HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լարված մթնոլորտ և հարուցված քրեական գործ՝ Բուսաբանության ինստիտուտում

Գիտությունների ազգային ակադեմիայի Ա․Լ․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում վերջին ամիսներին մթնոլորտը թեժացել է։ Ինստիտուտի Կարգաբանության բաժնի աշխատակից, կենսաբանական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող Մերինե Սարգսյանի՝ գլխավոր դատախազին հուլիսի 22-ին ուղարկած դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունը մեզ հայտնեց, որ քրեական գործը հարուցվել է այս տարվա օգոգստոսի 6-ին Քրեական օրենսգրքի երկու՝ 309 և 314-րդ հոդվածներով, դրանք են՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը և պաշտոնեական կեղծիքը։ Սակայն առայժմ կարգավիճակ ունեցող անձինք չկան։

Մերինե Սարգսյանը բուսաբանության ինստիտուտում աուդիտ անցկացնելու և ինստիտուտի ֆինանսական միջոցները նպատակային չծախսելու հանգամանքները պարզելու խնդրանքով դիմել է դատախազություն։ Նա կասկածներ է ունեցել, որ այգու մուտքավճարները և վարձակալությամբ տրված տարածքների վարձավճարները մուտք չեն եղել ինստիտուտի բյուջե, եղել են գրանցված աշխատակիցներ, որոնք չեն հաճախել աշխատանքի, բայց նրանց անունից աշխատավարձեր են դուրս գրվել։

«Օրինակ՝ ոմն վարորդ՝ Համլետի անունով, որին մենք չենք էլ ճանաչում։ Տնօրենն ինքն է մեքենան վարել»,- մեզ հետ զրույցում պատմում է Մերինե Սարգսյանը։

Մերինե Սարգսյանը ինստիտուտում կատարվածը վերագրում է արդեն նախկին տնօրեն Ժիրայր Վարդանյանի ժամանակաշրջանի կառավարմանը։ Ժիրայր Վարդանյանը Բուսաբանության ինստիտուտը ղեկավարել է 2006 թվականից մինչև 2019թ․ փետրվարը։ Դրանից հետո տնօրեն է ընտրվել Անահիտ Ղուկասյանը։

Բուսաբանության այգին ինստիտուտի կազմում ընդգրկված գիտական, էկոկրթական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակության հաստատություն է, որի գործունեության հիմնական նպատակն է երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջաններից բարձր գեղազարդ և տնտեսապես արժեքավոր բուսատեսակների ներմուծումը, ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծումը, էկոլոգիական նոր պայմաններին դրանց հարմարողականության բացահայտումը, առավել հարմարված տեսակները քաղաքների և բնակավայրերի կանաչապատման մեջ ներդրումը։

Ինստիտուտի աշխատակիցը կարծում է, որ ոչ մի էական աշխատանք չի կատարվել ինստիտուտի շինություններն ու այգին բարեկարգելու կամ կարգի բերելու համար։ Օրինակ՝ կարգաբանության շենքը վերանորոգման կարիք ունի, մինչդեռ ղեկավարությունը մշտապես ասում է, որ միջոցներ չունի։ Նույն վիճակում են նաև այլ մասնաշենքեր։ Քանդվել և որպես մետաղական ջարդոններ վաճառվել են հումքի լաբորատորիայի և հին ջերմատների սարքավորումները։  

 «Լուսանկարել եմ նոյեմբեր ամսվա աշխատակիցների հաճախելիության մատյանի երկու էջերը, որտեղ աշխատանքի հաճախած աշխատակիցների ստորագրությունները մարկերով ջնջվել է, վրան Գ տառն է գրվել, այսինքն՝ գործուղում։ Ակնհայտ է, որ նոյեմբերին բույսերի վեգետացիայի ավարտից հետո դաշտ չենք գնում։ Վարդանյանը և Ֆայվուշը (ինստիտուտի գիտաշխատող Գեորգի Ֆայֆուշ) ստիպում են այդ երեք աշխատակիցներին սուտ ցուցմունքներ տալ քննիչին, իբր գնացել են գործուղման»,- պատմում է Մերինե Սարգսյանը։

Գործուղում չգնացած, բայց հրամանով իրենց անուններով գումար դուրս գրված երեք աշխատակիցները, ըստ Սարգսյանի, վախենում են ասել քննիչներին, որ չեն գնացել գործուղում, որովհետև Ժիրայր Վարդանյանը կարող է պատժել և թեկնածուական թեզերի ժամանակ տապալել նրանց պաշտպանությունը, քանի որ նա ինստիտուտում դեռ աշխատում է և նախագահում է մասնագիտական խորհուրդը։ 

Ինստիտուտի գիտաշխատողն ասում է, որ ինստիտուտում գումարներ չեն մտել, որովհետև տնօրենն իր հիմնադրած կազմակերպության միջոցով է դրամաշնորհային ծրագրերն իրականացրել։ Մասնավորապես, Ժիրայր Վարդանյանը, պաշտոնավարման հաջորդ տարվանից՝ 2007-ին, հիմնադրել է «Կենսաբազմազանության և լանդշաֆտների պահպանության միավորում» ՀԿ-ն, որի միջոցով էլ Բուսաբանական ինստիտուտում ծրագրեր է իրականացրել։ Մինչդեռ Բուսաբանության ինստիտուտն իր ենթակառուցվածքային կազմակերպություններն ունի՝ «Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ-ն, որի միջոցով կարելի էր իրականացնել նույն ծրագրերը։

Օրինակ՝ 5-րդ ազգային զեկույցի (2014թ․)  պատրաստմանը մասնակցել է ինստիտուտի 4 աշխատակից՝ ինստիտուտի այդ ժամանակվա տնօրեն Ժիրայր  Վարդանյանը,  Տատյանա Դանիելյանը, Գեորգի Ֆայվուշը և ներկայիս տնօրեն Անահիտ Ղուկասյանը։ Բոլորն էլ ներկայացրել են «Կենսաբազմազանության և լանդշաֆտների պահպանության միավորում» ՀԿ-ն։ Մինչդեռ Ազգային զեկույցի մասնակից մի շարք այլ գիտնականներ հենց ԳԱԱ ինստիտուտներն են ներկայացրել։ Ինչու, ուրեմն, ինստիտուտը չէր կարող ինքնուրույն ներկայանալ կամ իր ՀԿ-ի միջոցով։

ՀԿ-ն, գրեթե նույն անձնակազմի մասնակցությամբ, 2016թ-ին պատրաստել է նաև Հայաստանում բարձր բնապահպանական արժեք ունեցող անտառների ընտրության և առանձնացման գործնական ուղեցույց։

Կասկածների տեղիք է տվել նաև Բուսաբանական այգու տարածքում վարդանոցի վերականգնումը, որի համար Շվեյցարիայի դեսպանությունը ինստիտուտին 6000 եվրո էր հատկացրել։ «Այդ գումարով գնվել է միայն 3 մեքենա ավազ, մնացած գումարը յուրացվել է։ Խողովակները բերվել են այգու այլ հատվածներից, վարդի տնկիները որպես նվիրատվություն բերվել է Պյատիգորսկից և այլ նվիրատուներից, բանվորական աշխատուժ չի վարձվել, աշխատել են այգու բանվորներ», - հայտնում է Մերինե Սարգսյանը։

Այգու տարածքը չնչին վարձավճարներով են տրամադրվել իրավաբանական և ֆիզիկական անձանց։ Մասնավորապես, այգու տարածքում 3 վարձակալ կա։  Շինանյութերի և սանտեխնիկայի խանութների ցանց «Լևո գրուպ»-ը տարիներ շարունակ 50 հազար դրամ է վճարել, և միայն անցյալ տարի ընկերության վարձավճարը բարձրացվել է 120 հազար դրամ։ «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն ևս տարածք է վարձակալել, սակայն 2018թ․ երկրորդ կեսից վճարումներ չի կատարում, քանի որ սնանկ է ճանաչվել։ Հեծանիվների վարձակալության տրամադրելու համար ևս տարածք է հատկացվել, որի դիմաց տարեկան 150 հազար դրամ է գանձվում։

Մերինե Սարգսյանը նույնպես 2006 թվականից է ինստիտուտում աշխատում։ Ասում է, որ սրտացավ է ինստիտուտի և այգու համար և որոշել է բարձրաձայնել այդ ամենի մասին։ Մինչդեռ իր մտահոգությունները ինստիտուտում սխալ են ընկալվում և մեկնաբանվում, ինչի հետևանքով իր նկատմամբ սկսվել է հալածանք, բարոյահոգեբանական ճնշումներ, և իրեն սկսել են «ստուկաչ» և «դանոշչիկ» անվանել։

Ավելին, ինստիտուտի նախկին տնօրեն Ժիրայր Վարդանյանի կինը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Ալվարդ Հունանյանը, երկու անգամ զանգահարել է իրեն և «մեղմորեն» սպառնալիքներ հնչեցրել։ 

«Տիկին Ալվարդն այս տարվա հուլիսին զանգել էր ինձ, պախարակում էր, թե ինչ վատ բան եմ արել։ Հետո ասաց, որ չեմ պատկերացնում, թե ինչ հոգեբանական ճնշումների կենթարկվեմ, բայց կարող էի մնալ ու դոկտորականս պաշտպանել։ Հաջորդ օրն էլ զանգեց ու ասում էր, որ գնամ դիմումս հետ վերցնեմ։ Ասում էր՝ երեխաներ ունես։ Բա դա սպառնալիք չի՞»,-պատմում է Մերինե Սարգսյանը։

Բուսաբանության ինստիտուտի ներկայիս տնօրեն Անահիտ Ղուկասյանը մեզ հետ զրույցում նախկին տնօրենի օրոք կատարված հնարավոր կեղծիքների մասին հարցերը շրջանցում էր՝ նշելով, որ դրանցից ինքը տեղյակ չէ, քանի որ դեռ մեկ տարի չկա, ինչ պաշտոնավարում է։ Նա նաև փորձում էր մեղմել իրավիճակը։  

«Անառողջ մթնոլորտ չկա, Մերիին բոլորս սիրում ենք,- ասում է Աննա Ղուկասյանը։ Ավելացնում է, որ Մերին իրենց լավագույն մասնագետներից է, և ոչ ոք նրան ոչինչ անել չի կարող, պարզապես սպասում են, որ նա կհանգստանա։ «Մենք կշարունակենք մեր գործը, ոչ թե կպայքարենք»,- հավելում է Անահիտ Ղուկասյանը։

Տնօրեն Ղուկասյանը նշում է, որ իրավիճակն այնպիսն է, որ ինստիտուտը պահելն իրականում շատ դժվար է, և նորոգումների համար գումար չի մնում։ Եվ այս պայմաններում ևս մեկ խնդիր առաջ բերել չարժեր, քանի որ առանց այն էլ ինստիտուտը դժվարությամբ է գոյատևում։ Քրեական գործը նոր գլխացավանքներ է առաջացրել, նոր ստուգումների առիթ տվել, ինչը բարդացնում է նաև իրենց աշխատանքը։

«Ես չգիտեմ էն ժամանակ, ես հիմա իմ պրոբլեմներն եմ ասում։ Էդ մարդը 10 տարի պահել է էս ինստիտուտը՝ վատ-լավ, բայց պահել է։ Եթե Մերին տեսներ ինչ վիճակում էր էս շենքը առաջ․․․ մենք բոլոր բույսերը բերում էինք դահլիճ, ջրում էինք էնտեղ, ձմեռը պահում էինք, հետո հետ էինք տանում։ Ինչ-որ բաներ վերականգնել է, բայց ամեն ինչ հնարավոր չի վերականգնել»,- ասում է Անահիտ Ղուկասյանը։

Ինստիտուտի ողջ բյուջեն 130 մլն դրամ է, իսկ բյուջեի 85 տոկոսը միայն աշխատավարձերին է բավարարում։ Ամենաբանուկ սեզոնին 90 աշխատող են ունենում, իսկ մշտական անձնակազմը 70-ից ավելի է լինում, որից 46-ը գիտաշխատողներ են, մնացածը՝ վարչական անձնակազմ և 20 բանվոր։  Ինստիտուտի բյուջեի մնացյալ 15 տոկոսով պետք է կարողանան պահել, զարգացնել բուսաբանական այգիները Երևանում, Վանաձորում և Սևանում, նույն այգիներում առկա  շինությունները։

«Այստեղ աշխատում են մենակ նրանք, ովքեր սիրում են բուսաբանական այգին, նվիրված են ինստիտուտին, 30 տարի է աշխատում ենք, ով դուրս չի եկել, սիրում է այգին, որովհետև ծիծաղելի են մեր աշխատավարձերը, գիտությունների դոկտորը կարող է ստանալ 130-160 հազար դրամ, որը հանճար է։ Բոլորը էնտուզիաստ են, բանվորները սիրում են բույսը, դրա համար են աշխատում»,- նկատում է տնօրենը։

Անահիտ Ղուկասյանն ասում է, որ ոռոգման ողջ ցանցը պետք է վերանորոգվի, երեկ նամակ են ստացել Հրդեհային անվտանգության տեսչական մարմնից և հստակ առաջադրված կետեր կան, որոնք պետք է կատարել, այլապես կտուգանվեն, բայց որոնց համար նաև գումար է անհրաժեշտ։

Այս տարի ԳԱԱ-ն գումար է տրամադրել 2 հա-ում կաթիլային ոռոգման համակարգ անցկացնելու համար, որը 80 հա-ի պարագայում չնչին տոկոս է կազմում։ «Այգուն ինչքան էլ տան, քիչ է, բա տանիքները, հերբարիումի պատուհանները, կոյուղի ընդհանրապես գոյություն չունի»,- նշում է տնօրենը։

Այնուհանդերձ, Բուսաբանական այգու արտաբյուջեում այս տարի 2-3 անգամ ավելի մուտքեր են եղել մուտքավճարներից, որովհետև դարպասները, ծակ ու ծուկը փակել են, որ տարբեր տեղերից մարդիկ այլևս չմտնեն տարածք։ Նոր մուտք է բացվել նաև Ծարավ-Աղբյուր փողոցից, որտեղից սկսել են աբոնոմենտային մուտքի տոմսեր տրամադրել նորաստեղծ թաղամասի բնակիչներին։

Այս տարի 2 մլն դրամի տնկանյութ է վաճառվել, բարերարները գնել և տնկել են տնկանյութերը թե այգու տարածքում, թե այլ վայրերում։

Անդրադառնալով հնարավոր կեղծ գործուղումներին և գրանցված, բայց աշխատանքի չեկող աշխատակիցներին, տնօրեն Ղուկասյանը հստակ պատասխանում է․«Ես չեմ կարող ասել էն ժամանակ ինչպես էր, իմ ժամանակ նման բաներ չենք արել։  Անձամբ ես տենց մարդիկ չգիտեմ,  մեզ միշտ Վերահսկիչը ստուգել է, միշտ շնորհակալություն է հայտնել, որ մեռած հոգիներ մենք չենք ունեցել»։ 

Ժիրայր Վարդանյանը մեր այցելության օրը Բուսաբանական այգում չէր, տնօրենը տեղեկացրեց, որ գործուղման է մեկնել Եղեգնաձոր։ Նրա հետ կապ հաստատել հաջողվեց հեռախոսով։ Սակայն Ժ․Վարդանյանը չցանկացավ մեր հարցերին պատասխանել, քանի որ քննչական գործընթաց է իրականացվում։

«Ճիշտ չէ՞, որ կոլեկտիվի հետ մի քիչ հանդիպեք, շփվեք, ընդհանուր տրամադրությունները, ոչ թե մի կետից ստանաք․․․մի գուցե մի քիչ շփվեք, հետո հանդիպենք»,-ասաց Ժ․ Վարդանյանը։

Վարդանյանը նշեց, որ լուռ ու համբերությամբ սպասում է քննության ավարտին, մեզ նույնպես հորդորեց մինչ ավարտը ձեռնպահ մնալ որևէ հրապարակումից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter