HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Արշակյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է
Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան
առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին և կայուն զարգացման գրասենյակի հատուկ
հարցերով խորհրդական Ջեֆֆրի Փարեթչանին։

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախարար Հակոբ Արշակյանը խոսել է տնտեսության առաջընթացի համար տեխնոլոգիական ոլորտի զարգացման կարևորության մասին։

Նա ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող Հայաստանի կառավարության
քաղաքականությունը, նախարարության առաջնահերթություններն ու ծրագրերը,
ընթացիկ աշխատանքները։

Ոլորտի զարգացմանն ուղղված կարևոր առաջնահերթությունների ցանկում նախարարը
հատկապես կարևորել է տեխնոլոգիական կրթության որակի բարձրացմանն ուղղված
քայլերը, այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը, թե՛ մասնագիտական բուհերի
ուսանողների, թե՛ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են նորագույն
տեխնոլոգիական գիտելիքներ ստանալ։ Մասնավորապես, շուրջ 6000 մարդ Երևանում
և մարզերում հաջորդ տարվանից անվճար տեխնոլոգիական կրթություն ստանալու
հնարավորություն կունենան։

Նախարարն անդրադարձել է նաև նորարարական գաղափարների խթանմանն ուղղված
ծրագրերին՝ ընդգծելով Ազգային վենչուրային հիմնադրամի, մի շարք
դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև ստարտափ էկոհամակարգի զարգացմանն
ուղղված հարկային արտոնություններից օգտվելու հնարավորությունները։

Տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու ճանապարհին Հակոբ
Արշակյանը կարևորել է նաև «Հայաստանի վիրտուալ կամուրջ» ծրագիրը,  համաձայն
որի՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գործունեություն սկսած
ցանկացած ընկերություն՝ ոչ միայն հայկական, հնարավորություն կունենա
օգտագործել հայկական սփյուռքի ներուժը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև մեր երկրում թվայնացման
գործընթացների ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ թվային օրակարգից
մինչև ներկա ձեռքբերումներ և ապագայի ծրագրեր։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն
Դեբորա Գրիզերը շնորհակալություն է հայտնել հանդիպման և ներկայացրած
ծրագրերի համար։  Գրիզերը պատմել է ԱՄՆ ՄԶԳ գործունեության մի շարք
ուղղությունների, ինչպես նաև նախարարության և ոլորտի մի շարք
ընկերությունների հետ հաջող գործակցության մասին:

Ըստ պատվիրակության անդամների՝ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը
պատրաստակամ է քննարկել տեխնոլոգիական ոլորտում հետագա համագործակցության
հնարավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter