
«ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի օրակարգում են հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ռազմավարությունը և առկա խնդիրները
«ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի ընթացքում, որն այս անգամ տեղի կունենա փետրվարի 25-26-ը Աղվերանում, կքննարկվեն Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ռազմավարությունը և առկա խնդիրները:
Ֆորումին կմասնակցեն ներկայացուցիչներ ՀՀ Էկոնոմիկայի, Տրանսպորտի և Կապի, ՀՀ Տարածքային Կառավարման, ՀՀ Քաղաքաշինության, Ֆինանսների նախարարություններից, ՀՀ Տնտեսական մրցակցության խաշտպանության պետական հանձնաժողովից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, Երևանի քաղաքապետարանից, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից, ինչպես նաև տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտներում գործող ընկերություններից:
Հանդիպում-ֆորումի օրակարգում ներառված թեմաներից են.
- ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ռազմավարություն. խնդիրներ և հնարավորությունները
- Հեռահաղորդակցության ոլորտի հանրային ծառայությունների կարգավորման խնդիրները և միջնաժամկետ նպատակները
- Ենթակառուցվածքների համատեղ օգտագործում` Վիրտուալ օպերատորներ, Համարների տեղափոխելիություն, Ունիվերսալ ծառայություններ
- Հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններ. մայրուղիներից մինչև տանիքներ
- Համայնքների ռազմավարական զարգացման նախագծերում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների ներառման հնարավորություններ
- Հեռահաղորդակցության ոլորտի տենդերներ. թափանցիկություն, անկողմնակալություն և արհեստավարժություն` Տենդերների նախապատրաստման աշխատանքներ, Տենդերների առցանց իրականացում, Տենդերների բողոքարկում, Ոլորտային միությունների ներկայացուցիչների ներգրավման հնարավորություններ:
Քննարկված հարցերի և ձևավորված առաջարկությունների վերաբերյալ առաջարկները կփոխանցվեն ՀՀ կառավարություն և լիազոր մարմիններ:
«ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումը կազմակերպվում է 2007թ.-ից Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության կողմից: Միջոցառման նպատակն է մեկ վայրում հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել ՏՀՏ ոլորտին առնչվող առաջնային խնդիրները: Այս մասին հայտնում է ԻՏՁՄ-ն:
Մեկնաբանել