HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փոփոխություններ են նախատեսվում պաշտոնյաների գույքի հայտարարագրման գործընթացում

Արադարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նախագիծ է քննարկման ներկայացրել՝ առաջարկելով մի շարք փոփոխություններ պաշտոնատար անձանց հայտարարագրման գործընթացում։

Մասնավորապես՝ նախարարությունն առաջարկում է գույքի և եկամուտի հայտարարագրման պարտականություն  նախատեսել նաև 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների և աշխատակազմի քարտուղարների համար. «Նշված պաշտոնատար անձանց գործունեության արդյունքում կարող են առաջանալ հնարավոր շահերի բախման կամ այլ իրավիճակներ, ուստի նման ռիսկերը վերահսկելի դարձնելու համար անհրաժեշտ է ընդլայնել հայտարարատուների շրջանակը՝ ներառելով նաև վերոնշյալ պաշտոնատար անձանց»,- որպես հիմնավորում նշել է նախարարությունը։

Բացի այդ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն կսահմանվի համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու անդամի, Երևան քաղաքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններին մասնակցող թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար։

Ըստ Արդարադատության նախարարության, ներկայիս կարևոր խնդիրներից մեկը հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող այն պաշտոնատար անձանց համապարփակ շրջանակի սահմանումն է, ում գործունեությունը պարունակում է որոշակի ռիսկայնություն: 

Նախարարությունը նախատեսում է Հայաստանում և արտասահմանում պաշտոնատար անձի ունեցած ֆինանսական միջոցների բացահայտումը հեշտացնելու նպատակով նախատեսել պաշտոնատար անձի կողմից լիազոր մարմնին իր անունից համապատասխան տեղեկատվության վերաբերյալ հարցումներ կատարելու մասին լիազորագիր տալու պահանջ: 

«Օրենքի ներկա կարգավորումներով մեծ դժվարություններ են առաջանում նաև պաշտոնատար անձանց՝ օտարերկրյա ֆինանսական կազմակերպություններում առկա միջոցները բացահայտելիս, ինչպես նաև պաշտոնատար անձի՝ արտերկրում  առկա գույքի մասին տեղեկատվություն ստանալիս: Շատ հաճախ պաշտոնատար անձինք այս տեղեկատվությունը չեն հայտարարագրում: Իսկ այլ երկրի պետական կառավարման մարմնից տեղեկատվություն ստանալն առաջացնում է բազում խնդիրներ»,- նշել է Արդարադատության նախարարությունը։Առաջարկվում է նվազեցնել նաև օրենքով սահմանված՝ 8 միլիոն դրամ արժողությամբ գույքի դրամական շեմը։ Նախարարությունը կարծում է, որ այս արժեքային շեմը շատ բարձր է, ինչով պայմանավորված՝ հայտարարագրման ենթակա գույքի շրջանակն ընդգրկուն չէ։

Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ վերանայման կարիք ունեն նաև հայտարարագրման ենթակա գույքի բովանդակությունը սահմանող օրենսդրական կարգավորումները: Ներկայումս գույք հայտարարագրելիս պաշտոնատար անձինք պարտավոր են նշել գույքի գտնվելու վայրի հասցեն: Սակայն, ըստ արդրադատության նախարարության, պրակտիկան շարժվել է այն ուղղությամբ, որ պաշտոնատար անձինք հայտարարագրում են միայն Հայաստանում տարածքում առկա գույքը:

Այս խնդիրը լուծելու համար նախատեսվում է հայտարարագրման ենթակա տվյալների շրջանակում  ուղղակիորեն շեշտել գույքի գտնվելու վայրը: 

Նախարարությունը նաև նախատեսում է միմյանցից տարանջատել փոխառությունը և վարկը որպես եկամտի ստացման առանձին աղբյուրներ։ Քանի որ ներկայիս հայտարարագրման ձևում եկամտի շարքին են դասվում նաև ստացված փոխառությունները և վարկերը, սակայն դրանք տարբերվում են միմյանցից:

Նշենք, որ այժմ հայտարարագիր ներկայացնում է շուրջ 3000 պաշտոնատար անձ, սակայն տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնատար անձանց որոշակի շրջանակ ազատված է հայտարարագրման պարտականությունից:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter