HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախթալայի ԼՀԿ-ի բաց հանքի հանքախորշերում պայթեցումների հետևանքով Շամլուղի գերեզմանները փլուզվել են

Ախթալա համայնքի մեջ մտնող Շամլուղ բնակավայրի գերեզմանատունը գտնվում է «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ին պատկանող բաց հանքից մոտ 100 մետր հեռավորության վրա: Գերեզմանատան պահակ Ժորա Ռևազյանը և Շամլուղ գյուղի բնակիչները պնդում են, որ լեռնահարստացման կոմբինատի՝ վերջին 3-4 տարիներին բաց հանքի հանքախորշերում կատարած պայթեցումների հետևանքով գերեզմանաքարերը թեքվել կամ ընկել են, իսկ գերեզմանների հողահարթակներում առաջացել են նստվածքներ: Բաց հանքի հանքախորշերից մեկի հանքային հորիզոնը շուրջ 2-3 կմ երկայնքով ձգվում է գերեզմանատան և Շամլուղ բնակավայրի ներքեւի հատվածով։ Լեռնահարստացման կոմբինատի (ԼՀԿ) տնօրեն Սամվել Խաչատրյանը մեզ հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն հայտնեց աջակցել գերեզմանների վերականգնմանը: Սակայն Խաչատրյանը փորձում էր համոզել, որ ԼՀԿ-ն բաց հանքի որևէ հանքախորշ երբևէ չի շահագործել ու չի շահագործում։

«Շամլուղի հանքախորշերը վերջին անգամ ֆրանսիացիների կողմից են շահագործվել»,- ասաց Խաչատրյանը:

Գերեզմանատան պահակ Ժորա Ռևազյանը նոյեմբերի 18-ին մեզ հետ զրույցում պնդում էր, որ ամեն օր՝ ժամը 13:00-ից մինչ 14:30, Շամլուղի գերեզմանատան մոտ գտնվող հանքախորշում պայթեցումներ են լինում: Գյուղացիներից մեկի խոսքով հանքախորշի պայթեցումները սպառնալիք են դարձել նաև Շամլուղի բաց հանքավայրին կից տարածքներում ապրող 30 ընտանիքի համար: Գյուղացիները նաև տեղեկացրին, որ նոյեմբերի 18-ին ԼՀԿ-ի տնօրինությունը մարդիկ է ուղարկել Շամլուղ՝ պարզելու, թե ով է լրագրողին տեղեկացրել հանքախորշերում պայթեցումների հետևանքով վնասված գերեզմանաքարերի մասին: Այս պատճառով չենք հրապարակում մեր զրուցակից շամլուղցիների անունները:

Գերեզմանատան պահակ Ժորա Ռևազյանն ասում է, որ հանքախորշի պայթեցումների ժամանակ ինքը ականատես է եղել գերեզմանաքարերի շարժին: Գերեզմանոցում դեֆորմացված հողահարթակներ կան: Ժորան մեզ ցույց տվեց նաև գերեզմանատանը հարող մոտ 20 սմ խորությամբ փոս ընկած ճանապարհը: Գերեզմանատան պահակի ուղեկցությամբ հերթով մոտեցանք քանդված գերեզմաններին: Ժորան արդեն 16 տարի գերեզմանատան պահակն է։ Ասում է, որ պայթեցումների հետևանքով վերջին չորս տարիներին է սկսվել գերեզմանների փլուզումը: Պահակը գերեզմանատան վիճակի մասին տեղյակ է պահել Շամլուղի վարչական ղեկավար Արթուր Աղաբաբյանին: Վարչական ղեկավարը մի քանի բնակիչների ու հանքի մի քանի ղեկավարների հետ մեկ շաբաթ առաջ այցելել է գերեզմանատուն: Ուսումնասիրելուց հետո, թե ինչ որոշում են կայացրել, Ժորան տեղյակ չէր: Նա պնդում էր, որ գերեզմանատանը ստեղծված վիճակը լրիվ պայթեցումների հետևանքն է։ Թեև ԼՀԿ-ի տնօրինությունը գերեզմանատնից և Շամլուղ համայնքի այդ հատվածից 100 մետր հեռավորությամբ հողի պատնեշով շրջափակել էր բաց հանքը, այդուհանդերձ մենք Ժորայի հետ կարողացանք դիտարկել հանքախորշերի պատկերը: Հանքախորշերի մուտքերի մոտ հանքաքարի մեծ կույտեր էին թափված: Մի քանի էքսկավատոր էր կանգնած դրանց մոտ: Ժորան հաշվեց բաց հանքում 6 հանքախորշերի մուտք: 

«Գերեզմանի տարածքի ցնցումն ավելի շատ այս մասում է»,- ասաց Ժորան՝ ցույց տալով հողով պատնեշված լանջի տակը,- Էդ ցնցումներն են էլի, որ գերեզմանաքարերը էսենց տեղահան են անում, քարերը շարժվում են ու տեղից ընկնում»,- բացատրում է Ժորան:

Վարչական ղեկավար Արթուր Աղաբաբյանը մեզ հետ զրուցելիս գերեզմանատան հարող տարածքում հանքախորշերի պայթեցումների մասին իր կարծիքը խուսափեց հայտնել: Ասաց՝ Շամլուղի գերեզմանատերերի, հանքերի պետ Սամվել Հանեսյանի, ԼՀԿ-ի անվտանգության պետը Վարդան Առաքելյանի հետ միասին ուսումնասիրել են գերեզմանատան վիճակը։

«Իրենք մեզ ասում են՝ էդ բաց հանքի տարածքում ոչ մի պայթեցում չեն անում: Ասացին ինչ մասնագետներ ուզում եք, բերեք, մենք հանքախորշերում ոչ մի գործունեություն չենք ծավալում»,- ասաց վարչական ղեկավարը: 

Բնակինչերը հակառակն են պնդում. «Պայթեցումներ միշտ էլ լինում են, ամեն օր պայթեցնում են»,- ասաց նրանցից մեկը։

«Դե եթե իրենք ասում են՝ պայթեցումներ չեն կատարում գերեզմանոցի և Շամլուղ գյուղի տակ գտնվող հանքախորշում, այդ դեպքում մենք Երևանից հանձնաժողով կպահանջենք՝ պարզելու, թե վերջին անգամ կոմբինատի տնօրեն Ս. Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակ, թե՞ ֆրանսիացիների ժամանակերում են պայթեցումներ կատարվել Շամլուղի գերեզմանոցի տակի հանքախորշում»,- ասաց մեկ այլ բնակիչ։

Վարչական ղեկավար Արթուր Աղաբաբյանին ասացինք գերեզմանատանը հարող տարածքի ճանապարհի նստվածքի մասին։

«Ճիշտ եք, ճանապարհը 20 սմ-ի չափով փոս է ընկել: Բայց իրենց ասելով էդ հանքը հիմա չեն շահագործում»,- պատասխանեց Ա. Աղաբաբյանը:

Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը հայտնեց, որ մեկ շաբաթ առաջ է վարչական ղեկավարին հանձնարարել պարզել, թե ինչ է կատարվում գերեզմանատան տակ գտնվող փակ հանքում:

«Ամեն դեպքում գերեզմանների ճեղքերում դրվել են փորձանմուշները: Մի 10 օր հետո կգնանք, նորից կնայենք: Ինչ-որ մի բան կա, որ գերեզմանները քանդվում են, բայց  ուղղակի պետք է պարզել, թե դա իրենց գործունեության հետևանքով է, թե՞ ոչ։ Փաստն այն է, որ գերեզմանոցի տակ գործող փակ հանք է եղել: Բայց այս պահի դրությամբ ԼՀԿ-ի տնօրեն Խաչատրյանի հավաստմամբ այդ հանքը չեն շահագործում: Ես չեմ կարող նաև ժխտել գերեզմանատան պահակի պնդումները՝ այսօր գերեզմանատան տակ գտնվող փակ հանքում պայթեցումներ կատարելու մասին»,- ասաց Թամազյանը: 

Նա հնարավոր էր համարում, որ գերեզմանատան վիճակը հանքախորշի շահագործման հետևանք լինի: Այդ պատճառով գտնում էր, որ այնտեղ պետք է մասնագիտական ուսումնասիրություն արվի: Արկադի Թամազյանը, սակայն, դա հեշտ գործընթաց չհամարեց։ «Դա ֆինանսավորման հետ կապված խնդիր է, բայց ամեն դեպքում, մենք հետևողական պետք է լինենք»,- նշեց նա:

Լեռնահարստացման կոմբինատը ամիսը 5 մլն դրամ ֆինանսական աջակցություն է տալիս Ախթալա համայնքին: Համայնքապետ Արկադի Թամազյանը կարող է այդ գումարից միջոցներ տրամադրել Շամլուղի գերեզմանոցում իր առաջարկած մասնագիտական հանձնաժողովի հետազոտության համար: 

Մեկնաբանություններ (1)

Սեյրան
Պայթեցրել են ու մինչ օրս պայթեցնում են

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter