HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չգրված կանոն կար՝ անգամ հարազատներին չպատմել բանտի պայմաններից

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Երբ աշխատանքային օրվա սկզբին բացեցին խցիս դուռը աշատասենյակ ուղեկցելու համար, տեսա սեղանի մոտ նստած բանտի հոգեբույժ Մամբրե Նանայանին: Նա, ինչպես ամեն առավոտ, ընդունում էր իր պացիենտներին, ովքեր իր աչքի առաջ ընդունում էին դեղորայքը և խոսքի միջոցով լիցքաթափվում: Այս բժիշկը համեստորեն իր աշխատանքն է կատարում մռայլ պատերի ներսում, որտեղ շատ քչերն են այսքան դիմանում, երկար չեն աշխատում: Հավատացնում եմ՝ բանտում բժշկական ծառայություն մատուցելը հերոսություն է:

Մոտեցա.

-Պարոն Նանայան, հա՛մ շնորհավորում եմ, հա՛մ շնորհակալությունս հայտնում, մրցանակ ենք շահել:

Պատմեցի, որ փակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մրցույթում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Եվրոպական միությունը, ժյուրին գնահատանքի են արժանացրել իմ բանտային նամակներից մեկը, որտեղ ընթերցողին պատմել եմ բանտի բժշկության մասին՝ կարևորելով հատկապես իր՝ հոգեբույժի գործը: Լսեց ուշադրությամբ, զարմացավ երևի ու միայն մի բան ասաց.

-32 տարի բանտում եմ աշխատել…

Միգուցե իրոք մի օր Մամբրե Նանայանին պարգևի արժանացնեն համբերատար, պրոֆեսիոնալ երկարամյա աշխատանքի համար… իսկ ես աշխատում եմ բարձրաձայնել դատաիրավական, քրեակատարողական ոլորտներում թե՛ բացասական երևույթների, թե՛ դրական զարգացումների և ամենակարևորը`անհատների դերի մասին:

Շնորհակալությունս եմ հայտնում բոլորին, ովքեր նպասում են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը, որի նախապայմանն է մարդկանց կողմից իրենց իրավունքների և դրանց իրացման մեխանիզմների իմացությունը: Ինչ վերաբերում է փակ հաստատություններին, ապա դրանցում հանրային աչքից հեռու առավել հաճախ կարող են խախտվել մարդկանց իրավունքները: Եվ որպեսզի այդպես չլինի, հարկավոր է այդ հաստատությունները հասարակության համար դարձնել բաց… հիմա, փառք Աստծո, հասարակության հետ կապը ակտիվ է շնորհիվ ազնիվ ԶԼՄ-ների, իրավապաշտպանների, փաստաբանների:

Իսկ մինչև ԵԽ-ին անդամակցելը, մեր դիմումները շատ հաճախ «Նուբարաշեն» բանտի պատերից այն կողմ դուրս չէին գալիս, քանի որ դրանք, որպես կանոն, վերաբերում էին մեր իրավունքների կոպիտ ոտնահարումներին, իսկ ավելի ճիշտ` այդ իրավունքների բացակայությանը: Գրում էինք, երկար սպասում, բայց որևէ պատասխան չէր գալիս: Մտածում էինք, դե՛, բանտարկյալներին արհամարհում են: Ինչպե՞ս կարող էինք իմանալ`դիմումը ուղարկվե՞լ է, հասե՞լ է հասցեատիրոջը, թե` ոչ: Առհասարարկ չկար տաքսաֆոն, արգելված էր նամակագրությունը, միայն կարճատև տեսակցություն էր թույլատրվում, այն էլ տարվա մեջ մեկ անգամ: Երբ վարչակազմին հայտնում էինք մեր կասկածների մասին, վիրավորվում էին, թե բա ո՞նց կարող է դիմումը չուղարկվել բանտից: Բաղնիք տանում էին տարվա մեջ մեկ անգամ. բանտի շարժը կանգնեցնում էին, 5-րդ հարկից մեզ`մահապատժի դատապարտվածներիս, իրար շղթայած, իջեցնում էին առաջին հարկ և ամբողջ ճանապարհին`աստիճանների աջից ու ձախից կանգնեցնում էին բանտի աշխատակիցներին: Ուրեմն, մի անգամ տարվա այս «միջոցառման» առավոտյանդատապարտյալներից մեկը դիմում էր ներկայացրել արդարադատության նախարարին: Երբ միջանցքով անցնում էինք, անկյունում դրված աղբարկղներից մեկում նա նկատեց իր դիմումը՝ ճղված: Անմիջապես կռացավ, վերցրեց ու սկսեց գոռալ.

-Հեսա՛, հեսա՛, ապացույց գտա…բա մի հատ էլ նեղանում եք, որ ասում եմ՝ չեք ուղարկում դիմուները: Ա՛յ… բա դուք մա՞րդ եք…  

Երբ մեզ դատախազի թույլտվությամբ տարին մեկ իջեցնում էին մեր հարազատների հետ կարճատև հանդիպման, զգուշացնում էին, որ բանտի պայմաններից հանկարծ չխոսենք: Բայց մի անգամ մահապատժի դատապարտվածներից մեկը խախտեց այդ չգրված կանոնը: Երբ նրան վերադարձրեցին մեր բաժին, բանտի աշխատակիցների մի ոհմակ հարձակվեց նրա վրա`ոտքերով, ձեռքերով, մահակներով ծեծում էին ու բարձր ասում, թե ինչի համար է ծեծով պատիժը,որպեսզի բոլորը լսեն, զգուշանան:

«Նուբարաշեն» բանտը, իրոք, փակ, եթե ոչ ամենափակ քրեակատարողական հիմնարկն էր մինչև… Եվրոպական խորհրդին անդամակցելուց ամիսներ առաջ թույլատրեցին, որ 1-2 ԶԼՄ-ից լրագրողներ ներս մտնեն և նկարահանեն, հարցազրույցներ ունենան մահապատժի դտապարտվածներիս հետ. ցանկանում էին ցույց տալ, թե ժողովրդավարական երկիր ենք դառնում, թե իբր բանտերի դռները բաց են… այդ ժամանակ միայն լրագրող Ջուլիետա Ամիրխանյանի ռեպորտաժներում չէին մոնտաժվում դաժան պայմանների վերաբերյալ մեր պատմած հատվածները: Հետո…

Հենց Հայաստանը դարձավ ԵԽ անդամ, «Նուբարաշենը» նորից աստիճանաբար սկսեց փակել իր դռները հանրությունից… 1-2 տարվա դրական փոփոխություները աստիճանաբար չեզոքացվում էին: Վախենում էին կտրուկ նորից դժոխքի վերածել դատապարտյալների կյանքը, բայց զգուշորեն պայմանները վատացնում էին: Օրինակ` խցերից համակարգիչները հավաքեցին, լրացուցիչ տեսակցություն տրամադրելը բացառիկ երևույթ սարքեցին` հղի կոռուպցիոն ռիսկերով, լրագրողներին հաճախ էին մերժում մտնել այստեղ, նկարահանել, արգելեցին հում սննդամթերք ստանալ, խցում էլեկտրական սալիկ ունենալ և այլն: Այսինքն`ԵԽ-ի պատժիչ-խրախուսող մոտեցումըպետք է մշտապես կախված մնար իշխանությունների գլխավերևում, որպեսզի մարդու և քաղաքացու իրավունքները չխախտվեին:

Եթե չեմ սխալվում, 2000-ականների կեսերիցժամանակ առ ժամանակ հոդված-նամակներ էի գրում և հարազատներիս միջոցով լույս աշխարհ ուղարկում, որոնք տպագրվում էին «Առավոտ», հետո նաև «Հրապարակ» պարբերականներում, Lragir.am կայքում: Համոզված էի` միայն այդ կերպ`հասարակությանը իրազեկելով է հնարավոր կանգնեցնել բռնությունը և առհասարակ իրավունքների համատարած խախտումները բանտում, նաև հարկավոր էր օրինակներով ցույց տալ դատաիրավական համակարգում տիրող անօրինությունները: 2014 թվականին աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ. սկսեցի բանտային նամակներ գրել «Հետք» հետաքննական լրատվամիջոցի առաջարկով ու պաշտոնապես դարձա բանտային թղթակից: Գնահատանքը` Ձեր իրազեկվածությունն է և, իհարկե, դրական փոփոխությունները:

Հարկավոր է արձանագրել փակ հաստատության բաց դառնալու երկարամյա էվոլյուցիան: Ներկայումս բացառվում է, որ որևէ դիմում հայտնվի աղբարկղում, հիմնականում դատապարտյալները լավ գիտեն իրենց իրավունքները, իսկ հասարակությունը իրազեկված է, թե ինչ է կատարվում փակ հաստատություններում, գիտի նաև, որ այստեղ կան նաև սխալ դատապարտվածներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter