HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մարգարայի բնակչության թվի նվազումը ստիպել է ավագանուն վերանայել բյուջեի եկամուտները

Հայ-թուրքական սահմանի անմիջապես հարևանությամբ գտնվող Արմավիրի մարզի Մարգարա գյուղում շինարարական եռուզեռ է: Համայնքապետարանի հարևանությամբ գտնվող նախկին խանութի վթարային շենքը համայնքապետարանը գնել է 1 մլն 800 հազար դրամով, և վերակառուցման աշխատանքներից հետո, պետական սուբսիդավորմամբ, պատրաստվում են մանկապարտեզ բացել: Մանկապարտեզը նախատեսված է մոտ 80 երեխայի համար, թեև համայնքում մանկապարտեզ հաճախող 3-5 տարեկան 30 երեխա է գրանցվել: Գործարկումից հետո նախատեսվում է, որ հարևան համայնքներից նույնպես երեխաներ կհաճախեն Մարգարայի մանկապարտեզ:

Մարգարա համայնքն ունի 350 տնտեսություն: Համայնքապետ Էդգար Ենոքյանն ասում է, որ հաշվառված 1450 բնակիչ ունեն, սակայն մոտ կեսն արտագաղթել է և գյուղում չի ապրում:

«Որ հիմա գյուղում ման գաս, ուզենաս ջահել տղա տեսնես, երևի չկարողանաս»,-ասում է Է. Ենոքյանը: 

Արտագաղթը Մարգարայից լայն թափ է ստացել մոտ 10 տարի առաջ, սակայն այսօր էլ չի դադարել: Համայնքի ղեկավարի խոսքերով՝ մեկնածներից ոմանք հեղափոխությունից հետո վերադարձել են, սակայն այսօր էլ արտագաղթը շարունակվում է, երբեմն՝ ընտանիքներով:

Բանը հասել է նրան, որ Մարգարայի ավագանին որոշել է համայնքի բյուջեի եկամտային մասի հողի հարկի տարեկան պլանից պակասեցնել 1 մլն 200 հազար դրամ, քանի որ բնակչության մի մասը գտնվում է հանրապետությունից դուրս և հնարավոր չէ գանձել հողի հարկի գումարները:

Էդգար Ենոքյանն ասում է, որ մանկապարտեզ հիմնելը գյուղի համար քիչ բան չէ: Նման քայլով ցանկանում են գյուղը վերակենդանացնել, փոխել մարդկանց` իրենց տունը լքելու մտադրությունը:

Մարգարայում անելիքները շատ են: Բարվոք է միայն գյուղ մտնող պետական նշանակության ճանապարհը, իսկ գյուղամիջյան ճանապարհները հողային են և անբարեկարգ:

Աստիճանաբար քանդվում է նաև գյուղի կենտրոնում գտնվող մշակույթի տունը: Եթե 2-3 տարի առաջ տանիքի որոշ մասը կանգուն էր, պատուհաններն ամբողջությամբ կոտրված չէին, այսօր շենքն ամբողջությամբ դարձել է ավերակ: Քայքայված տանիքից անձրևաջրերը լցվել են ներս եւ քանդել առաստաղը: Ասռաստաղից երևում է երկինքը: Կանգուն են մնացել միայն պատերը, սակայն դրանք էլ երկար դիմանալ չեն կարող:

«Մշակույթի տունն ավերված վիճակում է: Լավ կլիներ, որ այդ շենքն էլ վերանորոգվեր: Նախահաշիվ չի արվել, չգիտենք, թե որքան գումար է անհրաժեշտ, քանի որ շենքը շատ մեծ է, գումարն ահռելի է լինելու»,-ասում է Էդգար Ենոքյանը, որը համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է մոտ մեկ տարի:

Էդգար Ենոքյանը նշեց, որ համայնքապետարանը միջոցներ չունի խոշորածավալ շինարարական ծրագիր իրականացնել: Համայնքային բյուջեն այնքան սուղ է, որ չգիտեն, թե ինչպես պետք է մանկապարտեզի համար կահույք ձեռք բերեն, աշխատողներին ինչ միջոցներով պահեն:

«Մեզ համար դոտացիան էլ է քիչ: Օրենքով նախատեսված չափով տալիս են, որը պայմանավորված է բնակչության թվով: Բայց քանի որ մեր բնակչությունը քիչ է, ստացվում է, որ դոտացիան էլ է քիչ»,-հավելում է համայնքի ղեկավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter