HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի համախառն արտաքին պարտքը 11.5  մլրդ դոլար է. մասնավոր հատվածի պարտքն արագ է աճում

Հայաստանի համախառն արտաքին պարտքը վերջին տարիներին անշեղորեն աճում է։ Ըստ Վիճակագրական կոմիտեից ստացված վերջին տվյալների (ՀՀ ՎԿ), այս տարվա հունիսի վերջի դրությամբ այն կազմել է 11 մլրդ 473 մլն դոլար։ Հայաստանում պարտքի մասին խոսելիս հիմնականում շեշտադրվում է ընդհանուր պետական պարտքը, իսկ համախառն արտաքին պարտքի մասին շատ քիչ է խոսվում։  

Համախառն արտաքին պարտքն, ի տարբերություն ընդհանուր պետական պարտքի, որի հետ այն հաճախ շփոթում են, ցույց է տալիս երկրի արտաքին պետական պարտքն ու մասնավոր հատվածի արտաքին պարտքերը։ Մասնավոր հատվածի պարագայում մեծ տեղ են զբաղեցնում բանկերի արտաքին պարտքերը։ Այսինքն՝ համախառն արտաքին պարտքի հաշվարկներում չի ներառվում ներքին պետական պարտքը։ 

Իսկ ընդհանուր պետական պարտքը, որի մասին պարբերաբար խոսվում է և հոդվածներ հրապարակվում, ցույց է տալիս երկրի արտաքին և ներքին պետական պարտքի համագումարը։ Համեմատության համար նշենք, որ հունիսի վերջի դրությամբ ներքին ու արտաքին պետական պարտքը կազմել է 6 մլրդ 925  մլն դոլար։ Այլ խոսքով՝ այստեղ էլ մասնավոր հատվածի պարտքերը չեն ներառվում։

Վերադառնալով համախառն արտաքին պարտքին՝ նշենք, որ այն այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ավելացել է մոտ 560 մլն դոլարով կամ 5.1%-ով։ Իսկ մեկ տարվա կտրվածքով (2018 թվականի հունիսի վերջի համեմատ) աճը կազմել է 887 մլն դոլար կամ 8.4%: Ընդ որում, ինչպես ցույց տվեց մեր ուսումնասիրությունը, մասնավոր հատվածի պարտքը բավականին արագ է աճում։

Համախառն արտաքին պարտքի կազմում առավել մեծ կշիռ ունեն Կառավարության ու Կենտրոնական բանկի պարտքերը։ Հունիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական կառավարման մարմինների՝ Կառավարության, արտաքին պարտքը կազմել է 5 մլրդ 95  մլն դոլար, իսկ Կենտրոնական բանկի արտաքին պարտքը 653 մլն դոլար է։ Այս երկուսը միասն կազմում են հունիսի վերջի դրությամբ Հայաստանի համախառն արտաքին պարտքի ուղիղ կեսը։ Պետական մարմինների արտաքին պարքերը երկարաժամկետ են։ Դրանք միջազգային կառույցներից վերցված վարկերն են, ինչպես նաև՝ պարտքային արժեթղթերը։ 

Համախառն արտաքին պարտքի մյուս կեսը մասնավոր հատվածի բեռն է։ Դրա սպասարկման ու պատասխանատվության բեռը հենց մասնավոր հատվածի ուսերին է։ Իսկ պետական թե՛ արտաքին, թե՛ ներքին պարտքի պարագայում բեռը հարկատուների ուսերին է։ 

Մասնավոր հատվածում արտաքին պարտքի ծավալով առաջին տեղում ավանդային կազմակերպությունների պարտքն է։ Այստեղ խոսքը հիմնականում բանկերի մասին է։ Նրանց ընդհանուր արտաքին պարտքը հունիսի վերջի դրությամբ կազմել է 2 մլրդ 830 մլն դոլար կամ համախառն արտաքին պարտքի 24.7%-ը։  Սրանք և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ պարտքեր են։ Դրանք ներառում են ինչպես բանկերի արտաքին ֆինանսական պարտավորությունները՝ վարկերը, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների ավանդները։

Միջֆիրմային վարկերը կազմել են 1 մլրդ 854 մլն դոլար կամ համախառն արտաքին պարտքի 16.2%-ը։ Սրանք էլ համարվում են ուղղակի ներդրումներ։

Իսկ այլ հատվածների պարտքերը կազմել են 1 մլրդ 40 մլն դոլար, որը համախառն արտաքին պարտքի 9%-ն է։ 

Այս տարի պետական հատվածի ու Կենտրոնական բանկի արտաքին պարտքի աճը զգալիորեն ցածր է մասնավոր հատվածի պարտքի աճից։ Մասնավորապես, եթե կիսամյակի ընթացքում պետական կառավարման մարմինների պարտքն աճել է ընդամենը մոտ 6 մլն դոլարով, իսկ Կենտրոնակ բանկի պարտքը նվազել է 25.5 մլն դոլարով, ապա ավանդային կազմակերպությունների պարտքն աճել է մոտ 320 մլն դոլարով, այլ հատվածների պարտքը՝ 196 մլն դոլարով, իսկ միջֆիրմային վարկերն (ուղղակի ներդրումներ) ավելացել են 63 մլն դոլարով։

Այսինքն՝ միայն մասնավոր հատվածն առաջին կիսամյակի ընթացքում մոտ 580 մլն դոլարի արտաքին պարտք է կուտակել։ Այս կուտակումը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, բայց, մասնավորապես, բանկերի մասով, Կենտրոնական բանկն իր վերջին Ֆինանսական կայունության հաշվետվության մեջ, որն ամփոփել է այս տարվա առաջին կիսամյակը, վստահեցնում է, որ ֆինանսական համակարգում կայունության խնդիր չկա։ Հետևաբար, պարտավորությունների մարման մասով ևս լուրջ ռիսկեր չեն արձանագրվել։

Մեկնաբանություններ (1)

Արթուր Գրիգորյան
Հետաքրքիր հոդված է: Իսկ ի՞նչ կասեք համախառն պարտքի մասին (համախառն արտաքին պարտք + համախառն ներքին պարք) կամ, որ նույնն է, երկրի ընդհանուր պարտքի մաին: Դա շատ կարևոր է՝ հասկանալու երկրի ֆինանսական վիճակն ու հնարավոր ապագան: Այդ ցուցանիշը պետք է համեմատել երկրի ՀՆԱ և ԱԵ ցուցանիշների հետ, իսկ հետո նաև երկրի ներդրումային դիրքի և զուտ միջազգային ներդրումային դիրքի հետ: Դրանից հետո կարելի է բազմակողմանի ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարել՝ հասկանալով նաև պարտքի կառուցվածքը՝ ոչ միայն ըստ աղբյուրների, այլև ըստ ֆինանսավորման տնտեսության ճյուղային ուղղությունների: Այլ կերպ ասած, կոնկրետ սույն դեպքում, այդ համախառն արտաքին պարտքի կոնկրետ ո՞ր մասն ուղղվում մեր տնտեսության իրական հատված ու ի՞նչ ավելացված արժեք է ստեղծում... Որպես տնտեսագետ՝ այս մակրո- և ֆինանսական վերլուծությունները կարևորում եմ: Շնորհակալություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter