HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Եվրո-2020»-ի 24 մասնակիցներից 20-ը հայտնի են. ինչպե՞ս են ընտրվելու մյուս 4-ը

«Եվրո-2020»-ի ընտրական փուլով որոշվեցին այն 20 հավաքականները, որոնք գալիք տարվա Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեցին: Դրանք ընտրական 10 խմբերում առաջին եւ երկրորդ տեղ զբաղեցրած թիմերն են:

Ըստ ընտրական 10 խմբերի՝ Եվրոպայի 2020 թ. եզրափակիչ փուլ անցած հավաքականներն են՝ Անգլիա, Չեխիա (1-ին խումբ), Ուկրաինա, Պորտուգալիա (2-րդ խումբ), Գերմանիա, Հոլանդիա (3-րդ խումբ), Շվեյցարիա, Դանիա (4-րդ խումբ), Խորվաթիա, Ուելս (5-րդ խումբ), Իսպանիա, Շվեդիա (6-րդ խումբ), Լեհաստան, Ավստրիա (7-րդ խումբ), Ֆրանսիա, Թուրքիա (8-րդ խումբ), Բելգիա, Ռուսաստան (9-րդ խումբ), Իտալիա, Ֆինլանդիա (10-րդ խումբ):

Ինչպես հայտնի է, «Եվրո-2020»-ի եզրափակիչ փուլը «Եվրո-2016»-ի նման անցկացվելու է 24 թիմերի մասնակցությամբ: Գալիք տարվա առաջնությունը կազմակերպվելու է ոչ թե մեկ երկրում, այլ եվրոպական 12 քաղաքներում, սակայն այդ քաղաքները ներկայացնող պետությունները մյուսների պես մասնակցել են ընտրական փուլին, այսինքն՝ իրավունք չեն ունեցել որպես կազմակերպիչ ավտոմատ որակավորվել եզրափակիչ մրցաշարին: Հիշեցնենք այդ քաղաքները՝ Լոնդոն, Մյունխեն, Հռոմ, Բաքու, Սանկտ Պետերբուրգ, Բուխարեստ, Ամստերդամ, Դուբլին, Բիլբաո, Բուդապեշտ, Գլազգո, Կոպենհագեն:

«Եվրո-2020»-ի ընտրական փուլի միջոցով որակավորված եւ վերը նշված 20 հավաքականներին եզրափակիչ փուլում միանալու են Ազգերի լիգայի միջոցով ընտրված 4 ընտրանիները:

Ինչպես հայտնի է, անցյալ տարվա աշնանն առաջին անգամ անցկացվեց Ազգերի լիգայի մրցաշարը: 4 դիվիզիոններից կամ լիգաներից (A, B, C, D) յուրաքանչյուրը բաղկացած էր 4 խմբից (ընդհանուր՝ 16 խումբ): «A» լիգայի խմբերում կարգով ամենաուժեղ թիմերն էին, իսկ «D»-ում՝ ամենաթույլ: Հայաստանը, հիշեցնենք, «D» լիգայի խմբերից մեկում էր, սակայն չկարողացավ գրավել առաջին տեղը՝ այն զիջելով Հյուսիսային Մակեդոնիային:

Ըստ կանոնակարգի՝ յուրաքանչյուր լիգայի 4 խմբերի հաղթողները փլեյ-օֆ փուլում վիճարկելու են «Եվրո-2020»-ի 1 ուղեգիր, այսինքն՝ 4 լիգաներից յուրաքանչյուրին բաժին կհասնի Եվրոպայի առաջնության 1 ուղեգիր: Այս ձեւաչափը թույլ է տալիս աշխարհամասի առաջնությանը մասնակցել նույնիսկ կարգով ցածր հավաքականներին, ինչպիսիք «D» լիգայի թիմերն են:

Հիշեցնենք, թե ովքեր են հաղթել լիգաների իրենց խմբերում՝ Հոլանդիա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Անգլիա («A» լիգա), Ուկրաինա, Շվեդիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Դանիա («B» լիգա), Շոտլանդիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Սերբիա («C» լիգա), Վրաստան, Բելառուս, Կոսովո, Հյուսիսային Մակեդոնիա («D» լիգա):

Ինչպես տեսնում ենք, «A» լիգայի խմբերի հաղթողները՝ Հոլանդիան, Շվեյցարիան, Պորտուգալիան, Անգլիան, «Եվրո-2020»-ի ընտրական փուլի արդյունքներով արդեն հայտնվել են 20 երջանիկների մեջ: Ըստ կանոնակարգի՝ նրանց պետք է փոխարինեն «A» լիգայի խմբերում լավագույն արդյունք ցույց տված հաջորդ 4 թիմերը, որոնք փլեյ-օֆում կորոշեն, թե այս լիգայից ով է «Եվրոյի» ուղեգիր ձեռք բերում: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ «A» լիգայի խմբերում ընդգրկված 12 հավաքականներից 11-ն արդեն իսկ «Եվրո-2020»-ի ուղեգիր ունի երեկ ավարտված ընտրական փուլի արդյունքներով: Միակ «դժբախտը» Իսլանդիան է: Հիմա վերջինիս պետք է միանա եւս 3 հավաքական: Սակայն այդ 3-ը լինելու են ոչ թե «B» լիգայից, այլ «C»: Բացատրությունը մի փոքր բարդ է, բայց այն կրկին պայմանավորված է կանոնակարգով:

Բանն այն է, որ «B» լիգայի փլեյ-օֆին մասնակցելու է խմբերի հաղթողներից (Ուկրաինա, Շվեդիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Դանիա) մեկը՝ Բոսնիա եւ Հերցեգովինան, իսկ ուկրաինացիները, շվեդներն ու դանիացիները «Եվրոյի» ընտրական փուլով արդեն դուրս են եկել «Եվրո-2020»-ի եզրափակիչ փուլ: Քանի որ բոսնիացիները խմբի հաղթող են, իրավունք ունեն մրցել բացառապես իրենց («B») կամ ավելի ցածր լիգաների հավաքականների հետ: Այսինքն՝ նրանք, այսպես ասած, զերծ կմնան կարգով ավելի բարձր «A» լիգայի ներկայացուցիչ Իսլանդիայի հետ հանդիպելուց:

Մյուս կողմից՝ քանի որ «B» լիգայի 4 խմբերում ընդգրկված 12 թիմերից 8-ն ընտրական փուլի շնորհիվ ձեռք է բերել «Եվրո-2020»-ի ուղեգիր, եւ լիգայում մնացել է հենց 4 հավաքական՝ Բոսնիա եւ Հերցեգովինան, Սլովակիան, Իռլանդիան ու Հս. Իռլանդիան, հենց վերջիններս էլ փլեյ-օֆում կվիճարկեն իրենց լիգային հասանելիք ուղեգիրը: Հավելենք, որ եթե բոսնիացիները լիգայի խմբի հաղթող չլինեին, «B» լիգայի այս 4 թիմերից 3-ը վիճակահանությամբ պիտի միանային «A» լիգայի անդամ Իսլանդիային: Իսկ եթե «B» լիգայում, օրինակ, 5 թիմ մնացած լիներ (ներառյալ՝ Բոսնիա եւ Հերցեգովինան), վիճակահանությամբ բոսնիացիների հետ կմնային 3-ը, որպեսզի չորսով փլեյ-օֆում վիճարկեն ուղեգիրը, իսկ 1-ը կմիանար Իսլանդիային:

Այսպիսով՝ քանի որ «B» լիգայում հենց 4 թիմ է մնացել, իսկ նրանցից մեկն էլ խմբի հաղթող է, այս հավաքականները ոչ մեկին էլ չեն միանա, 4-ով կվիճարկեն իրենցից մեկին հասանելիք բաղձալի ուղեգիրը:

Փոխարենը, ինչպես ասվեց, Իսլանդիային կմիանա եւս 3 թիմ «C» լիգայից: Դրանց թվում չեն լինի խմբերի հաղթողները՝ Շոտլանդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան ու Սերբիան: Ֆինլանդիան, որը Հայաստանի հետ «Եվրոյի» նույն ընտրական խմբում էր, ինչպես հայտնի է, արդեն նվաճել է «Եվրո-2020»-ի ուղեգիրը: Այսինքն՝ «C» լիգայից Եվրոպայի առաջնության ուղեգիրը վիճարկելու են շոտլանդացիները, նորվեգներն ու սերբերը: Նրանց չորրորդ մրցակցին կիմանանք նոյեմբերի 22-ին, երբ տեղի կունենա վիճակահանությունը: Վերջինս որոշելու է, թե «C» լիգայում խմբերի հաղթողներից հետո հաջորդ լավագույն 4 թիմերից (Բուլղարիա, Իսրայել, Հունգարիա, Ռումինիա) որ 3-ն են միանալու Իսլանդիային եւ որ 1-ն է միանալու Շոտլանդիային, Նորվեգիային ու Սերբիային:

Դե իսկ «D» խմբում ամեն ինչ պարզ է. ուղեգիրը վիճարկելու են Վրաստանը, Հս. Մակեդոնիան, Կոսովոն եւ Բելառուսը:

Նշենք, որ 2020 թ. մարտ ամսին կայանալիք փլեյ-օֆ փուլն անցկացվելու է օլիմպիական սկզբունքով. լիգաների 4-ական թիմերը բաժանվելու են 2 զույգի, ամեն զույգ անցկացնելու է մեկ խաղ (կարգով ավելի բարձր հավաքականի դաշտում), պարտվողները դուրս են մնալու հետագա պայքարից, իսկ հաղթողները կրկին մեկ խաղով (վիճակահանությունը կորոշի, թե ում դաշտում կհանդիպեն) կպարզեն լիգայի լավագույնին ու «Եվրո-2020»-ի ուղեգրի տիրոջը:     

«D» լիգայում, որի անդամ էր նաեւ Հայաստանը, կիսաեզրափակչի զույգերն այսպիսին են՝ Վրաստան-Բելառուս, Հս. Մակեդոնիա-Կոսովո: «C» լիգայում՝ Շոտլանդիա-X (Բուլղարիա, Իսրայել, Հունգարիա, Ռումինիա քառյակից մեկը), Նորվեգիա-Սերբիա: «B» լիգայում՝ Բոսնիա եւ Հերցեգովինա-Հս. Իռլանդիա, Սլովակիա-Իռլանդիա, «A» լիգայում՝ Իսլանդիա-X (Բուլղարիա, Իսրայել, Հունգարիա, Ռումինիա քառյակից մեկը), X-X (Բուլղարիա, Իսրայել, Հունգարիա, Ռումինիա քառյակից երկուսը):

Փլեյ-օֆի կիսաեզրափակիչները կկայանան 2020 թ. մարտի 26-ին, եզրափակիչները՝ մարտի 31-ին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter