HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար 2019թ ՀՀ պետական մրցանակակիրը Տակեո Կանադեն է

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարությունում նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկրի ներկայացման մամուլի ասուլիսը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ  ասուլիսի բանախոսներն էին նախարար, մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Հակոբ Արշակյանը, մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքերը համակարգող  Հովիկ Մուսայելյանն ու մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր  «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ասուլիսին ներկա էր նաև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:

Նախարարը շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին նման մեծ իրադարձությունը Հայաստան բերելու և ամեն տարի նման հրաշալի միջոցառում կազմակերպելու համար։

«Այս տարի լրանում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխության 10 տարին: Սա յուրօրինակ առաջնորդություն է այս ոլորտում՝ ունենալ ՀՀ պետական մրցանակ և դա հանձնել աշխարհում տեխնոլոգիական ոլորտի այնպիսի հսկաներին, ովքեր աշխարհն իրենց ստեղծագործությամբ փոխել են, ովքեր, կարելի է ասել, սկսել են զրոյից, ունեցել են միտք, այն զարգացրել և մարդկությանը հնարավորություն են տվել օգտվելու տեխնոլոգիաներից, որոնք մեր կյանքը էլ ավելի են հեշտացնում»,- նշել է Հակոբ Արշակյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ  նշել է, որ արդեն 10 տարի այս նախաձեռնությունն իր շուրջն է համախմբել և Հայաստան բերել այնպիսի մարդկանց, որոնք իրենց ազդեցությունն են թողել տեխնոլոգիական ոլորտի զարգացման և առաջընթացի վրա։ Մրցանակը անչափ կարևոր է նաև նրանով, որ այն Հայաստանի համար հանդիսանում է որպես անձնագիր՝ աշխարհին ներկայանալու համար, մեր երկիր բերելով տեխնոլոգիական ոլորտի հանճարների։

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը տեխնոլոգիական ոլորտով հետաքրքված երիտասարդներին կոչ է արել հավատալ իրենց կարողություններին, գաղափարներին, ստեղծել իրենց ճանապարհը և Հայաստանի անունն ավելի ճանաչելի դարձնել աշխարհում։

Նախարար Հակոբ Արշակյանը հավելել է, որ մարդիկ, ովքեր մեծ հետք են թողել աշխարհում և ստացել այդ մրցանակը, սկսելու պահին ոչ մի բանով առավել չեն եղել այն մարդկանցից և հայ երիտասարդներից, որոնք հիմա են սկսում իրենց ստեղծագործ կյանքը: Նա կոչ է արել, որ բոլոր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև միկրոէլեկտրոնիկա, չվախենան սխալվելուց և իրականացնեն իրենց գաղափարները։

Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է, թե 10 տարիների ընթացքում ովքե՞ր և ի՞նչ գործունեության համար են արժանացել այս մրցանակին։ Նա հայտարարել է, որ հոբելյանական 10-րդ մրցանակակիրը դոկտոր Տակեո Կանադեն է, ով «Origami World» տեսություն հիմնադիրն է, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծողը:

Նա Հայաստան կժամանի դեկտեմբերի 3-ին։ Մրցանակը նրան կհանձնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մրցանակաբաշխության շրջանակներում տեղի կունենա Տակեո Կանադեին նվիրված ծրարի մարում։

Լուսանկարը՝ b24.am-ի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter