
Պոլսահայերը կողմ են արձանագրությունների ստորագրմանը
Բայց նշում են, որ Հայաստանն իրենց մասին մոռացել է
«Չնայած աշխարհը գրում և խոսում է սփյուռքահայության մասին, բայց Թուրքիան և Հայաստանը մոռացել են պոլսահայության մասին: Պոլսահայության համար հիմա մեծ քայլ է, մեծ ոգևորություն, որովհետև դեպի Հայաստան ճանապարհ են գտնում»,- ասում է «Հյուրիեթ» օրաթերթի 34-ամյա հայ լրագրող Վիրջիհան Զիֆլիօղլին:
Նա հավելում է, որ սփյուռքահայությունը տարբեր երկրներում կարող է իր ձայնն արտահայտել, իսկ ինչ կարող է անել պոլսահայությունը այն երկրի դեմ, որտեղ ապրում է: «Հայ-թուրքական արձանագրությունները, եթե արդիական աչքով նայենք, շատ լավ քայլ է»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Վիրջիհանը: Նա փորձեց շրջանցել նախապայմանների հարցը, սակայն փոխանցելով Թուրքիայի կառավարության տեսակետը` լրագրողը հավելեց, որ Թուրքիայի տեսակետը Ղարաբաղի հարցի շուրջ նույնն է մնացել. ղարաբաղյան խնդիրը չլուծած, սահման պիտի չբացվի: «Չենք կարող խոսել, թե որն է դրական և որը բացասական կողմ այս արձանագրություններում: Այսինքն` Հայաստանի կառավարությունը պետք է իր կարծիքը հայտնի»,-ասում է պոլսահայ լրագրողը:
Չնայած Վիրջիհան Զիֆլիօղլին նշում է, որ արձանագրություններում որևէ ակնհայտ նախապայման չկա, բայց շեշտում է, որ Թուրքիան միշտ ասում է, որ իրենց նախապայմանը Ղարաբաղի հարցի լուծումն է: «Բայց չգիտենք, թե Հայաստանն ինչ պետք է անի. Լաչինի միջանցքը պիտի տա, թե ինչ պետք է անի»,-կասկածում է «Հյուրիեթի» լրագրողը:
«Ակոս» թերթի հայկական էջի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ներկայացնելով Ստամբուլի հայության տեսակետը, Հայաստանից ժամանած լրագրողների հետ հանդիպման ժամանակ ևս նշեց, որ պոլսահայերը դրական են վերաբերում Հայաստանի և Թուրքիայի ստորագրած արձանագրություններին: «Պոլսահայերը միշտ էլ կողմ են եղել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը»,-հավելեց Բագրատ Էստուկյանը:
«Ակոս» թերթի խմբագիրներից` Արիս Նալճը կարծում է, որ արձանագրությունները Հայաստանի և Թուրքիայի հայ համայնքի հետ երկրորդ կամուրջն է ստեղծում: «Բայց եթե սահմանը բացվի, Թուրքիայի հայ համայնքը շատ մեծ գործ ունի: Oրինակ` այսօր Թուրքիան թուրքերենից հայերեն և հակառակը թարգմանող թարգմանիչների կարիք ունի, և դրանք պետք է լիեն Թուրքիայի հայերը: Եթե դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, ապա Հայաստանից եկած հայերի զավակները օրինականորեն կհաճախեն հայկական դպրոցներ: Մինչ այդ նրանք չէին կարող դպրոց գնալ, քանի որ օրինականորեն Թուրքիայում չէին հաստատված: Այս ձևով Թուրքիայի հայկական դպրոցները վերածնունդ կապրեն»,-ասում է Արիսը:
Նրա կարծիքով` սահմանի բացումը կարող է խթանել Հայաստանի և սփյուռքից ժամանող հայերի ներհոսքին դեպի Արևմտյան Հայաստանի պատմական վայրերը` Կարսը, Մուշը, Վանը և այլն:
Բայց Թուրքիայի հայ համայնքը ևս պատրաստ չէ սահմանի բացմանը: Արիս Նալճը հավելում է, որ այսօր Թուրքիայում արևելահայերենին նորմալ տիրապետող հայ չի մնացել. «Թուրքիայի հայ համայնքի աշակերտները ինձանից վատ են հայերեն խոսում, և մենք մեր լեզվին լավ չենք տիրապետում: Նույնիկս մեր պատմությանը լավ չենք տիրապետում»: Արիսի խոսքերով` հայ համայնքը պետք է պատրաստվի սահմանի բացմանը:
Հայաստանը նույնպես կշահի սահմանի բացումից: Բայց Հայաստանն էլ պատրաստ չէ սահմանի բացմանը, քանի որ մեծ կապիտալ է մտնելու Հայաստան. «Ամեն ինչ կարող է թուրքական լինել, բայց Հայաստանը պետք է կամք ունենա, որ այդ կապիտալին դեմ կանգնի, որպեսզի հաջող տնտսություն և արդյունաբերություն ունենա»,-կարծում է խմբագիրը:
Իսկ անդրադառնալով քննարկվող նախապայմաններին և Ցեղասպանության և ղարաբաղյան հարցի կարգավորմանը, «Ակոսի» խմբագիրը նշում է, որ արձանագրության մեջ Ցեղասպանության հարց չկա, Ղարաբաղի հարց ևս չկա:
Մեկնաբանել