HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Երկու զուգահեռ հայկական իրականություն. կրթօջախի պատերից դուրս հայերենը Ստամբուլում կյանք չունի

Վաղ առավոտից սաստիկ անձրեւ է, ոտքով երկար քայլել եմ` հասնելու Ստամբուլի` հայերով բնակեցված Շիշլի թաղամասում գտնվող Քարագյոզյան մանկանց տուն: Թրջվել եմ, տրամադրությունս մի քիչ ընկել է: Ահա դարպասը. թուրք պահակը անձը հաստատող փաստաթուղթ է պահանջում ներս թողնելու համար: Ինձ ուղեկցող 18-ամյա Գայանեն թուրքերեն ասում է, որ ես տուրիստ եմ, եւ մեզ ներս են թողնում առանց փաստաթղթի: Մանկապարտեզի մուտքից ներս տրամադրությունս ակնթարթորեն փոխվում է, մոռանում եմ անձրեւն էլ, թաց ոտքերս էլ…

Ջերմություն եմ զգում ոչ միայն այն պատճառով, որ պատերի ներսում տաք է, մաքուր ու կոկիկ, այլեւ որ լսում եմ միջանցքներում վազվզող, ներսուդուրս անող մանուկների հայերեն խոսքը, ծիծաղը: Ինձ դիմավորող Քարագյոզյան մանկապարտեզի տնօրեն Արուսյակ Քոչ Մոնեն ասում է, որ դասերից դուրս հայերենը կյանք չունի. «Թրքախոս ընտանիքներից եկող երեխաները մանկանց վարժարանում են սովորում հայերեն խոսել, տանը անցնում են թրքերենի: Ուստի աշխատում ենք նաեւ ծնողների հետ, նրանց համար գործածական բառերի հայերեն-թուրքերեն բառարան ենք ստեղծել, որպեսզի ծնողները այն օգտագործեն իրենց երեխաների հետ հայերեն շփվելիս»:

2007 թ. հունվարի 15-ին հիմնադրված Քարագյոզյան մանկապարտեզը Թուրքիայում գործող հայկական մանկապարտեզներից միակ անկախն է: Այդ անկախությունը դրսեւորվում է նախ նրանում, որ տեղակայված լինելով Քարագյոզյան վարժարանի շենքում` այն ինքնուրույն կառույց է` իր տնօրինությամբ, եւ ենթակա չէ վարժարանին: Անձնակազմը բաղկացած է միայն հայերից, չկա թուրք փոխտնօրեն կամ ուսուցիչ, ինչպես վարժարաններում է: Ուսուցումը մանկապարտեզում միայն հայերեն է: Այս մանկապարտեզը Արուսյակը համարում է հայ համայնքի եւ Հրանտ Դինքի ձեռքբերումը, ով վերջին տարիներին «Ակոսի» էջերում բարձրացնում էր նոր մանկապարտեզի անհրաժեշտության հարցը: Մանկապարտեզն ունի 4 դասարան` 3-6 տարեկան 62 աշակերտով: Ուսուցչական անձնակազմը բաղկացած է 8 հոգուց` 2-ական ուսուցիչ յուրաքանչյուր դասարանում, մեկը` պատասխանատու ուսուցիչ, համալսարանաական կրթությամբ, մյուսը` օգնական, լիցեյի վկայականով: Կադրերի խնդիրն առաջնայիններից է մանկապարտեզի համար: Քանի որ Թուրքիայի համալսարաններում չկան հայագիտության ամբիոններ, դասավանդողները երեխաներին ուսուցանում են իրենց տանը, ծնողներից սովորած հայերենով կամ փոխանցում ինքնակրթությամբ ստացած գիտելիքները: Նախակրթարանի մյուս հոգսը դասագրքերն են: Այս խնդիրը անձնակազմը լուծում է սեփական ուժերով` ուսուցիչները եւ տնօրենը իրենք են պատրաստում ուսուցանման նյութերը, բառարանները, երբեմն ձեռք են բերում Եվրոպայում հայ մասնագետների հրատարակած գրքերը: Հայաստանի կրթական ծրագրերն ու գրքերը լեզվական տարբերությունների պատճառով կիրառելի չեն պոլսահայերի համար:

Ինչպես հայկական դպրոցները, այս մանկապարտեզն էլ գործում է միայն տեղի հայերի բարեգործությունների եւ ծնողների վճարումների հաշվին: Քարագյոզյան մանկապարտեզում վաղ հասակից երեխաների մեջ զարգացնում են նաեւ սերը դեպի արվեստը:

Տրամաբանության, անգլերենի, հայերենի դասերին զուգահեռ երաժշտության եւ կերամիկայի պարապմունքներ կան: Ուսուցչուհի Գայանեն մեր այցելության պահին աշխատանքային գոգնոցները կապած 3 տարեկան փոքրիկներին սովորեցնում էր կավի հետ աշխատել: Դասասենյակի պահարանի վրա շարված էին նրա նախորդ տարիների սաների աշխատանքները, որոնցից շատերը` ցուցադրության արժանի նմուշներ:

Հայաստանցիների ոչ լեգալ կրթօջախը

Քարագյոզյան մանկապարտեզից հեռանալուց հետո պոլսահայ ընկերուհիս` Գայանե Չալիքյանը, ասում է, որ անպայման պետք է այցելեմ Քումքապիի անլեգալ հայկական մանկապարտեզը եւ դպրոցը, որտեղ հաճախում են Թուրքիայում առանց օրինական գրանցման ապրող հայաստանցիների երեխաները: Նրանք Ստամբուլի հայկական կրթօջախներ հաճախել չեն կարող, թեեւ Թուրքիան, համաձայն գաղթականության մասին միջազգային օրենսդրության, պետք է ապահովի նրանց կրթության իրավունքը` անկախ կարգավիճակից:

Նախկինում պոլսահայերով բնակեցված Քումքապի թաղամասը վերջին տարիներին դարձել է Թուրքիա աշխատելու կամ բնակվելու մեկնած հայաստանցիների հանգրվանը: Այստեղ են կենտրոնացած Ստամբուլի տեքստիլի, կաշվեղենի եւ այլ արտադրությունների ֆաբրիկաները, այստեղ է գտնվում նաեւ Հայոց պատրիարքարանը, ուստի հասկանալի է հայաստանցիների կենտրոնացումն այս թաղամասում:

Անլեգալ մանկապարտեզը եւ 5-ամյա դպրոցը գտնվում են Ավետարանչական եկեղեցու նկուղում: Ներս ենք մտնում: Հայտնվում ենք «մինի Հայաստանում»: Սառը, դեռեւս չջեռուցվող միջանցքում վազվզող երեխաները հայերենի տարբեր շեշտադրություններով, բարբառներով են խոսում: «Մեծ մասը Հայաստանի մարզերից են,- ասում է տնօրեն, հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Հերիքնազ Ավագյանը:- Երեխաներ էլ կան, որ այստեղ են ծնվել, Հայաստանը նկարներով են ճանաչում»: Հերիքնազը Երեւանի Ավան Առինջի 180 միջն. դպրոցի նախկին ուսուցչուհի է, Թուրքիա է գնացել 2002 թ.: Նախ ծերերի է խնամել հայերի եւ թուրքերի տներում, ապա ծանոթացել է պոլսահայ ոսկերիչ Վարդանի հետ, ամուսնացել եւ վերջնականապես հաստատվել Ստամբուլում: Հերիքնազի որդին էլ է հաճախում այս դպրոց: Ժամը 5-ն է: Մի քանի ծնողներ եկել են երեխաներին տուն տանելու: Սուսան Ոսկանյանը` Վանաձորից, թոռնիկին է տանում: Նա Թուրքիայում է ապրում արդեն 15 տարի, ամբողջ ընտանիքով, իր ասելով` «ռեստավրատոր է», «Կափալի Չարշը»-ում` Մեծ շուկա, հին կարպետներ եւ այլ ձեռագործ աշխատանքներ է «վերականգնում»: Ասում է` վերադառնալու մտադրություն չունի: Բայց մտահոգվում է թոռների ապագայով, քանի որ այստեղ երեխաների ուսումը թերի է մնում, 5-րդ դասարանից հետո տղաներին ստիպված արհեստ սովորելու են ուղարկում, իսկ աղջիկները տանը ինքնակրթությամբ են զբաղվում: Նա խնդրում է Հայաստանի եւ Թուրքիայի կառավարություններին` հնարավորություն ստեղծել իրենց երեխաների համար գոնե 8-ամյա կրթություն ստանալու:

Փոքրիկ դասասենյակում, որի պատին ՀՀ նախագահի ու Ամենայն Հայոց կաթողիկոսի լուսանկարներն են, հայկական դրոշն ու գերբը, ուսուցչուհի Դոնարա Բեբուրյանն աշակերտների հետ դասապատրաստում է անում: Նա Գյումրու թիվ 1 կրթարանի նախկին ուսուցչուհիներից է, դասավանդել է 1992-2000 թթ.: Այնուհետեւ տեղափոխվել է Թուրքիա, այստեղ ապրում է ընտանիքի հետ, երկու դուստրերը եւս ուսուցչուհիներ են` անգլերենի եւ ռուսերենի, դասավանդում են նույն դպրոցում: Ասում է` անպայման Հայաստան է վերադառնալու, բայց քանի դեռ իր կարիքը կա դպրոցում, կմնա: Ուսուցումն այստեղ կազմակերպվում է ՀՀ կրթական ծրագրերով եւ դասագրքերով, որոնք տրամադրում է ԿԳՆ-ի սփյուռքի բաժինը:

2003 թ. այս դպրոցը բացվել է 7 աշակերտով, հիմա ունի 70 աշակերտ, 20 երեխա էլ հաճախում է մանկապարտեզ: Երկու փոքրիկ սենյակում տեղակայված մանկապարտեզում ընդունելությունը դադարեցված է տեղի բացակայության պատճառով, երեխաները հերթով են քնում, մի մասը` մահճակալներին, մյուսները` բազմոցներին: «Երեխաներին մանկապարտեզ բերել ցանկացողներ շատ կան, ծնողներին ձեռնտու է` երեխաները մնում են մինչեւ ժամը 7-ը` իրենց աշխատանքի ավարտը, բայց հնարավորություն չունենք: Իսկ դպրոց չընդունել չենք կարող»,-ասում է Հերիքնազ Ավագյանը: Դասասենյակներով ապահովված են 1-4-րդ դասարանները, իսկ 4-5-րդցիները դասերը պարապում են միջանցքում` վարագույրներով առանձնացված հատվածներում: Ճաշարան առայժմ չունեն, իրենց նստարանների վրա էլ երեխաները ճաշում են` ուտում են տանից բերված կամ ուսուցիչների պատվիրած սնունդը: «Կարիտաս» կազմակերպությունը խոստացել է մինչեւ տարեվերջ առանց այն էլ փոքրիկ տարածքում խոհանոց-ճաշարան կառուցել` անհրաժեշետ բոլոր պարագաներով: Օգտագործվող գույքը բերվել է Քարագյոզյան մանկապարտեզից, Հերիքնազի ասելով` Քարագյոզյանն աջակցում է` ինչով կարող է:

Դպրոցի հիմնադրման նախաձեռնությունը Պեզճեան սանոց միության անդամ Ալեքս Ուզուրօղլունն է: Նման խնդրանքով նախապես դիմել են Պատրիարքարանին: Հարցը քննարկելու համար ժողով է գումարվել, որին մասնակցել է նաեւ Հերիքնազը: Այդ ժողովը Հերիքնազին հիշեցրել է Երվանդ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունի» երգիծավեպը: Երկար ժամավաճառությունից, հիմնվելիք դպրոցի առավելություններն ու թերությունները, վտանգներն ու օգուտները քննարկելուց հետո, հաջորդ օրը Հերիքնազին հայտնել են Պատրիարքարանի բացասական պատասխանի մասին: Տնօրենի ասելով` Պատրիարքարանը, հավանաբար, չի ցանկացել խնդիրներ ունենալ թուրքական իշխանությունների հետ: Հետո օգնության ձեռք է մեկնել Ավետարանչական եկեղեցու առաջնորդ Գրիգոր Պատվելի Աղաբաբյանը: Հերիքնազի` «չե՞ք վախենում» հարցին Պատվելին պատասխանել է. «Ասոնք հայ մանուկներ են…»: Թուրքական իշխանությունները գիտեն անլեգալ դպրոցի գոյության մասին, բայց երբեւէ չեն անհանգստացրել:

Եկեղեցու նկուղը դպրոցին անվճար է տրամադրվել, սակայն ծնողները ամսական 60 դոլար են վճարում ուսման ծախսերը հոգալու համար: Դպրոցը չի վճարում նաեւ օգտագործած էլեկտրաէներգիայի եւ ջրի համար, քանի որ Թուրքիայում եկեղեցիներն ընդհանրապես ազատված են այդ վճարներից: Եթե անգամ դպրոցի գույքի հարցերը լուծվեն, ապա հիմնական` տեղի խնդիրը կմնա: Հայաստանից Թուրքիա աշխատելու կամ բնակվելու գնացողների թիվը, Հերիքնազի վկայությամբ, օրեցօր ավելանում է, ուստի դպրոցի ընդլայնումը (ոչ միայն տեղի, այլեւ ավագ դասարանների բացման իմաստով) եւ օրինականացումը հրամայական է: Ավետարանչական եկեղեցու առաջնորդ Գրիգոր Պատվելին ծրագիր ունի եկեղեցուն պատկանող հողի վրա, որը դատական կարգով ետ է ստացել, դպրոց կառուցել, բայց թուրքական կառավարությունը շինարարության թույլտվություն չի տալիս:

Պոլսահայ ընկերուհիս ասում է, որ մի շարք արդեն փակված հայկական վարժարանների շենքերը դատարկ են եւ կարող էին տրամադրվել այս դպրոցին, եթե Հայ Առաքելական եկեղեցին եւ համայնքը պատասխանատվություն ստանձնեին. «Այս գործը պոլսահայ համայնքը պիտի աներ, բայց, ինչպես միշտ, հայաստանցին ինքը իր գլխի ճարը տեսավ»:

Հասկանում եմ, թե ինչու ընկերուհիս առաջարկեց տեսնել երկու կրթարանները: Երկու իրականությունների համեմատությունը հանգեցնում է այն մտքին, որ ինչպես շատ գաղթօջախներում, հայաստանցիները չեն ինտեգրվում ավանդական հայ համայնքին եւ իրենց իրականությունն են ստեղծում:

Հ.Գ. Սեպտեմբերի 14-ին Եվրադատարանը բավարարել է Հ. Դինքի ընտանիքի գումարային պահանջը` Թուրքիային պարտավորեցնելով վճարել 105 հազար եվրո: Հրանտի կինը` Ռաքել Դինքը, հայտարարել է, որ այդ գումարի մի մասը տրվելու է այս դպրոցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter