HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում անցկացվում է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» խորագրով տարածաշրջանային համաժողով

Պետական եկամուտների կոմիտեն նոյեմբերի 18-19-ը Երևանում հյուրընկալում է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» խորագրով տարածաշրջանային համաժողովը:

Ինչպես տեղեկացնում է ՊԵԿ-ը, միջոցառման բացմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ինչպես նաև միջազգային կառույցների, պետական և մասնավոր ոլորտների, տարբեր երկրների մաքսային ծառայությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի սկզբում երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության, ինչպես նաև պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, կարևորելով հարևան երկրների միջև գործակցության խորացումը, նշել է, որ միջսահմանային համագործակցությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում դրական փոփոխությունների: «Կառավարությունը մեծապես խրախուսում է թվայնացման և արդիականացման ճանապարհով ընթացող պետական մարմինների գործունեությունը: Պետական եկամուտների կոմիտեն արդեն իսկ արձանագրել է մեծ ձեռքբերումներ: Այդպիսի օրինակներից է արտաքին առևտրի մեկ պատուհան համակարգը, որն ապահովում է մաքսային մի քանի ընթացակարգերի ավտոմատացումը, ինչպես նաև այլ երկրների մաքսային մարմինների հետ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման կազմակերպումը»:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդգծել է համաժողովի կարևորությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային միտումներին զուգընթաց քայլելու առումով. «ՊԵԿ-ը, և առհասարակ պետական բոլոր մարմինները, գործառույթներն իրականացնելիս պետք է կարողանան առավելագույնս օգտագործել «մեկ պատուհանի» սկզբունքը, և տեղեկատվական համակարգերի կիրառմամբ հանրային ծառայությունները պետք է դառնան շատ ավելի մատչելի և հասցեական»: Անդրադառնալով հարևան երկրների հետ կնքված փաստաթղթերին` Դավիթ Անանյանը նշել է, որ երկրների միջև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տեղեկատվության փոխանակումը կնպաստի, որպեսզի սահմանային հսկողությունը դյուրացվի` հանգեցնելով մաքսային հսկողության և մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:

Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան, ով արդեն 4-րդ անգամ է Հայաստանում, արձանագրել է Հայաստանի մաքսային ծառայության առաջընթացը. «Ես շատ հետաքրքրված եմ Պետական եկամուտների կոմիտեի տեխնոլոգիական զարգացմամբ և հարևան երկրների հետ գործընկերային կապերը խորացնելու կարողությամբ: Այս զարգացումները ոգևորիչ կարող են լինել նաև ՀՄԿ անդամ երկրների համար»:

Համաժողովի երկու օրերի ընթացքում դիտարկվելու են միջազգային առևտրի ներկա վիճակը, և քննարկվելու են առևտրի դյուրացումը խթանելու նախապայմանների ստեղծման հնարավորությունները: Տարբեր երկրների մաքսային ծառայությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, փորձագետները քննարկելու են միջսահմանային առևտուրը դյուրացնելու և արդյունավետ մաքսային կառավարման միջոցով տնտեսական աճ ապահովելու համար ռիսկերի կառավարման նորագույն մեթոդների և մաքսային մարմինների միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման մեխանիզմների կիրառման հնարավորությունները: Ուսումնասիրվելու են մասնավոր հատվածի հետ գործակցության մեթոդները, ինչպես նաև ոլորտում համաշխարհային միտումները և տեխնոլոգիական նորարարական լուծումները տեղայնացնելու հնարավորությունները:

Նշենք, որ համաժողովն անցկացվում է «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter