HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Եթե քաղաքապետը ՀՀԿ անդամ չէ, պետք է խոչընդոտել աշխատանքները

Իսկ մարզպետը համոզված է, որ իր միջամտության կարիքը չկա

ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանի` Իջևանի քաղաքապետ ընտրվելուց հետո քաղաքի ավագանու 14 անդամներից 6-ը չեն մասնակցում ավագանու նիստերին, ինչի պատճառով քվորում չի ապահովվում և չի հաստատվում քաղաքի այս տարվա բյուջեն: Փետրվարի 21-ի նիստը դարձյալ ձախողվել է, այսօր քաղաքապետ Վարդան Ղալումյանը հերթական նիստն է հրավիրելու: Ավագանու նիստերում քվորում ապահովելու համար պետք է նիստին ներկա լինի առնվազն 8 անդամ, սակայն 14-րդ անդամը Հովիկ Խեչյանն է, որը նախնական կալանքի տակ է: Նիստերին չմասնակցող ավագանու անդամներն են Իջևանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հրաչյա Ներսիսյանը` նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եղբայրը, Իջևանի ուսումնարանի հաշվապահ Նարինե Գրիգորյանը, Իջևանի շուկայի տնօրենի որդին` Նարեկ Օհանյանը, անտառտնտեսության աշխատակից Ազատ Նազարյանը, նախկին քաղաքապետի ազգական Կարեն Ներսիսյանը և Գարիկ Սուքոյանը:

Այս անձինք նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հավատարիմ մարդկանցից են և միտումնավոր չեն մասնակցում ավագանու նիստերին, որպեսզի գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանին վատություն անեն: Ստացվում է, որ Տավուշի մարզկենտրոն Իջևանի բնակչությունը տուժում է նախկին քաղաքապետի յուրայինների պատճառով, իսկ մարզպետ Արմեն Ղուլարյանը ոնց որ թե աչք է փակում այս ամենի վրա:

Երեկ «Հայացք»-ը փորձեց ավագանու անպարտաճանաչ անդամներից ճշտել, թե որն է նիստերին չմասնակցելու պատճառը:

Ավագանու անդամ Նարինե Գրիգորյանը պարզապես հայտարարեց` «Ես ձեր հարցին չեմ պատասխանի», և անջատեց հեռախոսը: Կարեն Ներսիսյանը պատճառաբանեց, թե քաղաքում չէ և չի կարող պատասխանել մեր հարցերին: Գարիկ Սուքոյանն էլ ասաց, որ արդեն մեկ շաբաթ է` հիվանդանոցում է, կինը հիվանդ է, այդ պատճառով էլ չի մասնակցել ավագանու վերջին նիստին: Իսկ նախորդներին չմասնակցելու վերաբերյալ մեր հարցին չպատասխանեց: Ավագանու անդամ Նարեկ Օհանյանը սկզբում խուսափեց պատասխանել մեր հարցերին, սակայն հետո զանգահարեց և խոստացավ, որ մինչև մարտի 1-ը ավագանին կհաստատի բյուջեն: «Բյուջեի վերաբերյալ ճշտումներ կան, պետք է անենք, մինչև մարտի 1-ը մենք ժամանակ ունենք, կհաստատենք»: Երբ հարցրինք, թե գուցե քաղաքապետին դեմ լինելու պատճառո՞վ են տապալում նիստերը, նա պատասխանեց. «Ոչ մեկ ոչ մեկի դեմ չի: Սաղ էլ մեզ հարազատ մարդիկ են: Մի շաբաթ էս կողմ, մի շաբաթ էն կողմ, դրանից չի կարա քաղաքը տուժի, հասկացեք»:

Նախկին քաղաքապետի եղբայրը նույնպես ասաց, որ նիստերին չմասնակցելու պատճառը բյուջեի որոշ կետերի վերաբերյալ իրենց ունեցած անհամաձայնությունն է: «Բյուջեն, որը կազմվել է, նորմալ բյուջե չէ, մենք մեր դիտարկումներն ունենք, որոնք չեն կատարվել: Ի՞նչ բյուջեի մասին է խոսքը, եթե չկան հաշվետվություններ կազմակերպությունների ծախսած գումարների վերաբերյալ: Էդ նույն բյուջեից սնված կազմակերպություններն իրենց ծախսերը չեն ներկայացնում, որ մենք տեսնենք, թե որտեղ թերություններ կան, որտեղ պետք է լրացումներ արվեն, որտեղ` նվազումներ: Տարին վերջացել է, հաշվետվությունները չեն լսվել, եթե չեն լսվել, մենք կարո՞ղ ենք հաջորդ տարվա համար բյուջե նախատեսել»,- հարցադրում արեց Հրաչյա Ներսիսյանը: Նա հերքեց այն խոսակցությունները, թե ներկայիս քաղաքապետի աշխատանքը խոչընդոտելու համար են նման քայլի գնում: «Քաղաքապետին դեմ լինելով էլ ես առաջին նիստին մասնակցել եմ: Քաղաքապետին դեմ լինել չի նշանակում նիստերը բոյկոտել և ընտրյալների ձայները տեղ չհասցնել: Ես ոչ մի անձնական խնդիր չունեմ, մենք նախորդ ավագանիում աշխատանքային ընկերներ ենք եղել, իրար հետ աշխատել ենք, հիմա ի՞նչ խնդիր կա այդտեղ»,- ասաց նա:

Իջևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Թանանյանը, սակայն, մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ավագանու անդամներից բյուջեի վերաբերյալ գրավոր առաջարկություններ ու դիտողություններ չեն ստացվել. «Մենք նրանց ծանուցագիր ենք ուղարկել, ծանուցագրի մեջ գրել ենք, որ կարող են իրենց առաջարկությունները գրավոր ներկայացնել: Որևէ գրավոր առաջարկ չի ստացվել»,- Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը «Հայացք»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր ընտրվելուց հետո ավագանու առաջին նիստին բոլոր անդամները մասնակցել են, սակայն նրանցից 7-ը օրակարգին դեմ են քվեարկել` պատճառաբանելով, թե օրակարգն իրենց ուշ է հասել: Այնինչ քաղաքապետն ասում է, որ նիստից 7 օր առաջ, ըստ կարգի, պատշաճ կերպով ծանուցվել են:

«Դրանից հետո նշանակված նիստերին 6 անդամները սկսել են չմասնակցել»,- ասաց քաղաքապետը: Նա հիշեցրեց, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին օրեքով սահմանվում է` եթե մինչև տարեվերջ համայնքի բյուջեն չի հաստատվում, պետք է աշխատեն նախկին բյուջեով: Ղալումյանը նշեց, որ երկու օրը մեկ ավագանու նիստ է հրավիրում, մեկ օր առաջ էլ ավագանու անդամներին իրազեկում է այդ մասին: «Իրենք իրենց լիազորությունները չեն կատարում, չեն մտածում ժողովրդի շահերի մասին: Պետք է ժողովրդի հետ հաճախակի հանդիպեն, առկա խնդիրները լսեն, քննարկեն ավագանու նիստում, բայց նրանք անգամ նիստներին չեն գալիս»,- դժգոհեց քաղաքապետը:

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը լավատեսորեն է տրամադրված. «Կհաստատվի, ըտենց չի մնա: Կարծում եմ, որ մարդիկ, ովքեր ընտրվել են ավագանի, կմտածեն, խորը կմտածեն ու կհասկանան, որ քաղաքի հարցերն առաջնային են»: Մարզպետը նշեց, որ այս հարցին իր կողմից միջամտություն ցուցաբերելու անհրաժեշտություն չի տեսնում: «Չեմ կարծում, որ իմ միջամտությունը տեղին է, քաղաքապետն ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին և կկարգավորի»,- ասաց նա:

Նշենք, որ վերջերս Իջևանի քաղաքապետարանում արտառոց դեպք է կատարվել: Նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը քաղաքապետարանի աշխատակից Մարինե Գրիգորյանին խնդրել է, որ նա գլխավոր մասնագետ Աստղիկ Եգանյանին հանձնի գույքահարկի տվյալներով համակարգչի սենյակի բանալիները: Բանն այն է, որ Աստղիկ Եգանյանը, ժամանակին նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի դրդմամբ, մի ընկերության վերջին 5 տարվա գույքահարկի 1 միլիոն 900 հազար դրամ պարտքի փոխարեն գույքահարկի բազայում մուտքագրել էր 1 միլիոն 123 հազար դրամ: Իրականում պարտքը մարվել է միայն համակարգչում, սակայն գումարը չի մուծվել:

Քաղաքապետ Վարդան Ղալումյանը գլխի է ընկել կատարվածի մասին: Հետագա բարդություններից խուսափելու համար Վարուժան Ներսիսյանն ու Աստղիկ Եգանյանը փորձել են շտկել իրենց արածը: Ինչպես հայտնում են քաղաքապետարանի մեր աղբյուրները, գիշերով Աստղիկ Եգանյանը նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի ավտոմեքենայով գնացել է քաղաքապետարան, մուտք գործել այն սենյակ, որտեղ գույքահարկի տվյալներով համակարգիչն է տեղակայված, և վերականգնել է պարտքի նախնական չափը: Սակայն տեղի ունեցածը բացահայտվել է, Աստղիկ Եգանյանը քաղաքապետ Վարդան Ղալումյանին խոստովանել է, որ նման քայլ է կատարել: Երեկ մենք տեղեկացանք, որ Վարդան Ղալումյանը Աստղիկ Եգանյանին ու Մարինե Գրիգորյանին աշխատանքից ազատել է: Դեպքի կապակցությամբ հաղորդում է ներկայացվել դատախազություն:

Նշենք, որ Մարինե Գրիգորյանը ավագանու անդամ Նարինե Գրիգորյանի քույրն է: Նրանց եղբայրը` Գագիկ Գրիգորյանը, Իջևանի պահակային ծառայության պետն է: Իջևանի քաղաքապետարանը ամսական 300 հազար դրամ է վճարում նրան` պատշաճ հսկողություն կատարելու համար: Գագիկ Գրիգորյանից երեկ հետաքրքվեցինք, թե որտե՞ղ էր, երբ նախկին քաղաքապետն ու Աստղիկ Եգանյանը գիշերով մուտք էին գործում քաղաքապետարանի շենք: «Իրանք ընդեղ պահակ ունեն, իրանց պահակն էլ ընդեղ ա եղել: Ես ուրիշ ծառայություն եմ իրականացնում: Եթե ուրիշ հարցեր ունեք, խնդրեմ, գրավոր ուղարկեք, ես կպատասխանեմ»,- ասաց նա: Կատարվածի կապակցությամբ Վարուժան Ներսիսյանից չհաջողվեց պարզաբանում ստանալ, նա չի պատասխանում բջջային հեռախոսազանգերին:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter