
Անահիտ աստվածուհու արձանի մասունքները պահանջող արդեն 10 հազար ստորագրություն կա
Հայաստանի երիտասարդական հիմնադրամն արդեն մոտ 10000 ստորագրություն է հավաքել Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան վերադարձնելու նախաձեռնության շրջանականերում: Ինչպես «Հետքին» տեղեկացրեց հիմնադրամի աշխատակից Լիլիթ Գրիգորյանը, ստորագրահավաքը կտևի մինչև այս շաբաթվա վերջ. «Մենք ակնկալում ենք ստորագրողների ավելի մեծ քանակ: Շաբաթվա վերջում ստորագրահավաքի արդյունքներն ամփոփելուց հետո կդիմենք Հայաստանում բրիտանական դեսպանատանը և Բրիտանական թանգարանին»,- նշեց Լիլիթ Գրիգորյանը:
Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Հայաստան տեղափոխելու աղմուկը բարձրացել է նաև մարզերում: ՀՀ տասը մարզերի բնակիչները ստորագրահավաքին մասնակցում են հիմնադրամի համապատասխան մարզային կենտրոններում:
«Մենք այս գործընթացում ներգրավել ենք հիմնականում ուսանողությանը, բուհերին և ուսանողական կառույցներին»,-նշեց Լիլիթը:
Հիշեցնենք, որ Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան վերադարձնելու նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այս կապակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպեց ստորագրահավաք` դիմելու համար ՀՀ-ում բրիտանական դեսպանատանը և Բրիտանական թանգարանին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել