HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արտյոմ Կանևսկոյի մեքենայի զննությանը մասնակցած թարգմանչի ներկայությունը դատարանում ապահովել չի ստացվում

«Արտյոմ Կանևսկոյ» անունով հայտնի Արտյոմ Հարությունովի գործով դատական նիստին նրա վարած մեքենայի զննությանը մասնակցած թարգմանիչ Արթուր Մովսիսյանի ներկայությունն ապահովել չի ստացվում: Գործով նախորդ դատական նիստին դատարանը ծանուցագիր էր ուղարկել թարգմանչի հասցեով, սակայն ծանուցագիրը վերադարձվել է «տեղափոխված է» նշումով:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նոյմբերի 20-ին նշանակված էր Կանևսկոյի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում նիստերի քարտուղարն ասաց, որ կապ են հաստատել թարգմանչական գրասենյակի հետ, որտեղ Արտյոմ  Հարությունովին բերման ենթարկելու ժամանակ` 2019-ի հունվարի 12-ի դրությամբ, աշխատելիս է եղել թարգմանիչ Արթուր Սարգսյանը: Գրասենյակից հայտնել են, որ վերջինս այլևս իրենց մոտ չի աշխատում, բայց տվել են իրենց մոտ գրանցած նրա հեռախոսահամարը։ Դատարանի աշխատակազմը կապ է հաստատել թարգմանչի հետ, վերջինս հայտնել է, որ հնարավորության դեպքում կներկայանա նիստին: Դատարանի աշխատակազմից փորձել են ճշտել թարգմանչի բնակության հասցեն` ծանուցագիր ուղարկելու համար, սակայն հայտնել է, որ չի կարող հասցեն նշել, քանի որ տարբեր վայրերում է լինում:

Դատական նիստից առաջ դատարանի աշխատակազմը ևս մեկ անգամ զանգահարել էր թարգմանչի հեռախոսահամարին: Նա հայտնել էր, որ ճանապարհին է, կփորձի ներկայանալ, իսկ եթե չստացվի, ապա կներկայանա հաջորդ դատական նիստին: Դրանից հետո թարգմանչի հեռախոսահամարն անհասանելի է դարձել, ու դատարանի աշխատակազմին այլևս չի հաջողվել կապ հաստատել նրա հետ, վերջինս այսպես էլ չեկավ դատարան:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ դատարանն անգամ չունի հավաստիացում այն մասին, որ հեռախոսահամարին պատասխանած անձն իսկապես թարգմանիչն է եղել:

Նշենք, որ թարգմանիչ Մովսիսյանը դատակոչի ցուցակում ներառված չի եղել: Նրան դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել է Կանևսկոյի պաշտպան Հովսեփ Սարգսյանը, և դատարանը բավարարել է միջնորդությունը: Կանևսկոյի պաշտպանները  պնդում են, որ թարգմանչի ներգրավումը քրեական գործում եղել է խախտումներով ու կասկած հայտնում, որ նա վարույթն իրականացնող մարմնի «թաքնված աշխատակից է»:

Պաշտպանների խոսքով` երբ Կանևսկոյին բերման են ենթարկել ոստիկանություն, իրենց թույլ չեն տվել հանդիպել նրան իրավական աջակցություն ցույց տալու համար: Ըստ պաշտպանների` այն ժամանակ, երբ իրենք դրսում սպասելիս են եղել, թարգմանիչ Մովսիսյանը ևս սպասելիս է եղել, նրան նույնպես ներս մտնել չեն թույլատրել, ապա իրենց համար անհայտ ճանապարհով թարգմանչին մտցրել են ոստիկանության շենքի բակ: Այստեղ թարգմանիչը, ըստ քրեական գործի նյութերի, մասնակցել է շենքի բակում գտնվող մեքենայի զննությանը, որը մինչև բերման ենթարկվելը վարելիս է եղել Արտյոմ Կանևսկոյը:

Պաշտպանները նաև ասում են, որ ըստ քրեական գործի` թարգմանիչ Մովսիսյանը գործում ներգրավվել է հունվարի 13-ին, բայց հունվարի 12-ին, դարձյալ ըստ քրեական գործում առկա տվյալների, մասնակցել է մեքենայի զննությանն ու ստորագրել զննության արձանագրության տակ:

Վերը նշված հանգամանքների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար է, որ պաշտպանները ցանկանում են հարցեր տալ թարգմանչին:

Նոյեմբերի 20-ի դատական նիստը հետաձգվեց, և հաջորդը նշանակվեց նոյեմբերի 27-ին:

 

Լուսանկարում` դատավոր Մնացական Մարտիրոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter