HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բամբակե պատեր», կամ իր մայթով քայլող մարդը

Իմ «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գրքի առնչությամբ ֆեյսբուքում ընթացող մի քննարկման ժամանակ Վահրամ Մարտիրոսյանը խիստ տպավորիչ մի ձեւակերպում էր արել․ «Այլախոհությունը խելահեղություն էր էն ժամանակներում, բայց հենց էն խելահեղությունը, որով կարելի է չափել հանրության հոգեւոր առողջության մակարդակը»։ Խորհրդային միությունից 30 տարի է անցել, բայց կարելի է պնդել՝ բոլորը չէ, որ այս խորությամբ կարող են ընկալել խորհրդային տոտալիտար իրականության պայմաններում Հայաստանում ծավալված այլախոհական դրսեւորումների էությունը։ Եթե Վահրամ Մարտիրոսյանի ձեւակերպումը ճիշտ է, իսկ ես վստահ եմ, որ այն ճիշտ է ու դիպուկ, ապա կարող ենք փաստել՝ խորհրդային շրջանում մեր հանրության հոգեւոր առողջության մակարդակը լավ էլ բարձր է եղել։ Հետխորհրդային շրջանում էլ է բարձր։ Սրա վկայությունն են մշտապես մեզանով հրապարակները լցնելու մեր մղումը, երբ ընտրություններ էին կեղծվում, տարիներ շարունակ կալանավայրերին քաղբանտարկյալներ մատակարարելու մեր պատրաստակամությունը, բռնություններին դիմակայելու մեր անսպառ եռանդը, 2018-ի ապրիլ-մայիսյան հեղափոխությունը։ Սրա վկայությունն է նաեւ Վահրամ Մարտիրոսյանի «Բամբակե պատեր» վեպի հերոսը՝ 1970-ականների Երեւանի պետական համալսարանի ուսանող Վիգենը։  

Վեպում խորհրդային կյանքն է պատկերված։ Մարդիկ հասցրել են մոռանալ իսկական սովետը։ Վահրամ Մարտիրոսյանն իր այս գրքով մեզ այդ իրականություն է վերադարձնում։ Հիշեցնում է։ Պետք է հիշեցնել, որ մոռացկոտները վերհիշեն, իսկ սովետ չտեսած երիտասարդները ճանաչեն մեր ոչ հեռավոր ու խիստ տխուր անցյալը։ Վեպն այն շրջանի մասին է, երբ ջինսը 100-150 ռուբլի արժեր, եթե, իհարկե, ճարվեր։ 150 ռուբլին բավականին բարձր աշխատավարձ էր։ Գրքի հերոսի հայրը հենց այդքան էր ամսական վաստակում։ Այն ժամանակների մասին է, երբ խլացնում էին «Ամերիկայի ձայն», «Ազատություն» եւ արեւմտյան մյուս ռադիոալիքները, որպեսզի խորհրդային մարդն այլընտրանքային տեղեկատվություն չունենար։ Երբ բախտավորություն էր, երբ նոր տպագրված գիրքը գրախանութ բերվելու առաջի օրն էիր գտնում, հակառակ դեպքում գնել չէիր կարող, որովհետեւ արդեն «տակից» էին վաճառելու։ Երբ միայն գրքի հերոսներից մեկի՝ կուսակցական գործչի որդու՝ Արմանի բնակարանում էր հնարավոր լսել խորհրդային երկրում չճարվող ու չհնչող երաժշտություն, տեսնել ռոք-աստղերի ազդագրեր, դարակներին շարված արտասահմանյան խմիչքների դատարկ շշեր ու արտասահմանյան սիգարետների դատարկ տուփերի հավաքածու։ Երբ նոր տարուց առաջ «սպեկուլյանտները», մեր այսօրվա լեզվով ասած՝ գործարարները, մանդարինի գործ էին անում, որովհետեւ խանութներում մանդարին չէր ճարվում։ Երբ հայրենասիրական հովերով տարվածներին ծաղրանքով հող ուզող էին անվանում։ Երբ կար ձկան օր՝ յուրաքանչյուր հինգշաբթի Սովետական Միություն կոչվող՝ աշխարհի ամենամեծ երկրի բոլոր բնակավայրերի բոլոր ճաշարաններում ու սննդի օբյեկտներում միսը բացառվում էր՝ ձկան օր էր ու ձուկ էին առաջարկում։ Կուզես՝ կեր, չես ուզի՝ սպասիր հաջորդ օրվան։ Երբ խանութները դատարկ էին։ Այսպես է հեղինակը նկարագրում ՊԱԿ (КГБ) աշխատակցի հետ խանութ իր այցը․ «Մենք մտանք խանութ... Դա կյանքիս ամենաքաղցր պահերից էր։ Դա-տար-կու-թյուն։ Մոտեցանք մսի բաժնին։ Ընդարձակ վաճառասեղանի ալյումինե սկուտեղներում ոչինչ չկար։ Բացի մեկից, որին սառցակալած բադեր էին շարած։ Վաճառող էլ չկար»։ 

Վեպի ողջ ընթացքը պտտվում է հայոց լեզվի խնդրի շուրջ։ Վիգենի ձեռքում է հայտնվում Մոսկվայի մի գաղտնի հրաման, համաձայն որի` ազգային հանրապետությունների բուհերում մասնագիտական առարկաները պետք է ռուսերեն դասավանդվեն։ Նա ընկերների հետ դրա դեմն առնելու ճանապարհներ է որոնում։ Ճանապարհները տարբեր են՝ տրամաբանականից մինչեւ արկածախնդրություն, քաղաքական պայքարից մինչեւ ահաբեկչություն, առեւանգում, բանդիտիզմ։ Խորհրդային տարիներին լեզվի խնդիրն ազգային հանրապետություններում միշտ էլ սուր է դրվել։ Հատկապես՝ Հայաստանում ու Վրաստանում։ Ի պատիվ Վրաստանի` պետք է ասել, որ նրանք այս հարցում շատ ավելի հետեւողական են եղել, քան մենք՝ հայերս։ Վիգենը ընկերոջ հետ Վրաստան է մեկնում։ Նրանք գիտեն, որ Վրաստանում համախոհներ գտնելու են։ Ծրագիրը համատեղ պայքարն է։ Նրանք գուցե եւ մանրամասնորեն տեղյակ չեն 1970-ականների վերջերի վրացական այլախոհական զարգացումներից, բայց լսել են դրանց մասին, գիտեն, որ այլ է իրավիճակը Վրաստանում, ու այս կապակցությամբ Վիգենը բողոք ունի․ «Երեւի Թիֆլիսում Ելյուտինի հրամանը որպես անձնական վիրավորանք ընդունեն` ի տարբերություն Երեւանի, որի կենտրոնը հայ քաղքենիները դարձրել են ռուսական դպրոցների արգելոց։ Եվ` ի տարբերություն մեր ակադեմիկոսների»։

Վիգենի բողոքն, իհարկե, արդարացված է, նա վրդովվելու իրավունք ունի, բայց փաստ է, որ հայաստանյան մտավորականությունը միայն այս քաղքենիներից ու ակադեմիկոսներից բաղկացած չէ։ Այլ մտավորականներ ու այլ գիտնականներ էլ կան։ Այնքան շատ չեն, որքան Վրաստանում, քիչ են, բայց կան։ Վիգենը նրանց ճանաչում է։ Հանդիպում է նրանց։ Իրենց անելիքներն է նրանց հետ քննարկում։ Կա, օրինակ, Ադամյանը, որը ոչ միայն համամիտ է, որ ուսանողները դիմադրություն կազմակերպեն, այլ դրդում է նրանց ավելի ծայրահեղ քայլերի։ Իսկ КГБ ընկնելուց հետո գոտեպնդում է նրանց․ «Չընկճվեք, մկրտություն եք ստացել, երբ քեզ տանում են КГБ, նշանակում է` դու խոսել ես բռնապետության հետ որպես հավասարը հավասարի, որը նրանք չեն ների։ Քեզ կփակեն չորս պատի մեջ կամ քո առջեւ կփակեն բոլոր ճանապարհները, բայց դու կունենաս մի ձեռքբերում` դու այսուհետ մեկն ես, որ բռնապետության հետ խոսել է որպես հավասար»։

Վիգենի համար խորհրդային կրթությունն անարժեք մի բան է․ «Էս կրթությո՞ւնը ինչիս ա  պետք…Գրականության դասագրքում Հակոբ Հակոբյանը Չարենցին հավասար բանաստեղծ ա, որովհետեւ գրել ա`«հե՜յ, ձեզ մատաղ, բանվոր տղերք»-ը։ Զարմանալի է, բայց Վիգենը մոսկովյան ոտնձգություններից հայերենը պաշտպանող պարզ ընդվզող չի միայն։ Նա ավելի խորն է, անսպասելիորեն խորն է։ Խորհրդային բանակից զորացրված համակուրսեցիներին այդ տարիների համար աներեւակայելի մի հարց է տալիս․ «Ձեր մեջ էլի բանակ գնացած-եկած տղերք կան, չէ՞, որտե՞ղ եք եղել` Ղազախստա՞ն, Մուրմա՞նսկ...Գերմանիա՞։ Մի հատ ինձ կասե՞ք` ի՞նչ էինք կորցրել էնտեղ, ո՞ւմ էինք պաշտպանում, ումի՞ց ․․․»։ Խորհրդային երկրում սա խիստ վտանգավոր հարց էր, որը հաշված մարդկանց գլխում միայն կարող էր ծագել։ Երիտասարդ ընթերցողը դժվար սա պատկերացնի, դժվար այս վտանգը հասկանա, բայց Վիգենը, եթե այս ուղղությամբ խորանա, կարող է եւ կալանավոր դառնալ։

Գրքում երկու Վիգեն կա։ Մեկը՝ ազատամիտ-պայքարող-մարտիկ Վիգենն է, որը որոշել է կյանքը նվիրել ազատության համար պայքարին, մյուս Վիգենը՝ ուսանողական անհոգ կյանքով ապրող՝ ջինս հայթայթող, աղջիկներով տարված Վիգենն է։ Այս երկու Վիգենների մեջ պայքար չկա, հեղինակը սրանց իրար չի հակադրել, բայց տարբեր իրավիճակներում մեկ պայքարի պատրաստ մարտիկն է մղվում առաջին պլան, մեկ՝ անհոգ ուսանողը։

Գյումրի գնալիս՝ ավտոբուսի մեջ, մտքերով տարված Վիգենը պատկերացնում է, թե ինչպես են ուսանողներով Մոսկվայից իջած որոշումը չեղարկելու պահանջով գրավում համալսարանը, ինչպես է ինքը աջ ու ձախ հրամաններ տալով` ղեկավարում պաշտպանությունը, ինչպես են կրակում իրենց վրա, ինչպես է ինքը վիրավորվում եւ ․․․ սովածանալուն զուգահեռ պայքարի տեսարանները փոխվում են մոր պատրաստած համով ուտեստների պատկերներով։ Պայքարող Վիգենը, ապագա առեւանգված դասախոսին թաքցնելու համար, Կոմիտասի պողոտայի շրջակայքում լքված շինություններ փնտրելիս հանկարծ մի գեղեցկատես աղջիկ է, նկատում եւ շինություն փնտրելու, դասախոս առեւանգելու ծրագրերը անորոշ ժամանակով հետաձգվում են։ Գնում է Վիգենը աղջկա հետեւից։

Մեզանում խորհրդային շրջանը նկարագրող գեղարվեստական գրականություն չկա։ Այն նոր է ծնվելու։ Գրականություն, որ գեղարվեստական խոսքի միջոցով կպատմի, թե ի՞նչ երկրում, ի՞նչ հասարակարգում, ի՞նչ սահմանափակումների ու վտանգների պայմաններում է ապրել մարդը, ի՞նչ արհեստական ու մտացածին գաղափարներով են կերակրել մարդուն։ Ինչպես են փորձել մարդուց մեքենա շինել։ Վահրամ Մարտիրոսյանի վեպն այս դաշտից է։ Նրա հերոսը սովորական խորհրդային ուսանող չէ։ Նա տարբերվում է հազարներից։ Նա մտածող մարդ է։ Նրա գլխում պատասխաններ պահանջող բազմաթիվ հարցեր են ծագում։ Նա ունի մտահոգություններ։ Իսկ այդ շրջանում մտահոգություններ ունենալն արդեն վտանգավոր էր։ Խորհելը, այլ խոհ ունենալը վտանգավոր էր։ Մտածելուց մինչեւ այլախոհություն մեկ քայլ էր։ Լավագույն տարբերակը, ճիշտ տարբերակը չտեսնելն էր, որ սահմանափակված ես, չնկատելն էր։ Պարտադրված սահմանները բնական համարելն ու ընդունելն էր։ Այդ սահմաններում հարմարավետ տեղավորվելն էր։ Բոլորն էին այդպես վարվում։ Բայց Վիգենն այլ է։ Նա չի ցանկանում տեղավորվել։ Նա սահմաններ չի ցանկանում։ Նա անընդհատ զգում է այդ սահմանների նեղությունը, դրանց խանգարող ու վիրավորական գոյությունը եւ փորձում է դուրս գալ այդ սահմաններից։ Վիգենն ազատամիտ է։ Հաճախ է նա լսում սովետի հիմնական խոսույթը, սովետական մարդու կրեդոն, հոմոսովետիկուսի աշխարհընկալումը՝ չտեսնել, չընդվզել, լողալ հոսանքին համընթաց, չցցվել, չտարբերվել։ Առավել հստակ այն հնչում է վեպի հերոսի եղբոր՝ Էդգարի շուրթերից․ «Քեզի ի՞նչ. Հայերեն կանծնին, ռուսերեն, Մասիսը սահմանի էս կողմն է, էն կողմն է... Դու քեզի աշե` լավ սորվի, առաջ գնա»։ Բայց Վիգենն այլ ընտրություն է կատարել։ Նա վճռել է՝ որքան էլ ստիպեն, նրանց մայթ չի անցնելու։ Դիմադրելու է։ Նա իր մայթով է գնալու․«Իսկ իմ մայթին ես ազատ էի... Ինչքան ուժս պատեր։ Եվ ապրածս օրերն իմ ազատությամբ էի չափելու։ Որ համարեի կյանք: Իմ կյանքը»։ 

Լուսանկարները՝ Եվա Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (6)

Վահրամ
Ուրախ եմ, որ գիրքը ձեզ հետաքրքրել է, Գայանե։ Վերջին տարիներին կարդացած գրքերից... Վահան Հովիւեան, Դեր Զօրից մինչեւ Սիբիր, Վաչե Սարգսյան, Ակեղդամա, Մարիամ Ասլամազյան, Կյանքիս դավթարը - ռուսերեն, բայց հայերենն էլ շուտով լույս կտեսնի, Արմինե Կալենց, «Ներիր ինձ, Հարություն», «Մտորումներ»
Գայանե
Պարոն Մարտիրոսյան շատ շնորհակալություն հետաքրքիր գրքի համար, մի հարց ․ արդյոք կան ևս նմանանտիպ վեպեր , որոնք նկարագրում են Խորհրդային տարիները՞
Վահրամ Մարտիրոսյան
Բարև Ձեզ, Տաթևիկ։ Գիրքն արդեն կա Երևանի գրախանութների մեծ մասում՝ «Զանգակ», Արտբրիջ, Էպիգրաֆ, Բուկինիստ... Գյումրիում և Վանաձորում՝ մարտից։
Տաթևիկ
Բարև Ձեզ, որտեղից կարելի է գնել գիրքը?
Վահրամ Մարտիրոսյան
Բարև Ձեզ։ Շնորհակալություն հետաքրքրության համար։ Առայժմ՝ ոչ։ Հրատարակչի հետ պայմանավորվածության համաձայն՝ թվային տարբերակը վաճառքի դնելու տարբերակը կքննարկվի նախնական տպաքանակի սպառումից հետո։
Վարդան
Բարև Ձեզ։ Ի՞սկ գրքի թվային տարբերակը հայտնվելու է վաճառքում ։ Կարծում եմ արտասահմանում ապրող շատ հայեր կցանկանային գնել ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter