HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի պատվիրակության հետ քննարկել է էներգաարդյունավետության արդիականացման հնարավորությունները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինի գլխավորած պատվիրակությանը:

ՏԿԵՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից համայնքների համաչափ զարգացմանը, ենթակառուցվածքների հզորացմանն ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ջանքերը և վստահություն հայտնել, որ համատեղ նախագծերը շարունակելու են տալ իրենց տեսանելի արդյունքները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դմիտրի Մարիասինը իր հերթին կարևորել է փոխլրացնող ջանքերով կյանքի կոչված ծրագրերի շարունակականությունը և ներկայացրել «Շենքերի էներգարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը: Մարիասինի խոսքով՝ բազմաբնակարան շենքերի բնակիչներն ունեն էներգախնայողության, էներգետիկ ծախսերի իջեցման խնդիրներ, որոնց հնարավոր է լուծում տալ ծրագրի շրջանակում համագործակցության միջոցով:  Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագիրը նախատեսված է իրականացնել Երևանում և մարզերում՝ նպատակ ունենալով բարելավել պետության էներգետիկ անվտանգության, շրջակա միջավայրի և հանրային առողջության մակարդակը:

Խոսելով էներգաարդյունավետության արդիականացման ծրագրերի ուղղությամբ համագործակցության  հեռանկարների մասին՝ նախարար Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ հատկապես մարզերում էներգիայի խնայողությանը միտված աշխատանքներ իրականացնելու, այլընտրանքային էներգիայի աղբյուրներ կիրառելու անհրաժեշտությունը խիստ արտահայտված է, և խնդրի կարգավորումը հանդիսանում է կառավարության առաջնահերթություններից մեկը նաև երկրորդային քաղաքների համաչափ զարգացման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԶԾ մասնակցության և խորհրդատվական  աջակցության հնարավորությունները համայնքային սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում փողոցային լուսավորության, հասարակական և բազմաբնակարանային շենքերի էներգաարդյունավետության արդիականացմանը վերաբերող ծրագրերին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել էներգաարդյունավետության ծրագրի իրականացման ուղղությամբ հետագա համագործակցության և աշխատանքային ձևաչափով հարցերի քննարկման շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter