին հարդարման ու կահավորման աշխատանքները: Դեկտեմբերից արդեն կկարողանա հյուրեր ընդունել: Կառույցը բաղկացած է երկու հատվածից՝ ամեն մեկում 2 ննջասենյակ, խոհանոց և սանհանգույց: Միաժամանակ կարող են հյուրընկալվել 8-ից 10 մարդ:
«Ամռանը կարող են գալ ձկնորսությամբ զբաղվել, թռչնադիտարկում անել, ձիով զբոսանք կլինի, մի քանի օր կկտրվեն քաղաքակրթությունից, խնդիրներից: Ձմռան հանգիստն իր մեջ կներառի դահուկներ եւ լճի վրա չմուշկ քշել, կարող են ձուկ բռնել, եթե դրա սիրահար են և պարզապես հանգստանալ: Ես որոշել եմ նաև սահնակ գնել, որ ձմռանը դրանով շրջեն եկողները, գնան Կաղանդ պապի հետ հանդիպման, որ մարդիկ պարզապես գան իրենց հեքիաթի հետևից»,- ծիծաղում է Արմենը:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել