HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամեն ինչ պետք է անել երիտասարդ գիտնականներին չհիասթափեցնելու համար

«Պատկերացրեք` գոյություն ունի մի արտադրամաս, որը սարքեր կամ ինչ-որ դետալներ է արտադրում: Նույն անալոգով մտածենք, որ պետությունը ռեսուրս է ծախսում ու իր բուհերի միջոցով կրթություն է տալիս երիտասարդներին, հասցնում ինչ-որ մակարդակի: Հիմա պատկերացրեք, որ այդ արտադրամասն ընդհանրապես չհետաքրքրվի իր արտադրածի ապագայով: Այդ դետալները հավաքի, տա հարևան երկրներին նվեր: Մեր երկրում նման բան է տեղի ունենում»,- համոզված է աստղաֆիզիկոս Արթուր Հակոբյանը: 

Երիտասարդ գիտնական Արթուրին պատանեկան տարիներից հետաքրքրել է աստղագիտությունը: Հանրամատչելի աստղագիտական գրականությունը նրա սիրելի գրքերից մեկն է եղել: «Երբ ընդունվեցի բուհ, արդեն հստակ ուղղվածություն ունեի: Գիտեի, որ աստղաֆիզիկայի բնագավառում եմ խորանալու»,- նշում է Արթուր Հակոբյանը: Մինչ օրս ազդեցության գործակից ունեցող միջազգային պարբերականներում 6 հոդված է տպագրել: Ազատ ժամանակ սիրում է գիրք կարդալ, հանդիպել ընկերներին, քայլել Երևանի փողոցներով: 

-Փետրվարի  19 - ը միմյանց գիրք նվիրելու օր էր  Հայաստանում:  Վերջերս հաճախ են քննադատում երիտասարդներին գիրք չկարդալու համար: Երիտասարդները հեռացե˚լ են գրքից:

- Որ ընդհանրապես չեն կարդում, համաձայն չեմ: Բայց որ քիչ են կարդում՝ փաստ է: Եթե հիմա դուրս գաք փողոց՝ այգիներում, տրանսպորտում շատ քիչ մարդիկ կտեսնեք, որոնք կարդում են: Իսկ եվրոպական մեծ քաղաքներում երիտասարդությունը, ընդհանրապես բնակչությունը, շատ-շատ է կարդում: Այնտեղ դրսում՝ մետրոյում, այգիներում կարդացող բազմաթիվ մարդկանց կարելի է հանդիպել: Համեմատության առումով մերոնք շա՛տ քիչ են կարդում, բայց կարդում են:

-2010 թվականից դասավանդում եք ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետում: Ի՞նչ եք կարծում, կգտնվե՞ն մեր վաստակաշատ գիտնականների գործը շարունակող տաղանդավոր երիտասարդներ: 

- Համոզվա՛ծ եմ, որ կգտնվեն: Բայց նրանց ճիշտ ուղու վրա դնելն ու գիտության մեջ պետությանը ծառայելը պետք է խիստ կանոնավորվի պետության կողմից: Հիմա նման բան տեղի չի ունենում: Օրինակ՝ պետությունը իր բյուջեից որոշակի գումար է ծախսում՝ կրթաթոշակի և ուսման վարձի փոխանցում կատա­րելով, որ ուսանողը բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրան­տուրայում սովորի անվճար: Դրանից հետո բացարձակապես չի զբաղվում այդ մարդկանց ճակատագրով: Իսկ երիտասարդներն էլ, գիտությունների թեկնածուի կոչումը ստանալով, արտասահմանում գտնում են համապատսախան տեղ՝ մի քանի տարով աշխատելու, և գնում են: Իսկ այդ ճանապարհը միշտ միակողմանի է լինում: Գնացողները երբեք հետ չեն վերադառնում:

- Ասպիրանտուրան համատեղության կարգով Փարիզում եք սովորել: Կա՞ն դրական նմանություններ հայսատանյան և արտասահմանյան ուսումնական հաստատությունների դասավանդման ձևերի մեջ:

-Մեզ մոտ այն դասագրքերը կամ նյութերը, որոնցից ուսանողությունն օգտվում է՝ ֆիզիկայի, քիմիայի, մեխանիկայի բնագավառներում, Սովետական Միության ժամանակ տպագրված գրքեր ու դասագրքեր են: Բնականաբար, գիտության շատ բնագավառներում մեծ առաջընթաց է եղել, բայց այդ դասագրքերը, որոնցով մեր ուսանողները ձեռք են բերում իրենց ֆունդամնետալ կրթությունը, այդուամենայնիվ, հնացած են: Միգուցե դասական մասերը կարելի է սովորել, բայց, օրինակ, արտագալակտիկական սատղագիտության մասին դասագիրք ո՛չ հայերեն, ո՛չ ռուսերեն գոյություն չունի: Վերջին հրատարակված դասագիրքը արտագալակտիկական աստղագիտոթյուն վերաբերյալ 70-ական թվականների վերջին է տպագրվել: Այսքան տարիների ընթացքում արտագալակտիկական աստղագիտությունն այնքան է զարգացել, որ օգտվել մոտ 30 տարի առաջ տպագրված գրքից՝ ուղղակի անթույլատրելի է: Մի խոսքով, զարգացած երկրները կրթությունը թարմացված վիճակում են սովորեցնում, ոչ թե մի 30 տարի հետ:

-Ձեր ֆեյսբուքյան էջում տիեզերական պատկերների կողքին Ֆրանսիայի ազգային դրոշի նկարը կա: Ֆրանսիան ձեզ համար առավե՞լ կարևորություն ունեցող երկիր է:

-Իհարկե, ոչ (ժպտում է-խմբ.): Երբ Ֆրանսիայի սենատում քննարկվեց և ընդունվեց հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, ես իմ էջում դրեցի Ֆրանսիայի դրոշը: Դա կրթության հետ կապ չունի: Եթե, օրինակ, նման քայլ աներ Պորտուգալիան, Պորտուգալիայի դրոշը կդնեի:

-Արդեն 6 տարի աշխատում եք Բյուրականի աստղադիտարանում: Գիտական ի՞նչ գործունեությամբ եք զբաղվում:

- Գիտենք, որ աստղերը ծնվում են, զարգացում են ապրում և մահանում: Տարբեր ֆիզիկական բնութագրեր ունեցող աստղերը տարբեր ձև են մահանում: Ու այդ մահացող աստղերի մեջ կան այնպիսիները, որոնք իրենց կյանքն ավարտում են պայթյունով: Հայտնի է նաև, որ գոյություն ունեն տարբեր աստղային բնակչություն ունեցող գալակտիկաներ: Մենք ուսումնասիրում ենք տարբեր դասի գալակտիկաներում բռնկված գերնոր աստղերի հատկությունների կապը իրենց մայր գալակտիկաների հատկությունների հետ:

Օրինակ՝ էլիպսաձև գալակտիկաներում, որտեղ հիմնականում կա ծեր աստղային բնակչություն, համարվում է, որ աստղերը որոշակի զանգվածից ավելի մեծ զանգվածներ չեն ունենում: Իսկ 8 արեգակնային զանգվածից ավելի մեծ զանգված ունեցող աստղերն իրենց կյանքն ավարտում են որպես գերնորի պայթյուն: Շատ հետաքրքիր է ուսումնասիրել այն դեպքերը, երբ էլիպսաձև գալակտիկաներում, որտեղ չպետք է դիտվեին մեծ զանգված ունեցող աստղերից առաջացած գերնորեր, դրանք դիտվում են: Մենք փորձում ենք բացատրել` այդ երևույթն ինչով է պայմանավորված և որոշ բացատրություններ գտել ենք:

-Տարածված հումոր կա՝ գիտնականը գիտնականի հետ չի ամուսնանում, որովհետև այդ դեպքում չեն կարող պահել ընտանիքը: Յուրաքանչյուր անեկդոտում էլ իրականության մաս կա: Ի՞նչ կասեք:

-Միգուցե դրա մեջ ինչ-որ տրամաբանություն կա: Բայց ես չեմ կարծում, որ այդ հանգամանքն է վերջնական պատճառ կամ առիթ դառնում ամուսնության (ժպտում է-խմբ.):

-Բացի ֆինանսական դժվարություններից, հայ գիտնականին էլ ի՞նչն է խանգարում ավելի լավ արդյունք ցույց տալու:

-Իհարկե, գիտական (աշխատանքային) մթնոլորտի բացակայությունը: Եթե հիմա տարբեր գիտական հիմնարկներ այցելեք, կտեսնեք, որ մարդիկ աշխատում են, բայց չկա այդ գիտական մթնոլորտ հասկացողությունը: Երբ մարդիկ աշխատում եմ մեկուսացված, աշխատում են խմբերով ու այդ խմբերի մեջ չկա փոխադարձ շփում, կամ մարդիկ սոցիալական խնդիրներով ծանրաբեռնված՝ զուգահեռ ուրիշ տեղ են աշխատում, որը կապ չունի գիտության հետ, գիտական հիմնարկի աշխատանքային մթնոլորտը խաթարվում է: 

Երիտասարդ աստղաֆիզիկոս Արթուր Հակոբյանի խոսքով՝ պետք է անել ամեն ինչ, որպեսզի երիտասարդները, գիտության ոլորտ գալով, չհիասթափվեն: 

Նունե Հովսեփյան
ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter