HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Նախկին բանտարկյալ. «Ընդհանրապես, մարդ ծեծելը նրանց հոբբին է»

2019-ը թվականի օգոստոսի 8-ին Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ռոման Բաբայանին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկից  (ՔԿՀ)։ Նա պատիժը կրում էր Շուշիի քրեակատարողական հիմնարկում, որն ավելի հայտնի է որպես Շուշիի բանտ անվամբ։

Ռոման Բաբայանը դատապարտվել է ԼՂՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ կետ 2-րդ մասով, 33-183-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ մասով և 145-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ գողություն, որը կատարվել է ուրիշի բնակարան ապօրինի մուտք գործելը, մուտք գործելու փորձը և մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը։ 

Յոթ տարի ազատազրկության մեջ անցկացրած Շուշի քաղաքի բնակիչ Ռոման Բաբայանն ազատ արձակումից հետո հաջորդ օրը դիմել է փաստաբան Էրիկ Բեգլարյանին, վերջինս ՖԲ ուղիղ եթերով հնարավորություն է տվել նրան պատմել ՔԿՀ-ում տեղի ունեցած մի բռնության մասին, որի հետևանքով մահացել է փաստաբանի ազգակիցը: Հետագայում այդ հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել:

Վերջերս նաև «Սիվիլնեթի» հետ զրույցում մեկ այլ նախկին բանտարկյալ Տիգրան Օհանջանյանը պատմել է ՔԿՀ-ում տեղի ունեցած բռնությունների ու խոշտանգումների մասին:  «Հետքը» Ռոման Բաբայանի հետ զրուցել է Շուշիի քրեակատարողական հիմնարկի մասին: 

-Պատմեք Շուշիի քրեակատարողական հիմնարկի մասին, ի՞նչ է այն իրենից ներկայացնում

-Շուշիի քրեակատարողականը երեք ռեժիմից է բաղկացած՝ փակ, կիսափակ և կիսաբաց: Ես կիսափակում էի գտնվում: Շուշին Հայաստանի բանտերի պես չէր, մուտք գործել հեշտ չէ: Հեղափոխությունից հետո Հայկ Խանումյանն է եկել, Արտակ Բեգլարյանն է եկել: Երկուսի հետ խոսել եմ, որ ինձ դատել են, թող օրենքով պատիժս կրեմ, բայց ծեծ ու ջարդը ոչ մի շրջանակում չի տեղավորվում:

Եթե մարդ բողոքում է, հաշվիր՝ վերջ, սև օրեր են գալիս ու օդերը փակում են` ծխախոտ, թեյ ու սուրճ չեն թողնում մտնի բանտախուց, նույնիսկ կարող են զանգելու հնարավորությունից ու տեսակցության իրավունքից  զրկել: Նրանք հարցրել են՝  բողոքո՞ւմ, ես էլ ասել եմ. «Չեմ բողոքում, իրավունքներս ոտնահարել եք,  Ազգային ժողովի պատգամավորի ներկայացնում եմ իրավիճակը, որպեսզի այս ամենը շտկի»:

Խանումյանին հանդիպելուց հետո ինձ հետ նստողին էլ ասել են՝ ինքը «սուկա» է, հետը չպիտի հաց ուտես, «զապադլո» է: ՔԿՀ պետ Կարեն Ծատրյանն էր ասում:

-Ծեծը պարբերակա՞ն բնույթ էր կրում

-Ընդհանրապես, մարդ ծեծելը նրանց հոբբին է, ենթամշակույթը կարելի է ասել: Խմում են ու մարդկանց ծեծում: Եթե մի բանում թարսվում ես, իրենք այնտեղ հատուկ խցեր ունեն, ռուսի ասած՝ «պրեսս-խատա», մի երկու-երեք իրենց «բակլաններից» պահում են, որոնք մարդ ծեծելու համար են: Ստիպողաբար մարդուն աշխատել են տալիս, զուգարան գցում մարդկանց: Վախեցնում են, թե էսա մամայիդ ենք նստացնելու, ընկերուհուդ ենք բերելու քեզ մոտ: Փոխգնդապետ Կարեն Ծատրյանը մտել է այդ հիմնարկ, ասել է՝ ես եմ էստեղի դատախազը, քննիչն ու «զոնի» պետը, ամենը ես եմ: 

-Պատգամավորի ու ՄԻՊ-ի հանդիպումից հետո ի՞նչ է տեղի ունեցել, որ ասում եք՝ վերաբերմունք է փոխվել:

-Գրասենյակ է կանչել պետը՝ Ծատրյանն ու սկսել գոռգոռալ, թե կարո՞ղ ա մի բան էն չենք արել, որ բողոքում ես: Ասացի, որ ոչ մի բան էն չեք անում: Սկսեց հայհոյել՝ գիտես քեզ փրկելո՞ւ է, էդ կոստյումավորների սենցը ու նենցը: Ձենը գցել է գլուխը, թե էսինչի տունը դու չե՞ս մտել: Ասում եմ՝ ինչո՞ւ եք մարդկանցից ծեծելով ինֆորմացիա կորզում, չե՞ք կարողանում փաստերով դատել…

-Դուք, ինչպես մեր զրույցում ասացիք, մանրամասներ գիտեք Շուշիի բանտում մահացած Էդուարդ Գասպարյանի մասին։ Կարո՞ղ եք պատմել։  

-Գասպարյան Էդիկին միայն դեմքով գիտեի, իր որդուն՝ Ավետին եմ ճանաչում: Մի քանի օրվա նստած էր ընդամենը: 2016թ. փետրվարի 20-ին իրիկունը 6-7-ի սահմաններին լսում եմ Ծատրյանի ու Գասպարյան Էդիկի ձեները, Էդիկն ասում՝ է մի խփի, ցավում է, սիրտս լավ չի: Ծեծը չեմ տեսել, միայն խցից ձեներ եմ լսել: 5-10 րոպե էդ դեպքը շարունակվել է, համ ծեծում է, համ քֆրտում:  Նա կասկածյալ էր: Առավոտ վերկացից հետո խցերից աղբն էր հավաքում: Ես էլ բանտարկյալներին ճաշ-մաշ էի բաժանում, մեկ-մեկ էլ պատրաստում էի: Մենակով էր անում, բայց սովորաբար երկուսով պիտի անեն: Տեսնում եմ, որ պոլի փետին հենված է: Բարևում եմ ու հարցնում՝ ձյաձ Էդո, ինչո՞վ կարող եմ օգտակար լինել, ասում է, որ լավ չի զգում: Հսկիչներ Վահեին ու Մարատին ասում եմ՝ մարդը լավ չի զգում, տեսեք՝ ինչ է եղել: Հսկիչ Վահե Հովսեփյանը, ում  ներկայումս Շուշիի քրեահետախուզականում սպա են նշանակել, ասում է՝  դեռ դա մի բան էլ քիչ է: Կարճ պատմեմ: Հսկիչ Մարատն ասում է, թե գիշերը քնել ես խցում: Մի ժամանակ օրապահ էին նշանակում բանակի պես, թեև օրենքով նման բան չկա. դատապարտյալներից մեկը գիշերը զարթուն պիտի մնա, որ հանկարծ որևէ մեկը չկախվի:  

-Այսինքն՝ Էդուարդ Գասպարյանն այդ գիշեր էր օրապահ ու ամբողջ գիշեր չէ՞ր  քնել:

-Այո, նոր առավոտյան ութին թույլատրում են մի երկու ժամ քնել: Էդիկի դեպքի մասին շարունակեմ: Էդիկի խցում երկուսն իրենց մարդկանցից էին: Հսկիչ Մարատը նրանցից հարցնում է՝ Էդիկը քնե՞լ է, թե՞ չէ, ու գալիս Էդիկի մոտ, թե՝ ասում ես՝ չե՞մ քնել, ձեռս էլ չի գալիս խփեմ: Ասում է ու ապտակում: Էդիկն ասում է՝ պառկել եմ, բայց չեմ քնել: Չի հավատում ու մի հատ էլ է խփում:

Հսկիչ Սարգսյան Արո կա, մի հատ էլ ինքն է ապտակում: Նա 5 լիտրանոց շշով ջուր է թափում գետնին ու շորով քամել տալիս: Ձյուն-ձմեռ էր: Ծաղրում է, իմաստ չկար այդ մաքրության մեջ: Հետո երկրորդ շիշն է թափում, Էդիկը բողոքում է, որ էլ վիճակ չկա, թեև սուս-փուս անում էր:  Նախաճաշի ժամից հետո նորից կանչում են հսկիչների սենյակ, օձիքից քաշում են, իսկ հսկիչ Վահեն ոտքերի տակ խփում է, Էդիկը սրտից բռնում է ու ընկնում, նրանք էլ՝ հելիր, «սաչկավա՞տ» ես անում, Վահեն ու Մարատը շարունակում էին ոտքերի տակերին խփել: Էնտեղից ասում եմ, որ հերիք է, մեծ մարդ է, ասում են՝ գործ չունես, ռադդ քաշիր: Վերջ, անշարժանում է մարդը… Էդ Վահեն ծաղրանքով ասում է, որ էդ մեռելը մնաց մեր վրա: Մինչ մահանալը Էդիկը ջուր էր ուզում, բռնում են երկու հինգ լիտրանոց շշով գլխին ջուր թափում:

Սիվիլնեթ» լրատվական կայքին նախկին բանտարկյալ Տիգրան Օհանջանյանը նույնպես պատմել է  Շուշիի բռնությունների մասին, սակայն Արցախի ոստիկանությունն այդ ամենը  հերքել է: Սրա վերաբերյալ ի՞նչ կասեք:

-Իր պատմածի հետ հարյուր տոկոսով համաձայն եմ:

-Նա ծեծ կազմակերպողների ու թույլատրողների անուններ է թվարկում՝ այն ժամանակվա բանտի պետ Շաբոյան Մարատ, վարչության պետի տեղակալ Ղուլյան Ալեն: Ճի՞շտ է այս ամենը:

 -Բոլորի անունները ճիշտ է տալիս Տիկոն, բայց մի հոգու անուն չի տալիս, ՔԿՀ պետ Ծատրյան Կարենի անունը, այդ ամենի պարագլուխը նա է: Որ ասում ես՝ գնում եմ բողոքեմ, ասում է՝ թքած ունեմ բոլորի վրա («… սաղին», հայհոյանք Ղարաբաղի  բարբառով - Հ. Ղ.), տենց մեկը չկա ինձ ասի՝ ոնց անեմ, ինչ անեմ, իմ հիմնարկն է:

-Իսկ Ձեր նկատմամբ բռնություն եղե՞լ է։

-Ինձ հիմնականում Ստեփանակերտում են ծեծել, քաղմասում: Դատարանի մեջ իմ իրավունքները պաշտպանելու համար քննիչ Դավիթ Հովսեփյանն ապտակել է: Դրանից հետո ասում է՝ գաս մեզ մոտ, քոնն ասելու ենք: 

2011 թվականի հոկտեմբերին են ինձ դատել: Ստեփանակերտի քրեական հետախուզությունից  գալիս էին ժամանակավոր պահման մեկուսարան (2008 թվականից նույն Շուշի քրեակատարողական հիմնարկում է գտնվում ժամանակավոր պահման մեկուսարանը: - Հ. Ղ.), ծեծում ու ջարդում, ինչի իրավունքը չկա: Էդ քննիչների մի ջահել Զորիկ կար, դա ես չգիտեմ ինչ տիպի մարդ էր, ծեծելիս աչքերը փակում էր ու բերանից փրփուր էր թափվում…

Զորիկն էր գալիս, Աբրահամյան Ֆելիքսը, Գասպարյան Արոն: Մի ժամանակ նույն Ծատրյան Կարենը քրեական հետախուզությունում էր, ինքն էլ էր գալիս: Գնդապետ Հակոբջանյան Աշոտն էլ գալիս մարդկանց ծեծում ու ջարդում:

Քաղմասում ինձ քննիչները նույնիսկ նրա համար են խփել, որ մեր կուրսից մի աղջկա հետ էի շփվում: Ինչ-որ մեկին էնտեղ բարեկամ էր, ասում է՝ իրենից պիտի յան տաս, թե չէ գլուխդ կջարդենք:

-Որքա՞ն բանտարկյալ կա Շուշիի քրեակատարողականում:

- Երեք-չոր ամիս առաջ,  մոտ 70-75 հոգի եղել են: Բայց մինչև հեղափոխությունն ավելի շատ մարդ կար: Վաղաժամկետով շատերին բաց են թողել: 

-Դուք եք բողոքում և Տիգրան Օհանջանյանը, բա ուրիշները ինչո՞ւ չեն բողոքում:

-Բա վախում են, ես ի՞նչ իմանամ: Նստածների 98 տոկոսը չեն կարողանում բարձրաձայնել:

-Ըստ Ձեզ, այս խնդիրներն ինչպե՞ս են լուծվելու:

-Բա ես գիտե՞մ: Ուզում եմ, որ մեր ղեկավարությունը, Հանրապետության նախագահի գլխավորությամբ, էդ հարցով զբաղվի: Մենք այն երկիրը չենք, որ որպես պատիժ ձեռք կտրեն, ոտք կտրեն, ոնց նայում եմ՝ ուզում ենք եվրոպական պետություն դառնալ:

Էնքա՜ն բան կա պատմելու: Մարդ եթե իր երակներն է փրթում, փորձում է կախվել, պատկերացրու… Ես անձամբ Նիկոլ Փաշինյանից եմ խնդրում, եթե հնարավոր է, թող ինձ ընդունի: Ներկայումս չեմ կարող Արցախից դուրս գալ, պայմանական ունեմ: Խնդրում եմ վերացնել այս վիճակը, չպիտի մեր ժողովրդին էսպես տանջեն:

Երկու բան էլ Ղարաբաղի փաստաբանների ու դատախազների մասին ասեմ: Փաստաբանս Ռաֆիկ Մարտիրոսյանն էր: Ղարաբաղում բոլորը ցուցմունք են վերցնում՝ թե՛ դատավորը, թե՛ դատախազը, թե՛ փաստաբանը: Մի երկու-երեք փաստաբան կա, որ իրենց մասնագիտության տեր են, մնացածին կարող ես դեն նետել: Փաստաբանը փոխանակ ինձ պաշտպանի, ասում է՝ քեզ ցմահ է հասնում: Փաստաբանն ասում է՝ քննիչ Դավիթ Հովսեփյանը մեր ախպերն է, հետն արխային խոսիր, փաստաբանի տնազ… 

Արդեն բանտում Դատախազ Սերգեյն էր գալիս, ազգանունը մոռացել եմ (խոսքը ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ Սերգեյ Ստեփանյանի մասին է: - Հ. Ղ.), բողոքում եմ նրան: Դրանից հետո վարչության պետն է դուրս գալիս, թե բա էդ ի՞նչ է եղել, ասում եմ՝ զրույց կա, ուզում եմ էս մարդու հետ խոսել: Ասում է՝ մեկ է, գալու է էստեղ երգի: Գնդապետը դատախազության գեներալի (երրորդ դասի պետական խորհրդական: - Հ. Ղ.) մասին ասում է, որ երգելու է … Փառք Աստծո, էս հեղափոխությունը մի քիչ ազդեց մեր դատարանների վրա: Ինձ դատավոր Դավիթ Ավանեսյանն է բաց թողել:

-Ինչպե՞ս էիք  ընդհանրապես հետևում  դրսի  անցուդարձին:

-Ռադիոյով: Բայց հեղափոխության ժամանակ ռադիոները հավաքում էին, երբ տեսան, որ Փաշինյան է թագավոր դառել, ստիպված հետ տվեցին: Եթե իշխանությունների կողմնակից էիր, իրենց աչքի լույսն ես, եթե չէ՝ հաշվիր դուշման ես: Տենց բաների համար կարող էին ասել՝ խփելու եմ ատամներիդ, գլխիդ կսարքենք, կտանենք «զապրետկում» գյուլենք, կասենք՝ ուզել է փախնի: Հեղափոխությունից հետո սկսեցին քաշվել:

-ՔԿՀ-ում Էդ 70-75-ից քանի՞սն են զինվորական:

-Միշտ շատ են եղել զինվորականները, գերակշռող մասը նրանք են՝ զինվոր և սպա: 2017 թվին 45-ը զինծառայող էր: 2015-ին, երբ մեկուսարանում էի, մենակ մի խցում տասը սպա կար` լեյտենանտից մինչև գնդապետ:

-Նրանց  նկատմամբ վերաբերմունքն ինչպիսի՞նն էր, վա՞տ էին վերաբերվում

-Նայած, եթե պաշտոնդ բարձր է լինում` չէ: Եթե պաշտոնդ ցածր է լինում՝ հնարավոր է: Եթե քեզ համար ասող չի լինում՝ այո:  Բայց զինվորին ու սպային էլ են նվաստացնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter