HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալների կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություններ են ներկայացվել

Քննչական կոմիտեն միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանքի ժամկետները երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց նրանց շահերը ներկայացնող փաստաբան Վահե Եփրիկյանը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում այսօր սկսվել է Նարեկ Մութաֆյանի վերաբերյալ միջնորդության քննությունը։ Վահե Եփրիկյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, և Արտուշ Գաբրիելյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի նոյեմբերի 25-ին։

Սարգիս Օհանջանյանի կալանքի վերաբերյալ միջնորդությունը մակագրվել է դատավոր Նելլի Բաղդասարյանին։ Եփրիկյանի խոսքով՝ այս պահին միջնորդությունը քննվում է։

Նշենք, որ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը երկու ամիս առաջ կալանավորվել էին այն դատավորների որոշումների հիման վրա, որոնց այժմ մակագրվել են նրանց կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունները։

Հիշեցնենք, որ Մութաֆյանն ու Օհանջանյանը սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակերում մեղադրվում են Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը:

Վերը նշված օրը դատավոր Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, որոնց թվում՝ Նարեկ Մութաֆյանը: Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերով հեռարձակում անելով՝ Մութաֆյանը դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով դատական համակարգի մասին, ամիսներ առաջ ասել էր, թե դատական համակարգն անտեր է, կան դատավորներ, որոնք վնգստում են պատերի տակ ու նոր տերեր փնտրում: ԲԴԽ-ում կազմակերպված ասուլիսի ժամանակ, պատասխանելով «Հետքի» լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ԲԴԽ-ն չի արձագանքել վարչապետի այս հայտարարությանը դատական համակարգի մասին, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասել է, որ հայտարարությանն արձագանքելու հարցը շատ է քննարկվել, բավական աշխատանք է տարվել մի քանի տեքստի վրա, հետո որոշվել է քաղաքական հայտարարություններին չարձագանքել:

«Ես գտնում եմ, որ միգուցե բառակապակցությունը փոքր-ինչ կոպիտ էր: Պարզ ասեմ՝ դատավորները միշտ կաշկանդված են իրենց կոլեգաների մասին հրապարակային կարծիք հայտնել, բայց երբ իրար հետ են զրուցում, շատ լավ հասկանում են, թե վարչապետն ում նկատի ուներ և ինչի մասին էր խոսքը»,- ասել է Ռուբեն Վարդազարյանը:

Նշված հանգամանքները վկայակոչելով է Մութաֆյանը դատավորին հարց տվել վնգստացող դատավորների ցանկում լինել- չլիենելու վերաբերյալ։

Դատավոր Դանիբեկյանը երիտասարդների ուղեկցությամբ հասել է մինչև Շենգավիթի դատարան, ապա տեղի ունեցածի մասին հաղորդում ներկայացրել ոստիկանություն, հարուցվել է քրեական գործ, որով դատավորը տուժող է ճանաչվել։

Լուսանկարում՝ դատավոր Աննա Դանիբեկյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter