HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի «Արցախ» պուրակը կվերադարձվի համայնքին

Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործերից մեկի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեռևս 2007թ. փետրվարի 23-ին Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ մի ՍՊԸ-ի է հանձնվել մասնավորեցման ոչ ենթակա, Լոռու մարզի պատմության և մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված «Արցախ» պուրակի տարածքը: ՀՀ կառավարության 13.04.2006թ. որոշմամբ պուրակի տարածքն անհատույց, սեփականության իրավունքով փոխանցվել էր Վանաձոր համայնքին՝ որպես հասարակական կառուցապատման հողամաս։ Քննված քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հողամասի օտարման գործընթացում համայնքի ղեկավարը հիմք է ընդունել կառավարության այդ որոշումը: 

Ինչպես հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը, ելնելով դրանից՝ նախաքննական մարմինը եկել է եզրահանգման, որ հողամասի օտարման գործընթացում Վանաձորի համայքնապետարանի պաշտոնատար անձանց արարքում բացակայում է քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հանցակազմը և այդ հիմքով հրաժարվել է վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել։

Սակայն մարզի դատախազությունում դրա վերաբերյալ քննիչի կայացրած որոշման օրինականությունն ստուգելիս և քրեական գործի նյութերին ծանոթանալիս ակնհայտ է դարձել, որ պուրակի տարածքը ՍՊԸ-ին հանձնելու վերաբերյալ վարչական ակտը համայնքի ղեկավարի կողմից ընդունվել է ՀՀ հողային օրենսգրքի  60-րդ, 87-րդ հոդվածների պահանջների խախտմամբ, ինչը կարող է հիմք հանդիսանալ հիշատակված վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու համար, այս մասին ասվում է դատախազության տարածած հաղորդագրությունում:

Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև այն, որ օրենքի խախտմամբ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու արդյունքում խախտվել են համայնքի իրավունքները և այդ հետևանքները շարունակել են մնալ չվերացված՝  Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել Վանաձոր համայնքի ղեկավարին՝ քննարկելու օրենքի խախտմամբ ընդունված ոչ իրավաչափ վարչական այդ ակտն ամբողջությամբ անվավեր ճանաչելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու հարցը և միջոցներ ձեռնարկելու նմանատիպ երևույթները բացառելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter