HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Իրանագետ. «Իրանում տիրող իրավիճակը սպառնալիք չէ տարածաշրջանի համար»

Բենզինի գների կտրուկ բարձրացումն Իրանում նոր զանգվածային ցույցերի ու բախումների առիթ է դարձել։ Տեսակետ կա, որ սա ընդամենը կայծ էր տարիների ընթացքում կուտակված սոցիալական դժգոհությունները կրկին բարձրաձայնելու համար։ Իրանագետ Արտյոմ Տոնոյանը կարծում է, որ ցույցերն այս պահին սպառնալիք չեն ներկայացնում տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի համար։ Իսկ տնտեսագետ Ատոմ Մարգարյանի կարծիքով՝ իրանական տնտեսությունը վատ ժամանակներ է ապրում։ Հայաստանի հետ համագործակցության մեծ արդյունքներ այս պահին սպասել պետք չէ։

Երբ և ինչից սկսվեցին ցույցերը

Օրեր առաջ՝ նոյեմբերի 15-ին, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է բենզինի գների բարձրացման մասին, ըստ որի՝ 1 լիտր բենզինի գինը կրկնակի բարձրանում է՝ 15 հազար ռիալից (մոտ 0.1 ԱՄՆ դոլար) հասնելով 30 հազար ռիալի (մոտ 0.2 ԱՄՆ դոլար)։ Նախատեսված քվոտայի շրջանակներում բարձրացվել է նաև բենզինի արտոնյալ գինը՝ 10 հազար ռիալից դառնալով 15 հազար ռիալ։ Ընդ որում՝ սահմանվել են նաև նոր սահմանափակումներ բենզինի ծավալների վերաբերյալ։ Արտոնյալ գնով բենզին ավտոմեքենայի սեփականատերը կարող է գնել ամսական մինչև 60 լիտր, մոտոցիկլի տերը՝ 25 լիտր։ Առանձին սահմանաչափ է նախատեսվել տաքսու վարորդների համար՝ 400 լիտր։

Այս հայտարարություններից քիչ ժամանակ հետո սկսվել են զանգվածային ցույցերը։ Իրանի մի շարք քաղաքներում (նշվում է մի քանի տասնյակ քաղաքների մասին) բնակչությունը ընդհարվել է ոստիկանության հետ։ Իրանում կատարվող իրադարձությունների մասին տեղեկությունները երբեմն հատվածաբար է հասնում արտասահմանյան լրատվամիջոցներին, քանի որ երկրում պարբերաբար անջատվում է ինտերնետը։ Թե՛ իրանական, և թե՛ արևմտյան լրատվամիջոցները տարբեր թվեր են հրապարակում բախումների ընթացքում զոհերի, վիրավորների, ցույցերի մասնակիցների, ձերբակալվածների մասին։ Ըստ տարբեր աղբյուրների՝ այս երեք օրերի ընթացքում Իրանում ցույցերի ընթացքում զոհվել է մեկ տասնյակից ավելի մարդ: Որոշ լրատվամիջոցներ մինչև 40 զոհի մասին են գրում։ Իրանի զինված ուժերն արդեն հայտարարել են, որ պատրաստ են վճռական միջոցներ ձեռնարկել և միջամտել անկարգությունների շարունակվելու դեպքում։

Ցույցեր Թեհրանում, լուսանկարը՝ Agence France-Presse-ի

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը նկատում է, որ ի տարբերություն նախորդ զանգվածային մեծ ցույցերի, որոնք տեղի են ունեցել Իրանում 2017 և 2018 թվականներին, այս անգամ ցույցերն ավելի սակավամարդ են, սակայն շատ ավելի ուժեղ քարոզչություն է արվում։ Իրանում տեղի ունեցող լարված իրավիճակի թեմայով այսօրվա քննարկմանը իրանագետը հայտնեց, որ կա տեսակետ այն մասին, որ Իրանում այս ցույցերը տեղի հոգևորականները են դրդել։ Խոսվում է նաև արտաքին ազդեցությունների մասին, մասնավորապես՝ ամերիկյան կողմից. «Սակայն սա մի փոքր ուռճացված եմ համարում։ Բնականաբար, կա հասարակական դժգոհություն։ Ամերիկյան պատժամիջոցների ֆոնին Իրանում սոցիալ-տնտեսական իրավիճակը բավականին վատթարացած է։ Բենզինի գնի թանկացումը, թերևս, պատճառ էր փողոց դուրս գալու համար»։

Իրանագետի խոսքով՝ այս ցույցերը Իրանում բացառիկ են նրանով, որ նոյեմբերի 16-ին 24 ժամ անջատված էր համացանցը։

Հայացք Հայաստանից

Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Արման Նավասարդյանի խոսքով՝ այն, ինչ այսօր կատարվում է Իրանում, չի հասցնի իշխանափոխության։ «Ներքին տնտեսական դժգոհություններ, իհարկե, կան։ Բայց ես բացարձակապես չէի անջատի տնտեսությունը քաղաքականությունից։ Որքան էլ որ ասենք ամերիկացիները կոնկրետ այս պարագայում անմիջականորեն չխառնվեցին հարցին, սակայն մեկ օր անց ուղերձ հնչեցրին, որ աջակցում են»,- այսօրվա քննարկմանը նշեց Արման Նավասարդյանը։

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ևս կարծում է, որ հարցը իշխանափոխության չի հասնի։ Նրա ունեցած տեղեկություններով՝ ցույցերը երկար չեն շարունակվի։ Եվ դրանից ելնելով՝ այս պահին տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի մասով, որևէ սպառնալիք չկա։ «Մեր ունեցած տեղեկություններով՝ ցույցերը գնում են դեպի մարման։ Կարճաժամկետ հեռանկարում իրանական իշխանությունները կհաղթահարեն այս խնդիրը»,- նշեց իրանագետը։

«Իրանի խնդիրը միայն Իրանինը չէ»,- նկատում է Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։ Ըստ նրա՝ Իրանը տարածաշրջանային լուրջ խաղացող է, քանի որ տնօրինում է հսկայական էներգապաշարների, մարդկային ռեսուրսների և այլն։ Իրանի պոտենցիալը բավականին մեծ է և նշանակալի տարածաշրջանի բոլոր երկրների համար, այդ թվում՝ Հայաստանի։

«Մենք միշտ ենք խոսում այն մասին, որ իրանական ուղղությունը, ընդհանրապես՝ հյուսիս-հարավ ուղղությունը, շատ կարևոր է մեզ համար։ Եվ այն, ինչ տեղի է ունենում մեր հարավային հարևանի մոտ, որոշակիորեն անդրադառնում է նաև մեր շուկայի վրա։ Իրանական ռիալը վերջին երեք տարվա ընթացքում մոտ 4.5-5 անգամ արժեզրկվել է։ Ահռելի մակրտոտնտեսական ճնշում կա իրանական տնտեսության մեջ»,- նշեց տնտեսագետը։

Բենզինի գնի բարձրացումը, նրա կարծիքով ևս, ուղղակի առիթ էր ցույցերի դուրս գալու համար։ «Իրանական տնտեսությունը վատ ժամանակներ է ապրում։ Արևմտյան տնտեսական խիստ պատժամիջոցները, որոնք սահմանվել են տասնամյակների ընթացքում 5-6 փուլով, հանգեցրել են այդ իրավիճակին։ Իրանում գները, թերևս, շուկայական չեն։ Բավական է գնալ ինչ-որ ազատականացումների, հետևանքները բավականին ծանր են լինում»,- ասաց Ատոմ Մարգարյանը։

Ըստ նրա՝ չնայած իրանական տնտեսությունը ճկուն է և դիմակայուն, ինչպես նաև ընդլայնվելու որոշակի հնարավորություններ ունի, սակայն այս պահին Հայաստանի հետ փոխադարձ ծրագրերի լուրջ արդյունքներ սպասել պետք չէ։ Իրանի պոտենցիալ գործընկերներից մեկը Եվրասիական տնտեսական միությունն է, որի կազմում է նաև Հայաստանը։ Եվ այս կառույցի հետ ազատ առևտրի պայմանագիրն, ըստ տնտեսագետի, կարող է որոշակի արդյունքներ տալ։ «Սակայն Իրանին սպասվում են շատ ծանր կառուցվածքային ռեֆորմներ։ Կարծում եմ՝ իշխանությունը կանգ չի առնի։ Այսպիսի դեպքերը, այո, կարող են բռնկվել, մարել, բայց միշտ լուծումներ կան։ Եթե այդ ռեֆորմները չիրականացվեն՝ կառուցվածքային, ներքին ինստիտուցիոնալ, ժողովրդավարացման, բազմաթիվ ուղղություններով, Իրանն ի վերջո կնմանվի 1970 թվականների վերջերի և 1980-ականների սկզբի Խորհրդային միությանը, երբ անմրցունակ համակարգը միանգամից բացվեց ու պայթեց»,- նկատում է տնտեսագետը։

Հիշեցնենք, որ Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության ծավալներն այս պահին գոհացուցիչ չեն։ 2015 թվականի կեսերից և 2016 թվականի սկզբին, երբ Իրանի նկատմամբ Արևմուտքի սահմանած տնտեսական պատժամիջոցների մի մասը չեղարկվեց, ու իրանական տնտեսությունը սկսեց փոքր-ինչ շունչ քաշել, Հայաստանում ակտիվորեն քննարկվում էր, թե ինչ օգուտներ կարող է քաղել մեր երկիրը ստեղծված իրավիճակից։ Շեշտվում էր հատկապես առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման հարցը։ Սակայն հետագա տարիների վիճակագրությունը փաստում է, որ էական օգուտներ այդպես էլ չհաջողվեց քաղել։ Իրանը լիովին չազատվեց այդ պատժամիջոցներից, ու Արևմուտքը պարբերաբար «հիշեցնում» է Իրանին դրանց մասին։ Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը 2018-ին կազմել է 363.6 մլն դոլար, որից 269.4 մլն դոլարը Իրանից Հայաստան ներմուծումն է։ Իրանի հետ առևտրային հարաբերություններում շարունակում է որոշիչ դեր խաղալ էներգակիրների առևտուրը։ էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստանը ոչ թե փող է ստանում, այլ գազ։ Հայաստանից Իրան արտահանման կազմում էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռն 80-65 % է, իսկ ներմուծման կազմում գազը զբաղեցնում է 30-35 %-ը։

Գլխավոր լուսանկարը՝ Reuters-ի

Տես նաև`

Հայաստան-Իրան առևտուրը 2018-ին. էներգակիրների կշիռն ու ցեմենտի ներմուծման զգալի աճը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter