HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոռուպցիան որպես պետական կառավարման հմտություն. « Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի զեկույցը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային կազմակերպության «Պաշտպանություն և անվտանգություն» ծրագիրը հրապարակել է «Կոռուպցիան որպես պետական կառավարման հմտություն․ կոռուպցիոն գործելակերպը որպես արտաքին քաղաքականության գործիք» վերնագրով զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվում նաև Ռուսաստանից Հայաստանի գազային կախվածության խնդրին։

Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող մասին կարող եք ծանոթանալ ստորև:

Կոռուպցիան որպես պետական կառավարման հմտություն. կոռուպցիոն գործելակերպը որպես արտաքին քաղաքականության գործիք

Հայաստանի դեպքը

Հայաստանի խոցելիությունը պայմանավորված է ռազմավարական կախվածության, մրցակցող միջազգային առաջնահերթությունների և կոռուպցիոն ռիսկերի համադրությամբ։ Երկար ժամանակ է, ինչ Հայաստանը կախված է Ռուսաստանից երկու ռազմավարական նշանակության ապրանքների՝ էներգետիկ ռեսուրսների և զինամթերքի պատճառով։ Սկսած 1997 թ.-ից՝ Հայաստանը գազ է ստացել Հայռուսգազարդից, որը ռուսական պետական Գազպրոմ և հայկական պետական Հայգազարդ ընկերությունների կողմից հիմնված համատեղ ձեռնարկություն է։ Ժամանակի ընթացքում պետությունը Հայռուսգազարդի իր մասնաբաժինները փոխանցեց Գազպրոմին, որի դիմաց Գազպրոմը պետք է զարգացներ Հայաստանի գազային ցանցը։ Արդյունքում առաջացավ Հայաստանի գազամատակարարման փաստացի մենաշնորհացում, ինչը սկիզբ դրեց կոռուպցիոն բազմաթիվ մեղադրանքների: Ռուսական գազից կախվածությունը և այս հարաբերություններն առաջացրել են բազմաթիվ անհամաձայնություններ, շարունակվել են նաև կոռուպցիայի շուրջ մեղադրանքները։

2013 թ.-ին Հայռուսգազարդը պաշտոնապես դարձավ Գազպրոմի դուստր ձեռնարկություն, երբ վերջինս, զրո ծախս կատարելով, ձեռք բերեց Հայաստանին պատկանող վերջին 20% մասնաբաժինը։ Սա գովազդվեց որպես «արտոնյալ» գնով նախկինում ստացված գազի դիմաց կուտակված պարտքերի մարում։ Չնայած խորհրդարանական ընդդիմության և քաղաքացիական հասարակության բազմաթիվ պահանջներին՝ որևէ մանրամասն հաշվարկ չներկայացվեց կուտակված պարտքի վերաբերյալ։ Միաժամանակ, Գազպրոմի համար երաշխավորվեց ոչ միայն Հայաստանին մինչև 2043թ.-ը գազ մատակարարելու մենաշնորհ, այլև Հայաստանի տարածքով Վրաստանին և Իրանին էլեկտրաէներգիա արտահանելու իրավունք։

Այս փոփոխությունները համընկան եվրոպական ինտեգրացումից Հայաստանի քաղաքական հետագծի հեռացմանը, և երկիրն ավելի շատ ուղղվեց դեպի Եվրասիական տնտեսական միությունը։ Կառավարության երեք նախկին անդամները՝ էկոնոմիկայի, էներգետիկայի և ֆինանսների նախարարները, պնդեցին, որ եթե Հայաստանն այդ կերպ չվարվեր, ապա Գազպրոմը գազի սակագինը նշանակալիորեն կբարձրացներ։ Այլ կերպ ասած՝ հասկանալի է, որ գազի սակագինը հնարավոր է չարաշահվեր՝ Հայաստանին եվրոպական ասոցացման ճանապարհից ետ պահելու նպատակով։

Ինչպես և Ուկրաինայի դեպքում, Հայաստանի ռազմավարական կախվածությունը Ռուսաստանից, որը խորացավ Գազպրոմի կողմից Հայռուսգազարդի ձեռքբերմամբ, էլ ավելի բարդացավ` պայմանավորված ռուսական և հայկական ինստիտուտների և քաղաքական գործիչների միջև կապերով։ 2011-2016 թթ.-ին Գազպրոմբանկի (Գազպրոմի դուստր ձեռնարկություն չէ, թեպետ Գազպրոմը դրանում ունի որոշ մասնաբաժին) փոխնախագահ Կարեն Կարապետյանը 2016թ.-ի սեպտեմբերին նշանակվեց Հայաստանի վարչապետ, որից անմիջապես հետո Գազպրոմ Արմենիան (100% բաժնեմասն այժմ պատկանում է Գազպրոմին) համաձայնվեց գազի սակագինը վերջնական սպառողների համար նվազեցնել 10%-ով՝ առանց բերելու դրա համար որևէ տնտեսական հիմնավորում կամ մատնացույց անելու գնագոյացման վրա ազդող գործոնների որևէ նյութական փոփոխություն։ Համաձայնագիրը նաև թույլ էր տալիս Գազպրոմին ավելի ուշ նորից վերադառնալ բարձր սակագներին և փոխհատուցում խնդրել ժամանակավոր ցածր սակագների արդյունքում չստացված եկամուտների համար՝ այդպիսով ստեղծելով ազդեցության հզոր լծակ։

Ամբողջական զեկույցը հասանելի է հղումով:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային կազմակերպության «Պաշտպանություն և ան անվտանգություն» ծրագիրը Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային շարժման մաս է կազմում: Այն նվիրված է կոռուպցիայի հաղթահարմանը և պաշտպանության ու անվտանգության ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդմանը ամբողջ աշխարհում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։